Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ նախընտրական քարոզարշավը Վրաստանում ընթացքի մեջ է: Ախալքալաքի մունիցիպալիտետում նախընտրական քարոզարշավ իրականացնում է ընդամենը 3-4 կուսակցություն։ Jnews-ը փորձում է հետեւել, թե ինչպես են կուսակցությունները քարոզարշավն իրականացնում Ախալքալաքի գյուղերում։ Հոկտեմբերի 9-ին մենք հետևել ենք «Վրացական երազանք» կուսակցության Օրջա, Մաջադիա, Թոթխամ և Կորխ գյուղերի բնակչության հետ հանդիպումներին։
«Վրացական երազանք» կուսակցությունը, նախընտրական քարոզարշավի շրջանակում, գյուղեր այցելությունները սկսել է սեպտեմբերին։ «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավն այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում առանձնանում է իր «համեստությամբ»։ Հոկտեմբերի 9-ին գյուղերի բնակչության հետ հանդիպման է գնացել ընդամենը 4 մեքենա՝ նախկինում խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում եղած երկար շարասյուների փոխարեն։ Մաջադիա, Օրջա, Թոթխամ և Կորխ գյուղերի ընտրողների հետ հանդիպմանը գնացել են՝ Ախալքալաքից և Նինոծմինդայից խորհրդարանի պատգամավոր ընտրված Սամվել Մանուկյանը (ով ընդգրկված է «Վրացական երազանքի» թեկնածուների կուսակցական ցուցակներում), Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և սակրեբուլոյի որոշ պատգամավորներ։
Այն գյուղերում, որտեղ այցելել է «Երազանք»-ի թիմը, սպասել և նախապատրաստվել են նրանց ժամանմանը, սակայն բնակիչների զանգվածային մոբիլիզացիա չի եղել, ինչպես նախկինում էր լինում։ Չնայած ուսումնական գործընթացի ժամանակ էր, հանդիպումներին հիմնականում մասնակցում էին դպրոցականներ և ուսուցիչներ։ Ինչպես նաև հանդիպումներին ներկա էին գյուղերում քաղաքապետի ներկայացուցիչների հարազատները, ընկերները և այլք։ Գյուղերում հավաքված բնակիչներից որոշները «Վրացական երազանքի» նախընտրական շապիկներով ու գլխարկներով էին։
Օրջա գյուղում տեղի դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Վրաստանի պատգամավոր Սամվել Մանուկյանին խնդրեցին օգնել իրենց գյուղում երիտասարդական կենտրոն բացել։ Սամվել Մանուկյանը Օրջա գյուղից է, աշակերտները խնդրեցին, որպես համագյուղացի օգնել իրենց։
«Տարածք մեզ հատկացվել է, ուղղակի պետք է վերանորոգել»,- ասացին աշակերտները։
Սամվել Մանուկյանը խոստացավ մտածել ու մի բան անել։
Օրջայից հետո քարոզարշավը շարունակվեց Մաջադիա գյուղում։ «Երազանքի» ներկայացուցիչներին այստեղ ծափերով դիմավորեցին, ներկա էր մոտ 50 մարդ։ Հանդիպմանը ներկա էին աշակերտներ, դպրոցի ուսուցիչներ և այլ բնակիչներ։
«Երազանք»-ի ներկայացուցիչներին ողջունեց և ներկաներին ներկայացրեց դպրոցի տնօրեն Անահիտ Պարոնյանը։
«Մեր դպրոցն ու կոլեկտիվը պատրաստ են կրկին ընտրել 41 համարին, քանի որ ուսուցիչների աշխատավարձերը բարձրացել են, երկլեզու կրթության մասնագետների համար նոր աշխատատեղեր են բացվել, գյուղը լուսավորվել է, գյուղում աղբամաններ են տեղադրվել, ինչը շատ գովելի է։ Գյուղը լիքն էր աղբով, հիմա ամեն ինչ մաքուր է: Ես՝ որպես դպրոցի տնօրեն, ուսուցիչների և աշակերտների անունից շնորհակալություն եմ հայտնում»,- ասաց գյուղի դպրոցի տնօրեն Անահիտ Պարոնյանը։
Նրա ելույթից հետո կրկին հնչեցին ծափահարություններ, և ելույթ ունեցավ Մելքոն Մակարյանը։
«Շրջանում շատ բան է արվել, մենք ուզում ենք, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում, դուք մեկ մարդու պես ցույց տաք ձեր ակտիվությունը: Մեր լավ ընկեր Սամվել Մանուկյանն այս տարի կրկին պատգամավորի թեկնածու է։ Շնորհակալություն կուսակցությանը հայերիս այսպես վերաբերվելու համար, մեր համարը 41-ն է»,- ասաց Մելքոն Մակարյանն ու խոսքը փոխանցեց Սամվել Մանուկյանին։
Մելքոն Մակարյանն իր խոսքում խոսեց կատարված կամ կատարվելիք աշխատանքների մասին, մասնավորապես, որ շուտով կասֆալտապատվի դեպի Մաջադիա գյուղ տանող ճանապարհը։
«Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները գյուղերում քարոզարշավը կենտրոնացնում էին այն բանի վրա, որ Վրաստանում խաղաղության երաշխիքը իրենց կուսակցությունն է, իսկ մնացածները կտանեն պատերազմի։
«Խնդրում եմ, այսօր մենք խնդիր ունենք ընտրելու մեր պետության ուղին։ Մենք անցնելու ենք դժվար ճանապարհ: Եթե մեր նմանները չկանգնեն պետության կողքին, դժվար կլինի։ Նա չի կարողանա դիմակայել այն ուժերին, որոնք երկիրը տանում են դեպի պատերազմ։ Նրանք ցանկանում են ապակայունացում: Առանց ձեր ձայների, այն, ինչի մասին մենք խոսում ենք, հնարավոր չի լինի։ Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում, լուսավորություն, ճանապարհների կառուցում, այս ամենը ոչինչ կդառնա, եթե մի օր մեր երկիրը հայտնվի պատերազմական իրավիճակում։ Եթե հաճախ եք լսում պատերազմ բառը, այնպես չէ, որ մենք ձեզ վախեցնում ենք, մենք ձեզ չենք վախեցնում, դրանից անպայման պետք է խուսափենք, ինչպես եղել է մինչ այսօր։ Մեր պետական դիվանագիտությունն ու մասնագետները բավական խելք ունեն, որ դրանից խուսափենք։ Չլինի ինչպես Ուկրաինայում է: Այսօր, բացի «Վրացական երազանքից», մեկ այլ կուսակցության օգտին քվեարկելը գրեթե հանցագործություն է»,- ասաց Սամվել Մանուկյանը։
Նա նշեց, որ միայն «Վրացական երազանք» կուսակցությունն է, որ իր ցուցակի անցողիկ տեղերում հայեր ունի։
«Այսօր ընտրություններին մասնակցող 19 կուսակցությունից դուք ծանոթ եք միայն «Վրացական երազանքին», որտեղ ինչ որ մեկին ճանաչում եք: Միայն «Վրացական երազանքի» ցուցակի անցողիկ տեղերում հայեր կան, մյուս կուսակցությունների ցուցակներում հայերը 50, 90 համարից բարձր են, և բացառված է, որ որևէ մեկը անցնի։ Վստահեցնում եմ, կան այլ շարժումներ, որոնք այլ կերպ են մտածում, այդ մարդիկ ուղղակի փող են աշխատում, սա բիզնես է»,- հավելեց Սամվել Մանուկյանը։
Կուսակցության ներկայացուցիչներն անձնական զրույցներում առանձին-առանձին պատասխանեցին հավաքվածների հարցերին, բնակիչները մտահոգված էին Վրաստանի քաղաքացիություն ստանալու հարցով։
Գյուղացիների խոսքով, Մաջադիա գյուղում այս տարի «Երազանք»-ն առաջինն էր, որ քարոզարշավ անցկացրեց:
Քարոզչական արշավը շարունակվեց Թոթխամ գյուղում, այնտեղ մոտ 30 մարդ կար հավաքված։
Այս գյուղում նախընտրական հանդիպումն ընթացավ նույն սցենարով: Սամվել Մանուկյանը թոթխամցիներին ասաց նույնը, ինչ Մաջադիա գյուղում, կոչ անելով քվեարկել «Երազանքի» օգտին։
«Մեր բոլոր հարևանները պատերազմական իրավիճակում են, բացի մեզնից, և բոլորը փախչում են Վրաստան, և մենք պետք է օգնենք մեր ձայներով, որպեսզի պետությունը շարունակի իր խաղաղ գոյակցությունը։ Եթե խաղաղություն լինի, ճանապարհ կլինի, ամեն ինչ կունենաք»,- Թոթխամ գյուղում ասաց Սամվել Մանուկյանը։
Մելքոն Մակարյանը խոսեց կատարված աշխատանքների և այն աշխատանքների մասին, որոնք, նրա խոսքով, շուտով կիրականացնեն։
Թոթխամ գյուղի բնակիչ Լարվենտ Խռիկյանը դժգոհեց գյուղում խմելու ջրի բացակայությունից և նշեց, որ իրենց հիշում են միայն ընտրությունների ժամանակ։
«Դուք արդեն 12 տարի է, ինչ գալիս եք, և ես խոսում եմ մի բանի մասին՝ ջրի մասին, չորս տարի առաջ եկաք, ես նույն բանի մասին էի խոսում, եկաք հիմա, 4 տարի անց, ես խոսում եմ նույն բանի մասին: Չորս տարի է մեզ մոտ չէիք գալիս տեսնելու, թե ինչպես ենք ապրում։ Մենք մեր տներում ջուր չունենք, ոնց ապրենք առանց ջրի»,- ասաց նա։
Սամվել Մանուկյանը պատասխանեց, որ ժողովրդի և ղեկավարության կապը պետք է լինի լիազոր ներկայացուցչի միջոցով։
Մելքոն Մակարյանը պատասխանեց, որ իրենք նախատեսում են Թոթխամ գյուղի համար առանձին ջրագիծ կառուցել։
«Մենք չգիտենք, թե որքան կարժենա ծրագիրը, բայց խոսքը մեծ գումարների մասին է։ Ծրագիրը մեծ է, գյուղի սկզբնամասում կկառուցվի ջրամբար, որտեղից ջուրը կբաշխվի տներին։ Այս տարի մենք այս նպատակով արդեն հաստատել ենք 200 հազար լարի»։
Կուսակցության ներկայացուցիչներն առանձին-առանձին պատասխանեցին հավաքվածների այլ հարցերի։
Կորխ գյուղում «Վրացական Երազանք»-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նույնպես մեծամասամբ մասնակցում էին աշակերտներ ու ուսուցիչներ, չնայած դեռ դասի ժամ էր։ Հավաքվել էր մոտ 50 մարդ։
Կուսակցության ներկայացուցիչների հռետորաբանությունը նույնն էր, ինչ նախորդ գյուղերում։
Գյուղի բնակիչՀոռոմսիմա Թոփուզյանը խնդրեց, որ պետությունն օգնի կարտոֆիլի իրացման հարցում: Նա բողոքեց, որ ոչինչ չի ձեռնարկվում կարտոֆիլը վաճառելու համար։
Մերգել Ավագյանին հետաքրքրում էր, թե ինչու են ձգձգվում գյուղի մանկապարտեզի շինարարությունը, գյուղի ճանապարհի վերականգնումը։
Մելքոն Մակարյանը մանկապարտեզի մասին ասաց, որ այն գյուղում կառուցվելու է, կան միջոցներ, նախագիծ, և հաջորդ տարի աշխատանքները կսկսվեն։
Գյուղական դպրոցի վրացերենի ուսուցչուհի Սոփիո Բերիձեն դժգոհեց, որ գյուղում չկա գրադարան, մարզասարքեր, երիտասարդական կենտրոն, գյուղի ճանապարհն ասֆալտապատված չէ, և խնդրեց, որ գյուղում այս ամենը կառուցեն։
Մելքոն Մակարյանը պատասխանեց, որ իրենք միջոցներ չունեն, որ գյուղում ամեն ինչ միանգամից կառուցեն, սակայն հավաստիացրեց, որ աստիճանաբար այս ամենը գյուղում կլինի։