Տեղական իշխանության խոստումը այն մասին, որ Ախալքալաքը 2017 թ.-ին լրիվությամբ կասֆալտապատվի, չի իրականանա:
2016 թվականի հուլիսի 29-ին տեղի ունեցավ հանդիպում, որի ժամանակ քննարկում էին թե ինչպես ծախսել Ախալքալաքի Շրջանային վարչությանը վճարված Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղուց և ՀԷԿ-ից հարկերի տեսքով ստացված գումարը, որը կազմում էր մոտ 6 000 000 լարի: Քննարկման ընթացքում իշխանության ներկայացուցիչները ասացին, որ 2017 թվականին Ախալքալաքի բոլոր փողոցները պետք է լինեն ասֆալտապատ, սակայն այսօր բնակիչներին մնում է հուսալ, որ գոնե անցած տարվա կիսատ մնացած աշխատանքները կհասցվեն ավարտին:
«Խոստումը, որ 2017 թվականին Ախալքալաքն ամբողջությամբ ասֆալտապատ կլինի, հարաբերական է ասված։ Ցանկություն ունենք փողոցները վերանորոգելու, սակայն դրանց կառուցման նախագիծ առայժմ չունենք։ Անցած տարվա կիսատ թողած աշխատանքները շարունակելու նախագիծ ունենք, իսկ մյուսները պետք է պատվիրել, հետո գումարի առկայության դեպքում այն կիրագործենք», – մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների ծառայության պետ Ալբերտ Նահատակյանը։
Ախալքալաքում չասֆալտապատված փողոցները քիչ են, սակայն նորոգված փողոցներն էլ, ետ չմնալով չնորոգվածներից, քանդվում հավասարվում են տարիներով ասֆալտ չտեսած փողոցներին։
Վարչությունում արդեն չեն խոստանում, որ բացի կիսատ մնացած ծրագրերից կիրականացվեն նոր ենթակառուցվածքային նախագծեր: Օրինակ, Նաբերեժնայա փողոցը Ծերեթելիի վերևի հատվածից մինչև Մալխասյան կնորոգվի, իսկ Նազարեթյանից մինչև Նաբերեժնայա ներառյալ հինգ փողոց՝ Սպենդիարյան, Երևանյան և այլ փողոցների շարունակությունները չունեն նախագծեր։ Նախագիծ չունի նաև Նաբերեժնայա Ուխմերսկայա փողոցը։
«Մտադրություն ունենք Դարբինյան փողոցից բոյնյա (սպանդանոց) տանող ճանապարհահատվածը նույնպես նորոգել։ Նախկին զինվորական 14-րդ զորամասի տարածքը ուզում ենք ամբողջությամբ նորոգել, պետական բյուջեով նախատեսված է ասֆալտապատել Նաբերեժնայա, Մելիքի և Կամոի փողոցները», – ասաց Ալբերտ Նահատակյանը։
Ջուլիետա Տոնականյան