Ախալքալաքի մունիցիպալիտետում ուշացած, բայց արդեն ավարտին է մոտենում կարտոֆիլի բերաքահավաքը։ Jnews-ը կարտոֆիլի բերքահավաքի ընթացքի, բերքատվության, հավաքած բերքի պահեստավորման և իրացման մասին խոսել է գյուղատնտես Եղիշե Աղաջանյանի հետ։
Եղանակային վատ պայմանների պատճառով, այս տարի գյուղացին չկարողացավ ժամանակին սկսել բերքահավաքը։
Անձրևների դադարից հետո, հողը չորանալուն պես գյուղացին անցավ գործի, սակայն էլի չհասցրեց բերքը հողից հանել, նորից անձրևոտ եղանակ եղավ, այնուհետև՝ սառնամանիք։ Որոշ մարդկանց բերքի մի մասը ցրտահարվեց։
Գյուղատնտես Եղիշե Աղաջանյանը երկար տարիներ է զբաղվում է կատոֆիլագործությամբ, ասում է՝ այս տարի անցած տարվա համեմատ բերքառատ էր, բայց կարտոֆիլն արժեք չունի։
«Ամենագլխավոր սխալն այն է, որ չենք հասկանում կարող ենք բերքը իրացնել, թե ոչ, ցանում ու ցանում ենք։ Մենք բերքը հողից հանել չկարողացանք, եղանակային պայմանները թույլ չտվեցին, աշխատուժը քիչ էր, իսկ կարտոֆիլի դաշտերը շատ-շատ էր»։
Գյուղատնտեսի խոսքով, շատերը չհասցրին բերքը ժամանակին հավաքել, արդյունքում կարտոֆիլը ցրտահարվեց։
«Կարտոֆիլը 2 սմ մինիմում սառած է, կարտոֆիլն արդեն «վախեցած» է, հիմա եթե այդ կարտոֆիլը փորձենք ուտել կհասկանանք, որ այն քաղցր է։ Արդեն խնդիր է դարձել նաև սերմանցու կարտոֆիլը։ Շատ վտանգավոր է, մարդիկ չմտածելով կարող են ցանել «վախեցած» կարտոֆիլը, իսկ բերքահավաքի ժամանակ կսկսեն «լացը», քանի որ «վախեցած» կարտոֆիլը միանշանակ բերք չի տա»։
Անդրադառնալով կարտոֆիլի արժեքին, Եղիշեն ասում է․ այսօրվա դրությամբ՝ եթե գյուղացին 60 կամ 70 թեթրիով վաճառի բերքը, միևնույն է շահույթ չի ստանա։
«Սկզբում 60 թեթրի էր, իսկ հիմա մինչև 70 թեթրիի կարելի է վաճառել։ Մեզանում վերավաճառողը ֆերմերից շատ ավելի օգուտ է ստանում, 10-12 թեթրի աշխատում է, իսկ ֆերմերները 45-50 թեթրիով վաճառելու դեպքում երկու-երեք կոպեկ շահույթ չեն ստանում։ Ցավալին այն է, որ մարդիկ չեն հաշվարկում։ Եթե ինքնարժեքը տատանվում է 37-38 թեթրիի սահմաններում, իմաստը ո՞րն է, դեռ չեմ ասում մարդկանց աշխատանքի մասին»։
Ըստ գյուղատնտեսի՝ մյուս տարի նույնպես Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլ ցանողները շատ կլինեն։
«Եթե մնացել է կարտոֆիլը, ապա մյուս տարի բոլորը կմտածեն, որ ցանողը քիչ կլինի, և կցանեն։ Նույն խնդրի առջև կկանգնենք»։
Գյուղատնտեսները նշում են, այս տարի ոչ միայն աննախադեպ էր կարտոֆիլի բերքը, այլև աշխատաուժը։ Օրավարձով աշխատողները կարտոֆիլը հավաքելու, բարձելու և աշխատանքներ անելու դիմաց պահանջում էին 100-ից 120 լարի։
Ախալքալաքի մունիցիպալիտետում այսօր քչերն են, որ չեն հասցրել կարտոֆիլը հողից հանել, մասնագետն ասում է, եթե լավ եղանակ լինի մեկ շաբաթում կավարտեն։ Իսկ արդեն պահեստներում պահեստավորված կարտոֆիլը ցեխոտ է, որը մաքրելն ու առանձնացնելը ոչ միայն ժամանակատար է, այլև՝ ծախսատար։