Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Թբիլիսիի Ազատության հրապարակից մեկնարկել էր կանանց երթը, որի մասնակիցները շարժվել են դեպի Իվանիշվիլիի ապակե պալատ։ Կանայք իրենց ճամպրուկները թողել են Բիձինա Իվանիշվիլիի ապակե պալատում, որպես բռնի արտագաղթի խորհրդանիշ։
«Բիձինա գնա, ես մնում եմ»․ այս կարգախոսով և ճամպրուկներով են կանայք մասնակցել բողոքի երթին։ Վրաստանի կանայք այսպես են արձագանքել՝ իշխանությանը չսիրողները կարող են գնալ արտերկիր, Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությանը։
«Եթե ինչ-որ մեկը պետք է հեռանա Վրաստանից, դա Պուտինի տեր Իվանիշվիլին է, մենք այստեղ ենք մնում»։
«Իվանիշվիլին մեզ որպես միակ այլընտրանք առաջարկում է արտագաղթը։ Մենք ոչ մի տեղ չենք պատրաստվում գնալ, և եթե որևէ մեկը պետք է հեռանա այս երկրից, դա Իվանիշվիլին է և նրա օլիգարխիկ իշխանությունը։ Իվանիշվիլին մեր երկիրն ու մեր հայրենիքը բերել է փակուղային իրավիճակի, որից միայն մեկ ելք կա՝ փոփոխությունների շարժում։ Եթե «Վրացական երազանքը» ինչ-որ բան է ուզում, դա այս շարժման ու ոգու ճնշումն է։ Դրա համար մենք Իվանիշվիլիին կասենք, որ այս շարժումը չի դադարի, մենք չենք պատրաստվում հեռանալ»,- նշել են երթի մասնակիցները։
Բողոքի ակցիային մասնակցող կանայք խոսել են նաև բռնի արտագաղթի մասին, որն ըստ նրանց ոչ մի կնոջ ընտրություն չէ։
Բացի կանանց երթից, այսօր՝ ժամը 17:00-ին, Իլիայի անվան պետական համալսարանից դասախոսներն ու մանկավարժները երթով գնացել են դեպի Իվանե Ջավախիշվիլիի անվան համալսարան։
Ժամը 21:00-ին Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքը։ Հանրահավաքի ավարտին մարդիկ շարժվելու են դեպի խորհրդարանի շենք և գիշերելու են այնտեղ։
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 09:00-ին, խորհրդարանի հետևի մուտքի մոտ տեղի կունենա «Վերադարձրեք քվեն» ակցիան։
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 25-ին «Վրացական երազանքը» նախատեսում է անցկացնել խորհրդարանի առաջին նիստը և հայտարարել իր լիազորությունների մասին։ Ընտրություններին մասնակցած ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկը չի ճանաչում խորհրդարանի լեգիտիմությունը։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և 34 պատգամավորներ բողոքարկել են ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում։ Սահմանադրականների կարծիքով՝ քանի դեռ դատարանը չի քննել հայցը, խորհրդարանի իրավասության ճանաչումն անօրինական է։