Փետրվարի 13-ին Ջավախքում նշեցին Տեառնընդառաջի տոնը: Տոնի առթիվ ջավախքցիները հատուկ խեծաղ են պատրաստում, խարույկ վառում, թռնում կրակի վրայով և միմյանց հավեժ սիրո խոստում տալիս:
Տեառնընդառաջը, Տրնդեզը կամ Խեծաղը հայկական տոն է, որը Ջավախքում հիմնականում տոնում են նորապսակ ունեցող ընտանիքները:
Հասմիկն ու Արթուրը երկու ամիս է ինչ ամուսնացել են: Այս տարի իրենց «խեծաղն» է, այսինքն նորապսակ զույգը պարտադիր պետք է կրակի վրայով թռնի:
«Սկեսուրս կրակը վառեց և մենք թռանք: Այսպես է ընդունված, որ զույգը պիտի կրակի վրայով թռնի, որ երջանիկ լինի: Ճիշտն ասած տոնի նշանակության մասին շատ բան չգիտեմ: Շատ ուրախ եմ, շատ հետաքրքիր տոն է ինձ համար»,- նշեց Հասմիկը:
Խեծաղ է բերում նորահարսի մայրը: Աղջկա ծնողները և բարեկամները նվերներ, թխվածք և խեծաղ են տանում փեսայի տուն: Սեղանների շուրջ հավաքված երիտասարդներին տանտերը «խեծաղ»՝ մեղրով կամ շաքարով բոված ցորեն է հյուրասիրում:
Տոնի գլխավոր բաղադրիչներից է խարույկը, որի վրայով ցատկում են նորապսակ և սիրահար զույգերը: Համարվում է, որ եթե նրանք կարողանան ցատկել՝ առանց ձեռքերը բաժանելու, ապա ընտանիքն ամուր կլինի, իսկ սերը՝ հավերժ: Նրանց հետևից խարույկի վրայով ցատկում են երեխա չունեցող կանայք՝ հույսով, որ կրակը կօգնի հղիանալ: Վերջում բոլորը ձեռք-ձեռքի շուրջպար են բռնում:
Նախապես Տյառնընդառաջը հեթանոսական տոն է եղել և կոչվել է՝ Տրընդեզ, որը առատ բերքի մաղթանք է: Երբ Հայաստանը քրիստոնեություն ընդունեց, փոխվեց նաև տոնի անվանումն ու էությունը: Տոնի գլխավոր մասնակիցները դարձան պատանիներն ու աղջիկները, նորապսակները կամ նրանք, ովքեր պատրաստվում են ամուսնանալ:
Մինչ օրս էլ Ջավախքի որոշ գյուղերում Տրնդեզը պահպանել է իր նախնական նշանակությունը: Աշոտը հիշում է, փոքր ժամանակ երջանկահիշատակ Ժենիկ տատիկը միշտ այդպես էր անում.
«Հիշում եմ, տատիկս անպայման երեկոյան, մութը դեռ չընկած կրակ էր վառում: Երեխաներիս կանչում էր և ասում՝ «թռեք կրակին վրեցեն»: Հետո արդեն տատս վառած կրակի մոխիրը հավաքում և երդիկից ներս էր լցնում: Երբ հարցնում էինք՝ ինչի համար ես այդպես անում, նա պատասխանում էր՝ «բերքն ու բարիքը չպակասի»»,- պատմեց Ազավրեթ գյուղից Աշոտ Ծորմուտյանը:
Տոնի խորհուրդը կարևորվում է որպես բնության ու մարդկության զարթոնքի ու շարունակականության ցայտուն դրսևորում:
Իսկ Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։ Տեառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։
Տեառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։
Աղունիկ Այվազյան