Ախալքալաքում օրերս տեղացած ձյունը դժվարացրել է հետիոտների ու մեքենաների տեղաշարժը: Քաղաքի շատ փողոցներ մաքրված չեն, ինչը դժվարություններ է ստեղծում երթևեկության համար։ Ախալքալաքի սպասարկման կենտրոնն աշխատում է կենտրոնական փողոցների մայթերի մաքրմամբ, իսկ «ՋավախԱվտո Գզա» ընկերությունը, քաղաքապետարանի ցուցումով, զբաղվում է կենտրոնական փողոցների ու գյուղական ճանապարհների մաքրմամբ։ Քաղաքի բնակիչները խոսում են մաքրման պատճառած կամ չմաքրելուց առաջացած
անհարմարությունների մասին։

Jnews-ը քաղաքացիներից բողոքներ է ստացել ձնոտ ու մերկասառույց ճանապարհների ու մայթերի վերաբերյալ։ Քիչ երթևեկությամբ փողոցներում, որտեղ ձյունը չի մաքրվել, ձևավորվել են խորը ձնե ոլորաններ, որոնց միջով ցածր մեքենաները չեն կարող անցնել առանց վնասվելու: Մաքրված փողոցներում ձյունը պարզապես քշվում է կողքի, դժվարացնելով հետիոտների տեղաշարժը։

«Փողոցով քայլելիս չգիտես դիմացդ նայես թե ոտքերիդ տակ, որ չընկնես, ուր են նայում մեր պատասխանատու ծառայություններն, ամեն տարի նույն խնդիրն է, արդեն հոգնել ենք»,- դժգոհում է անցորդներից մեկը։

Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի խոսքով, իրենք անում են այնքան, ինչքան կարող են։

«Մաքրում ենք մայթերը, քաղաքի դպրոցներ տանող ճանապարհները, բացառությամբ թիվ 5 (գիշերօթիկ) դպրոցի, կենտրոնական զբոսայգու, Սակրեբուլոյի և Քաղաքապետարանի բակը: Մայթերը, եթե հնարավոր է, մենք մաքրում ենք: Ձյան տակ սառույց է, մայթը հնարավոր չէ մաքրել, եթե Bobcat-ով մաքրեմ, սալարկը կփչացնեմ»,- ասում է Մխիթար Ռստակյանը։

Ախալքալաքի սպասարկման կենտրոնն ունի երկու միավոր ձյուն մաքրող տեխնիկա։

Գյուղական ճանապարհները, ինչպես նաև Ախալքալաքի կենտրոնական փողոցները, ըստ պայմանագրի, պետք է մաքրի «ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ն։

Ընկերությունը մաքրել է կենտրոնական փողոցների ձյունը, հրելով ձյունը ճանապարհի երկու կողմերը։ Արդյունքում, Ջավախեթյան փողոցում բազմաթիվ մեքենաներ «գերի» են ընկել ծանր ձյան, մեծ, պինդ ձյունաթմբերի մեջ, քանի որ մինչ մաքրումը ռեակտիվ է շաղ տրվել ձյան վրա։ Jnews-ը բողոք է ստացել Ջավախեթյան փողոցի բնակիչներից, որ փողոցները մաքրելիս արգելափակվել են իրենց ավտոտնակներն ու տների մուտքերը։

«ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ի տնօրեն Սանդրո Ինասարիձեն այս հարցը մեկնաբանեց այսպես.

«Ջավախեթյան փողոցում ճանապարհը մաքրել ենք, ձյուն չկա, եթե ավտոտնակի մոտ ձյուն է կուտակվել, թող բնակիչներն իրենք բարի լինեն ու բահով մաքրեն, այդ փողոցը նեղ է, մեծ գրեյդեր այնտեղ չենք կարող օգտագործել, կարող ենք վնասել տների մոտ կայանված մեքենաները»,- ասաց նա։

Իսկ հարցին, թե ինչու չեն մաքրվել այն փողոցները, որոնք ըստ պայմանագրի պետք է մաքրվեն, նա ասաց հետեւյալը.

«Ամեն անգամ մեզ ցուցումներ ու ուղղություն տալիս են քաղաքապետարանից, զանգահարում և ասում են, որ այնտեղ օգնություն է պետք: Առանց քաղաքապետարանի հատուկ հանձնարարականի, մենք չենք մաքրում բոլոր այն փողոցները, որոնք կան պայմանագրում», – ասաց Սանդրո Ինասարիձեն։