Իշխող «Վրացական երազանքը» չի պատրաստվում չեղարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքը: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է «ՎԵ»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

«Ոչ: Սա ձեզ չի գոհացնի, բայց մենք այն հետ չենք կանչի»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Մդինարաձեն կարծում է, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքի շնորհիվ իշխանություններին հաջողվել է չեզոքացնել բողոքի ներուժը խորհրդարանական ընտրություններից առաջ։

«Եթե այս օրենքը չլիներ, (…) հենց այս պահին տասնյակ հազարավոր մարդիկ կկանգնեին Ռուսթավելիի պողոտայում և կկործանեին այստեղ ամեն ինչ, բայց այդ էներգիան էլ սպառվեց», – ասել է նա։

Քաղաքական գործիչը կարծում է, որ նման ելք է եղել այն պատճառով, որ իրենց հակառակորդները հասկացել են, որ «կեղծ բողոքի միջոցով անհնար է կեղծ արդյունքների հասնել»։ Նրա խոսքով, և՛ օտարերկրյա գործակալների մասին օրենքը, և՛ «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքը «լեգիտիմացված են վրաց ժողովրդի մեծամասնության կողմից»։

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի չեղարկումը դարձավ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հիմնական կոչերից մեկը Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո։ Միջազգային դիտորդները նշել են, որ այն մեծապես թելադրել է նախընտրական արշավի ընթացքը, նպաստել է բևեռացման մեծացմանը, ինչպես նաև սահմանափակել է ընտրությունները վերահսկող հասարակական կազմակերպությունների մասնակցությունը։

Աղբյուրը՝ Newsgeorgia