Մուրջախեթ գյուղը Ախալքալաք քաղաքից ընդամենը 5 կմ հեռավորության վրա է գտնվում, բայց քաղաք հասնելու համար մեկ ժամից ավելի ժամանակ է հարկավոր: Թե գյուղ տանող, թե գյուղամիջյան ճանապարհները քանդված, անմխիթար վիճակում են գտնվում:

Գյուղում, որտեղ կա մոտ 80 տնտեսություն խոսում են գյուղի տարբեր խնդիրների մասին, սակայն գլխավոր խնդիր են համարում ճանապարհների քարուքանդ վիճակը։ Մուրջախեթ հասնելու համար երկու ճանապարհ կա, մեկը՝ Չանդուրա գյուղից, մյուսը՝ Խոսպիո։ Խոսպիոյով ճանապարհն ավելի կարճ է, որը գյուղացիները հիմնական ճանապարհ են համարում, ընդհանրապես անանցանելի է դառնում անձրևների և ձյան ժամանակ։ Չամդուրայով ճանապարհն ավելի երկար է, բայց նորից կիսաքանդ վիճակում է։

мурджахет3

Գյուղաբնակների խնդրանքն է իշխանություններին՝ բարեկարգել իրենց գյուղ տանող ճանապարհները:

«Ճիշտ է գյուղում էլի խնդիրներ կան, օրինակ՝ ինչպիսինն է երիտասարդների համար զբաղմունքի վայրի, մանկական խաղահրապարակի բացակայությունը, սակայն այս պահին, մենք առաջնային ենք համարում նորմալ ճանապարհներ ունենալը։ Անձրևների ժամանակ ընդհանրապես այդ ճանապարհով անցնել չի լինում, դե ձյան մասին խոսք չկա», – նշում է գյուղի երիտասարդներից մեկը։

мурджахет2

Մուրջախեթ գյուղի մասնագետ Մարգարյան Սեդրակի խոսքերով, այս տարի ճանապարհի ասֆալտապատման նախագիծ չկա, փոխարենն ուզում են նոր կամուրջ կառուցել։

«Ասֆալտապատման ծրագիր չկա, բայց նոր կամուրջ կառուցելու մտադրություն ունեն: Անցած տարվանից նախագիծը պատրաստ է, ուղղակի անցած տարի գումար չեղավ»։

Գյուղի կամուրջը մոտավորապես 200 տարվա պատմություն ունի, այն պատմական հուշարձան է համարվում, որը վերանորոգման ենթական չէ, այդ պատճառով տեղական իշխանությունները որոշել են հնի կողքին նոր կամուրջ կառուցել։

kamurj mrjaxet

Մուրջախեթում տարին մեկ-երկու անգամ ճանապարհների հարթեցման աշխատանքներ են տարվում: Գյուղի մասնագետը հույս է հայտնում, որ այս տարի նույնպես մի քանի անգամ ճանապարհները կհարթեցվեն։

мурджахет

Գայանե Ակոջյան