Գյուղատնտեսական տարվա ավարտին Jnews-ը գյուղացիներից հետաքրքրվեց Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի վաճառքի մասին։ Պարզվեց, որ Ջավախքի հիմնական բանջարեղենի՝ կարտոֆիլի գնորդների թիվը գնալով նվազում է, գինն իջնում է, բայց հողագործները չեն ցանկանում էժան վաճառել և կրկին հայտնվել են ծանր վիճակում։

Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքատվությունը լավ է, և ֆերմերները մեծ վաճառքի հույս ունեին։ Սակայն եղանակը տհաճ անակնկալ մատուցեց, սառնամանիքներն ու աշխատուժի պակասը խանգարեցին ժամանակին հավաքմանը։ Արդյունքում կարտոֆիլի մի մասը սառեց, որոշ ֆերմերներ չհասցրին ամբողջ բերքը հավաքել, իսկ նրանք ովքեր բերքը հավաքեցին հիմա տեսակավորում են այն ու դեն են նետում ցրտահարված պալարները։ Բացի այդ, կարտոֆիլի գինը սպասվածից ցածր է։

«Իրավիճակը սարսափելի է, գնորդները գներն իջեցնում են մինչև 40-45 թեթրի, Նինոծմինդայում գներն ավելի ցածր են, ուստի բոլոր գնորդները գնում են այնտեղ։ Բերքի կեսը ցրտահարված է, մյուս կեսը փտած, մարդիկ թափում են։ Ես վաճառել եմ, սակայն հիմա չեմ վաճառում, էժան չեմ վաճառի, վերջին անգամ 70 թեթրիով եմ վաճառել: Հավաքողներին վճարել եմ 100 լարի, բեռնիչներին 120 լարի, ծախսվել եմ տեսակավորման վրա։ Նրանք, ովքեր էժան են վաճառում, չեն հասկանում, թե ինչ են անում։ Այս տարի ոչ մի ֆերմեր շահույթ չունի»,- ասում է ֆերմեր Եղիշ Աղաջանյանը։

Ֆերմերները դժգոհ են գներից, բայց վաճառում են, քանի որ մոտենում է տարեվերջը, և նրանք պետք է փակեն վարկերն ու աշխատողների գումարները: Վաճառքը հետաձգելը ռիսկային է, և նրանք ընտրում են չարիքներից փոքրագույնը:

Վարազդատ Սալվարյանն ասում է, որ ֆերմերները վաճառում են, քանի որ այլ ելք չունեն:

«Գնորդներ կան, 50-55 թեթրի գինը ամենալավը չէ, բայց ես, միևնույն է, վաճառում եմ: Օր օրի գնորդներն ավելի քչանում են, պահման, պահեստների հետ կապված խնդիր կա: Սառեցված կարտոֆիլը շատ է, շատերը չեն հավաքել իրենց բերքը, ես էլ 48 հար կարտոֆիլ թողել եմ, փորել եմ, բայց չեմ հավաքել, հավաքելն իմաստ չուներ»,- ասում է Վարազդատ Սալվարյանը։

Վարազդատ Սալվարյանի խոսքով, Դիլիսկա գյուղում մոտ 5 հա կարտոֆիլի ցանքատարածություն ցրտահարության պատճառով մնացել է անհավաք։

Կարծախ գյուղում 20 օր է կարտոֆիլի գնողներ չեն եղել: Գաբրիել Կարապետյանի խոսքով, Կարծախ գյուղի ֆերմերների բերքի 70 տոկոսը ցրտահարվել է:

«Գինը 50-55 թեթրի է, այն էլ գնորդներ չկան, գյուղացիները ցրտահարված բերքը թողել են դաշտում, իսկ ովքեր պահեստներ են բերել, հիմա դուրս են թափում այնտեղից, միշտ չէ, որ անմիջապես նկատում ես, որ կարտոֆիլը ցրտահարված է: Այս տարի աշխատուժը թանկ է եղել, իսկ գինը մնում է նույնը, կամ նույնիսկ ավելի էժան, ոչ ոք չի հաշվում շահույթն ու ծախսը»,- ասում է Գաբրիելը։

Հրաչ Մովսեսյանի խոսքով, ճանապարհի ասֆալտապատումից հետո գնորդներն արդեն գալիս են Խավեթ գյուղ: Մենք գնել ենք 50 թեթրիով, բայց հիմա, երբ եղանակը վատացել է, դեռ գնորդներ չկան։

«Ճանապարհի վերականգնումն իր ազդեցությունն ունեցավ, Խավեթ գյուղից 50 թեթրիով տարել են 10 բեռնատար կարտոֆիլ, հիմա տեսնենք, թե ձյունից հետո ինչպես կլինի: Ցրտահարված կարտոֆիլը քիչ էր, մենք հասցրեցինք հավաքել»,- ասաց Հրաչ Մովսեսյան։

Ենոք Բաբաջանյանն ասում է, որ գնորդները գալիս են Մուրջախեթ գյուղ, բայց տալիս են 50 թեթրի, ինչը ձեռնտու չէ հողագործների մեծամասնությանը։

«Գյուղում մենք հասցրեցինք բերքը հավաքել, ցրտահարության խնդիր ունեին միայն նրանք, ում դաշտերը շատ հեռու էին, այդպիսիք շատ չեն: Ես հասցրեցի հավաքել։ Վաճառել եմ 35 տոննա, մոտ 30 տոննա դեռ կա։ Գինը ինձ չի գոհացնում, ուստի չեմ վաճառում։ Ես ուզում եմ վաճառել գոնե 70 թեթրիով։ Քանի որ այս տարի բերքը լավ էր, ես հաշվարկեցի իմ հնարավորությունները, հետևաբար վաճառեցի դաշտից։ Ընդհանրապես, կարծում եմ, որ եթե գնորդ կա, դաշտից վաճառելը միշտ ձեռնտու է»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։

Այժմ Ախալքալաքի կարտոֆիլի հիմնական գնորդները մեծածախ վերավաճառողներն են, որոնք արտահանում են Ռուսաստան և Ադրբեջան, բայց նրանք գնում են էժան՝ 50-55 թեթրիով։ Տեղացի որոշ ֆերմերներ իրենք են տանում Թբիլիսի և այնտեղ վաճառում: Այնտեղ նրանք կարող են վաճառել 90 թեթրիով, բայց հաշվի առնելով տրանսպորտավորման ու կացության ծախսերը դա էլ ձեռնտու չի լինում։