Վրաստանը հավատարիմ է մնում եվրաինտեգրման նպատակին,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարի խոսքով, Վրաստանի կառավարությունը բոլոր գործնական քայլերը կձեռնարկի Եվրամիությանը Վրաստանի անդամակցության համար մինչև 2030 թվականը։
«Մենք ասացինք, որ մեր կողմից օրակարգից հանում ենք այս հարցն առաջիկա չորս տարիների համար։ Երկու տարի շարունակ թեկնածուի կարգավիճակն օգտագործվել է որպես շանտաժի գործիք: Աղետալի էր այն, ինչ կատարվեց մեր երկրի հետ, երբ մեզ ամենաշատը պետք էր երկրում հանգստություն՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկի ժամանակ։ Հենց այդ ժամանակ սկսեցին շանտաժի ենթարկել մեր երկրին թեկնածուի կարգավիճակով, և դա շարունակվեց գրեթե երկու տարի՝ 2022 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի դեկտեմբերը մեզ շանտաժի ենթարկեցին թեկնածուի կարգավիճակով։ Հետո շանտաժի այս գործիքը սպառվեց, մեզ թեկնածուի կարգավիճակ տվեցին, և նրանք սկսեցին շանտաժը՝ արդեն բանակցությունների մեկնարկով։ Սա շարունակվում է արդեն երեք տարի և արհեստական գործիք է, որով փորձում են պառակտել հասարակությունը և մեծացնել բևեռացումն ու արմատականությունը։
Այս ամենին պետք է վերջ տրվի: Ուստի մենք մի պարզ բան ենք ասում՝ թող շանտաժը դադարի։ Եթե ուզում են բացել բանակցությունները, թող դա դնեն սեղանին, և ես հենց այսօր էլ կստորագրեմ։ Մենք հայտարարում ենք մեկ բան՝ մեր կողմից առաջիկա չորս տարիների ընթացքում այդ հարցը չի բարձրացվի օրակարգ, որպեսզի ոչ ոք դա չկարողանա օգտագործել որպես շանտաժի գործիք»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։