Վրաստանի իշխանությունների գործողությունները երկիրը հեռացնում է ԵՄ-ից և թեքում դեպի ավտորիտարիզմ։ Այս մասին Լյուքսեմբուրգում ԵՄ 27 երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Իշխող կուսակցությունները, նրանց վերջին գործողությունները, հայտարարություններն ու նախընտրական խոստումները երկիրը հեռացնում են եվրոպական ուղուց և տանում դեպի ավտորիտարիզմ։ Ահա թե ինչու է անդամակցության գործընթացը փաստացի կասեցված։ Դուք տեղյակ եք Եվրոպական ֆինանսավորման հասանելիության վերաբերյալ Հանձնաժողովի որոշումների մասին»,- ասել է Բորելը:
Նա կոչ է արել սպասել Վրաստանում հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին։
«Դրանք վճռորոշ փորձություն կլինեն Վրաստանի ժողովրդավարության և դեպի Եվրամիություն նրա ճանապարհին», – ասել է դիվանագետը։
Իրավիճակը Վրաստանում դիտարկվել է Մոլդովայի հետ միասին, որտեղ մեկ շաբաթից տեղի են ունենալու նախագահական ընտրություններ։ Բորելը նշել է Մոլդովայի իշխանությունների տոկունությունը՝ նշելով, որ «Ռուսաստանը ջանք չի խնայում ընտրական գործընթացը խափանելու համար հիբրիդային հարձակումների և ընտրողների լայնածավալ անօրինական կաշառքի միջոցով»։ Անդրադառնալով Վրաստանին՝ նա ասել է, որ պատկերն այնտեղ «ավելի ճնշող է»։
Վրաստանը ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ է ստացել 2023 թվականի դեկտեմբերին՝ շարունակական բարեփոխումների պայմանով։ Եվրոպական խորհուրդը նաև ընդգծել է, որ ակնկալում է, որ Վրաստանը «էապես կամրապնդի» իր համապատասխանությունը ԵՄ քաղաքականությանը, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ։
Փոխարենը «Վրացական երազանքն» ակտիվացրել է իր հակաարևմտյան հռետորաբանությունը, ընդունել օրենք օտարերկրյա գործակալների մասին և օրենք, որը սահմանափակում է ԼԳԲՏ անձանց իրավունքները։ Հիմնական ընդդիմադիր կուսակցությունների արգելքը դարձել է իշխանության գլխավոր նախընտրական խոստումը։
Հունիսից ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը գործնականում կասեցվել է։ Բորելը նաև հայտարարել է Վրաստանի իշխանությունների հետ քաղաքական շփումների կրճատման և նրանց ֆինանսական օգնության վերանայման մեկնարկի մասին։
Հուլիսի 9-ին հայտնի դարձավ, որ ԵՄ-ն սառեցրել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Վրաստանին 30 մլն եվրոյի չափով ռազմական օգնության հատկացումը։ Այնուհետև վրացական լրատվամիջոցները և ընդդիմադիր քաղաքական գործիչները հաղորդել են մի շարք ծրագրերի մասին, որոնց ֆինանսավորումը որոշվել է դադարեցնել առանձին եվրոպական երկրների կողմից։
Աղբյուրը՝ Newsgeorgia