Եթե Ախալքալաքի 2016 թվականի բյուջեում նախատեսված էր եռամսյակը մեկ պարգևավճար հատկացնել շրջանային իշխանության աշխատողներին, ապա 2017թ.-ին, նրանք պարգևավճար կստանան միայն մեկ անգամ` Նոր տարվան մոտ:
Տնտեսական ճգնաժամը անդրադարձել է նաև Ախալքալաքի շրջանի տեղական բյուջեի աշխատավարձի ֆոնդին: Ճիշտ է պետաշխատողների աշխատավարձի ֆոնդը չի կրճատվել, սակայն խնայողությունը կիրականացվի պարգևավճարների հաշվին:
2016 թվականին Ախալքալաքի Շրջանային վարչությունը աշխատավարձերի վրա ծախսել է 1 078 400 լարի, և իր աշխատողների համար հատկացրել է 352 800 լարի պարգևավճար: Շրջանային ժողովում անցյալ տարի ստացել են աշխատավարձ` 366 300 լարի գումարի չափով և 146 000 լարի պարգևավճար: Զինծառայությունը ստացել է 53 700 լարի աշխատավարձի տեսքով և 17 900 լարի պարգևավճար:
«Ըստ 2017 թ.-ի Պետբյուջեի օրինագծի Քաղաքապետարաններին հանձնարարվել էր համապատասխան միջոցներ ձեռնարկել, որ 2017թ.-ի բյուջեում կրճատվեր բյուջետային կազմակերպությունների ֆինանսավորումը, վարչական/շահագործման ծախսերը (ծախսերի տնտեսագիտական դասակարգման գլխավոր կերպով) վարձատրություն, ապրանքներ և ծառայություններ», – ասվում է Ախալքալաքի Շրջանային վարչության պարգևավճարների կրճատման վերաբերյալ մեր հարցերին տրված պատասխանում:
Ախալքալաքի Շրջանային վարչությունը 2017 թ.-ին իր աշխատակիցների աշխատավարձերի համար հատկացրել է 1 138 100 լարի, իսկ պարգևավճար` 150 000 լարի: Սակրեբուլոյում (Շրջանային ժողովում) բյուջեի համաձայն կստանան 367 000 լարի աշխատավարձ և 73 000 լարի պարգևավճար: Զինծառայության աշխատավարձի ֆոնդը` 53 700 լարի է, իսկ պարգևավճարը` 6000 լարի:
Ըստ Ախալքալաքի Շրջանային վարչության տեղեկատվության, ում շնորհել պարգևավճար որոշում են հաստատության ղեկավարը, իսկ պարգևավճարի գումարը, սահմանված է ամսական աշխատավարձի չափով: Նշենք, որ Շրջանային վարչության շարքային պաշտոնյայի նվազագույն աշխատավարձը 540 լարի է, ծառայությունների ղեկավարները ստանում են 810 լարի, իսկ գամգեբելին՝ 2600 լարի:
Քրիստինե Մարաբյան