Վրաստանում, հոկտեմբերի 26-ին, տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Ախալքալաքի մունիցիպալիտետում նախընտրական քարոզարշավ անցկացնում է չորս կուսակցություն։ Jnews-ը փորձում է հետեւել, թե ինչպես են կուսակցությունները Ախալքալաքի գյուղերում իրականացնում քարոզարշավը։ Հոկտեմբերի 10-ին մենք հետևել ենք «Գախարիան՝ Հանուն Վրաստանի» կուսակցության հանդիպումներին Կարծախ և Բոզալի գյուղերում։
Ախալքալաքի մունիցիպալիտետում «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության ներկայացուցիչների այցը Կարծախ և Բոզալի գյուղեր, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, երկրորդն էր։ Կուսակցության երկու ներկայացուցիչներ՝ կուսակցության շրջանային ներկայացուցիչ Սոփիկո Խորգուանին և Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավոր «Գախարիան Հանուն Վրաստանի» կուսակցությունից և համատեղ կուսակցական ցուցակներով պատգամավորի թեկնածու (55-րդ համար) Նարինե Գինոսյանը, գնացել էին Կարծախ և Բոզալի գյուղերի բնակիչների հետ հանդիպման: Կուսակցության ներկայացուցիչների հետ եղել են հանդիպումներին հետևելու եկած լրագրողներ։
Մինչ Կարծախ ժամանելը «Գախարիան Հանուն Վրաստանի» կուսակցության ներկայացուցիչները, իրենց խոսքերով, այցելել են Չամդուրա գյուղ։
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներն անցել են արտասովոր ձևաչափով: Մարզային ներկայացուցիչը և պատգամավորի թեկնածուն մտնում էին տներ և զրուցում փողոցներում գտնվող մարդկանց հետ։ Նրանք կանգ էին առնում ու զրուցում անգամ մեկ անցորդի հետ։ Գյուղացիների հետ շփվելու սկզբում ներկայացուցիչները քարոզչություն չէին անում, սովորական զրույց էին վարում, անուններն էին հարցնում, հարցնում էին, թե ինչպես են ապրում մարդիկ, ինչով են զբաղվում, իրենց ընտանիքների մասին… Կուսակցության ներկայացուցիչներն իրենց ընդդիմախոսներին չէին քննադատում, չէին նշում այլ մարդկանց թերությունները կամ սեփական արժանիքները: Խոսակցության ավարտին նրանք մարդկանց բուկլետներ էին տալիս և ասում, որ իրենք «Գախարիան Հանուն Վրաստանի» կուսակցությունից են, բնակիչներին խնդրում էին վերցնել բուկլետները և կարդալ դրանք։ Կարծախցիներից ոմանք, իմանալով, որ նրանք ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ են, կտրուկ դադարեցնում էին զրույցը և հեռանում, իսկ հիմնականում մարդիկ մինչև վերջ լսում էին և վերցնում բուկլետները։ Թեև Սոփո Խորգուանին և Նարինե Գինոսյանը իրենց կրծքին փակցրել էին «25» կուսակցական համարով կրծքանշաններ, սակայն բնակչությունը դրան ուշադրություն չէր դարձնում։
Կարծախ գյուղում բնակչության մեծ մասը դաշտերում էր, իսկ տներում հիմնականում միայն երեխաներ էին։
Սոփիկո Խորգուանին Jnews-ի հետ զրույցում նշեց, որ իր համար գլխավորը ոչ թե քանակն է, այլ որակը։
«Ինձ համար հիմա գլխավորը նկարվելը չէ, թե ում հետ հանդիպել եմ, ինձ համար կարևոր է մարդկանց գտնել, ձեռք մեկնել, ծանոթանալ, ինձ համար այդպես հեշտ է, մտնել տները և շփվել նրանց հետ։ Նրանք ինձ ասում են, դուք այդքան ժամանակ եք ծախսում մեկ անձի վրա, բայց ես կարծում եմ, որ դա ժամանակի վատնում չէ, քաղաքական գործիչը, հավանաբար, չպետք է այդպես ասի: Ինձ համար կարևոր է հասկանալ և ճանաչել նրանց։ Ես նոր եմ սկսել քարոզարշավը, իմ քարոզարշավը մեկ տարի է տևելու, պատրաստվում եմ 2025 թվականի ՏԻՄ ընտրություններին: Մեկ տարվա ընթացքում ես ժամանակ կունենամ բոլորին հանդիպելու։ Ես չեմ շտապում»,- ասաց Սոփիկո Խորգուանին։
«Հանուն Վրաստանի» կուսակցության ներկայացուցիչները տեղաշարժվում էին մեկ մեքենայով՝ առանց կուսակցական խորհրդանիշների, առանց պաստառների և դրոշների։ Կարծախ գյուղում մոտ 10 հոգու հետ զրուցելուց հետո ուղղվեցին են դեպի Բոզալի գյուղ։
Գյուղի մոտ, տեսնելով դաշտերում կարտոֆիլ հավաքող մարդկանց, Սոփո Խորգուանին և Նարինե Գինոսյանը կանգ առան ու գնացին նրանց մոտ։ Սկզբում խոսեցին բերքահավաքի, գյուղի կյանքի դժվարությունների մասին, իսկ հետո կուսակցության բուկլետներ բաժանեցին ու ասացին, որ «Գախարիան՝ Հանուն Վրաստանի» կուսակցությունից են։
Սոփիկո Խորգուանին այս բնակիչներից հենց դաշտում գնեց մի պարկ կարտոֆիլ։ Կարտոֆիլը վաճառեցին 60 թեթրիով, թույլ տվեցին իրեն ընտրել ու հավաքել։
«Ես ուզում եմ նրանց ավելի շատ լսել: Դուք տեսնում եք, ես չեմ պատմում, չեմ խոստանում, ուղղակի բաժանում եմ ծրագիրը։ Իհարկե, ինձ համար կարևոր է, որ քվեարկեն իմ կուսակցության օգտին, բայց ինձ համար հիմա շատ կարևոր է ճանաչել այս մարդկանց, ում ցանկանում ենք ծառայել։ Ուզում եմ իմանալ, թե ինչպես են նրանք ապրում, ինչի մասին են երազում, ինչն է նրանց անհանգստացնում»,- Jnews-ի հետ զրույցում ասաց Սոփիկո Խորգուանին։