«Ռուսնե՛ր, ստրուկնե՛ր», այսպիսի վանկարկումներով են ցուցարարները միանում բողոքի ալիքին: Այս պահին բողոքի ցույցեր են ընթանում Թբիլիսիում, Քութաիսիում, Զուգդիդիում և Բաթումիում։ Վրաստանի քաղաքացիները դուրս են եկել փողոց, այդպես արտահայտելով իրենց բողոքը կառավարության հայտարարություններին։
«Վրացական երազանքը» կասեցնում է Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով, իրենք մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չեն մտցնի Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը, ինչպես նաև կհրաժարվեն Եվրամիության կողմից ցանկացած դրամաշնորհից մինչև 2028 թվականի ավարտ։
Կոբախիձեի հայտարարությունից հետո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր գոհունակությունն է հայտնել Վրաստանում իշխող կուսակցությանը:
«Ինձ զարմացնում է այն համարձակությունը, որով Վրաստանի կառավարությունը պաշտպանում է իր դիրքորոշումը»,- ասել է Պուտինը:
Այս հայտարարություններին հետևել է քաղաքացնիների զանգվածային բողոքի ակցիան։ Ցուցարարները հավաքվել են «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ և Ռուսաթավելիի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ: Այս պահին «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ հավաքված քաղաքացիները միացել են խորհրդարանի դիմաց շարունակվող բողոքի ակցիային։ Երթևեկությունը կաթվածահար է, ցուցարարները փակել են խորհրդարանի հարակից տարածքը:
Ակցիայի մասնակիցները կոչ են անում բոլորին համարձակություն գտնել և միանալ իրենց:
Հիշեցնենք, որ Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածն արտահայտում է երկրի ցանկությունը՝ միանալու եվրոպական և եվրատլանտյան կառույցներին և պարտավորեցնում է բոլոր սահմանադրական մարմիններին «ձեռնարկել բոլոր միջոցները» Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան կազմակերպությանը Վրաստանի լիարժեք ինտեգրման համար։