Կումուրդո գյուղը հարուստ է հնագույն օդաներով՝ պատմական կացարաններով։ Այնուամենայնիվ, ընտանիքները, որոնց հասել են նման օդաները, գնալով դժվարանում են պահպանել իրենց մշակութային ժառանգությունը: Կումուրդոյում պահպանված 3-4 օդաներից միայն մեկն է լավ վիճակում։

Վարդանյանների ընտանիքի օդան ամենահայտնին ու պահպանվածն է գյուղում, և միգուցե ողջ մունիցիպալիտետում, այն արդեն 126 տարեկան է։ Վարվառա Վարդանյանը մշտապես խնամում է օդան, բայց խոստովանում է, որ իր տարիքում դա գնալով էլ ավելի է դժվարանում:

«Իհարկե, դժվարություններ կան, իսկ ես բարդ վիրահատություն եմ տարել, բայց, այնուամենայնիվ, ջանում ենք»,- ասում է նա։

Հարցին, թե եթե նա չկարողանա օդային հետևել, երեխաները կհետևե՞ն, Վարվառա տատը պատասխանում է, որ այո։ Վարվառայի երեխաներն ապրում են Ռուսաստանում և գալիս են միայն ամռանը։

oda-kumurdo5

Հնագույն օդան հետաքրքիր պատմություն ունի: Նախկինում այնտեղ ապրում էր մի քանի եղբայրների բազմազավակ ընտանիքը։ Ոմանք քնում էին բուն օդայում, իսկ մյուսները մոտակայքում՝ այլ սենյակներում։ Ինքը՝ Վարվառան, նույնպես հասցրել է ապրել այս սենյակում, երբ նոր էր ամուսնացել, մինչև բակում նոր տուն կառուցեցին ու տեղափոխվեցին այնտեղ։

«Սա ամուսնուս ընտանիքի օդան է, այն կառուցվել է 1898 թվականին: Ժամանակին այստեղ մի թուրք աղա էր ապրում»,- պատմում է Վարվառան: Սակայն թուրք աղայի մասին պատմությունը խավար էին հիշում, նրանք չկարողացան ճշգրիտ դա պատմել մեզ:

Վարվառայի խոսքով՝ իրենց մոտ անընդհատ հյուրեր են գալիս տարբեր երկրներից։

«Այսօր եկել էին Իտալիայից, իսկ Ախալքալաքի վրացական եկեղեցու սպասավորը թարգմանում էր նրանց համար: Եկել էին Գերմանիայից։ Ճարտարապետական ինստիտուտի դասախոսներն էին եկել Երևանից։ Որտեղից ասես գալիս են»,- պատմում է նա:

oda-6

Օդան դատարկ չի մնում՝ Վարդանյաններն այստեղ երբեմն հաց են թխում, երբեմն էլ հյուրերին են տեղավորում այստեղ, երբ նրանք չեն տեղավորվում գլխավոր տանը։

ՎՈՒԵ-ի ներկայացուցիչները Վարդանյաններին բազմիցս առաջարկել են օդան գնել կից սրբավայրի հետ միասին։

«Ասում են՝ ինչքան ուզենք, կվճարեն, բայց մենք չենք վաճառում»,- ասաց Վարվառա տատը։

Երկրորդ օդան, որը կարողացանք այցելել, Համազարյանների ընտանիքի օդան էր։ Նրանց հարսը՝ Լուսինեն, պատմեց, որ իր հարսանիքը տեղի է ունեցել այստեղ՝ այս սենյակում։ Օդայի պատերին գրված է «Բարի գալուստ»: Այն այնքան էլ լավ պահպանված չէ, որքան նախորդը, սակայն պատշաճ խնամքի դեպքում այն ևս կարող էր դառնալ մշակութային ժառանգության հետաքրքիր օբյեկտ։

oda-kumurdo3

«Երբ հարս եկա այս տուն, մեր հարսանիքն այստեղ եղավ»,- ասում է Լուսինեն։ «Բայց մենք այդքան էլ լավ չենք հետևում օդային»։

Համազարյանների ընտանիքի օդան օգտագործվում է նաև կենցաղային նպատակներով։ Սակայն սենյակը զննելով՝ կարելի է տեսնել փայտե առաստաղը, որը իր ձևով և կառուցվածքով կրկնում է Վարդանյանների օդայի կառուցվածքը։

«Այս ընտանիքի անդամներն առաջ այստեղ էին ապրում՝ երկու եղբոր ընտանիքներ էին, հետո նրանք գնացին, մնացինք մենք»,- ասաց Լուսինեն։

oda-kumurdo4

oda-kumurdo2

Ներողություն խնդրելով՝ մեզ չթույլատրեցին մուտք գործել սենյակներից մեկը՝ բացատրելով, որ տարածքն օգտագործում են որպես կարտոֆիլի պահեստ։

Ախալքալաքի գյուղերը հարուստ են այստեղ ապրած մարդկանց մշակույթի, կյանքի ու ավանդույթների հնագույն, անսովոր դրսևորումներով։ Սակայն ժամանակի ընթացքում, մեր մեծերի հեռանալու հետ մեկտեղ, այդ ավանդույթները գնալով դժվարանում են պահպանել և փոխանցել երիտասարդ սերնդին: