Սեպտեմբերի 15-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Խաչվերաց տոնը (Սուրբ Խաչի վեհացման տոնը): Խաչվերացը ՀԱԵ օրացուցային տոներից հինգերորդն է և վերջինը։ Այս օրն արդեն երկրորդ տարին լինելու է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի ուխտագնացության օր։ Այս տարի Ախալքալաքում Խաչվերացի տոնը կնշանավորվի քաղաքով անցկացվող կրոնական երթով՝ Թովմաս (Թովմա) առաքյալի մասունքներով։
Խաչվերացի տոնը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է սեպտեմբերի 11-ից մինչև 17-ը ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը։ Խաչվերացը մեր Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է, Խաչին նվիրված չորս տոներից՝ ամենակարևորը: Այն տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
«Խաչի տոնը կսկսվի կիրակի օրը ժամը 10:30-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագով։ Պատարագը կմատուցի Տեր Նշան վարդապետ Հմայակյանը։ Սա մեր եկեղեցի ուխտագնացության օրն է։ Արդեն երկրորդ տարին է, ինչ այս օրը հայտարարվել է ուխտագնացության օր։ Քանի որ մեր եկեղեցին կոչվում է Սուրբ Խաչ, իսկ Խաչվերացը Սուրբ Խաչի վեհացման տոնն է։ Այս տարվա տոնակատարությունը յուրահատուկ է նրանով, որ Պատարագի ընթացքում եկեղեցում կլինեն Թովմաս առաքյալի մասունքները։ Հավատացյալները կկարողանան ծնկի իջնել մասունքների մոտ և ավելի մոտ լինել: Հավարտ Պատարագի տեղի կունենա խաչի թափոր և Անդաստանի կարգ»,- ասում է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը:
Թովմաս առաքյալի մասունքները պահվում են Թբիլիսիում, Խաչվերացի տոնի առթիվ ժամանակավորապես կտեղափոխվեն Ախալքալաք, այնուհետ նորից հետ կբերվեն։
Ս. Թովմա առաքյալը, ում Երկվորյակ էին անվանում, հայտնի է Ավետարանի այն դրվագից, երբ մյուս առաքյալներն ասում էին, թե տեսել են հարուցյալ Քրիստոսին, Թովման պնդում էր, թե կհավատա միայն այն ժամանակ, երբ իր աչքերով տեսնի և իր ձեռքը մխրճի Հիսուսի խոցված կողի մեջ: Թերահավատ առաքյալին հաջորդ շաբաթ, Վերնատան մեջ, հայտնվում է Հիսուսը: Թովման, հավատալով կատարված հրաշքին, ծունկի է գալիս և խոստովանում. «Տե’ր իմ և Աստված իմ» (Հովհ. 20: 28): Երբ մյուս առաքյալները վարանում են Քրիստոսի հետ գնալ մահացած Ղազարոսին տեսնելու, քանի որ քարկոծվելու մեծ վտանգ կար, Թովման համարձակորեն ասում է. «Եկե’ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհ. 11:16): Ըստ ավանդության՝ Թովման քարոզել է Աստծո խոսքը Պարթևաստանում և Հնդկաստանում, նետահարվելով նահատակվել ու թաղվել է Մադրաս քաղաքում: