Երեկ՝ նոյեմբերի 14-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի բյուրոյի նիստում պատգամավորներն առաջին անգամ քննարկեցին խնդրագիր, որը գրվել էր Ախալքալաքի մունիցիպալիտետի Խորենիա գյուղում մանկապարտեզ կառուցելու խնդրանքով։ Քննարկումից հետո պատգամավորները խնդրագիրն ուղարկեցին քաղաքապետարան քննարկման։

Նոյեմբերի 11-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն ստացել էր իր պատմության մեջ առաջին խնդրագիրը։ Խնդրագրի հեղինակը Խորենիա գյուղի բնակիչ Մարի Գինոսյանն է։

Բյուրոյի անդամներից բացի նիստին մասնակցեցին քաղաքապետարանի, մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման ներկայացուցիչներ և Խորենիա գյուղում Ախալքալաքի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը։

Խնդրագիրը տեղական ինքնակառավարման իրականացմանը քաղաքացիների մասնակցության ձև է, որն իրենից ներկայացնում է նորմատիվ վարչական-իրավական ակտի նախագիծ:

Այն ներկայացնելու իրավունք ունի մունիցիպալիտետի տարածքում գրանցված ընտրողների առնվազն մեկ տոկոսից բաղկացած խումբը։

Խնդրագիրը կազմվում և ներկայացվում է մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահի անունով։

Մարի Գինոսյանի կողմից ներկայացված խնդրագիրն ուներ 409 ստորագրություն։ Խորենիայի, և ընդհանրապես, Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները տեղական իշխանություններին հասցեագրված խնդրագիրը ստորագրել են Խորենիայում մանկապարտեզ բացելու խնդրանքով։

Ըստ խնդրագրի, գյուղում կա 35 նախադպրոցական հասակի երեխա, որոնք չեն կարողանում նախադպրոցական կրթություն ստանալ։ Մոտակա գործող մանկապարտեզը գտնվում է գյուղից 12 կմ հեռավորության վրա, այն Ախալքալաք քաղաքում է։

Բյուրոյի քննարկումներում պատգամավորներն Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման տնօրենի հետ միասին հաշվարկեցին, որ պետությունը մեկ երեխայի համար տարեկան ծախսում է 1700 լարի։ Քննարկումներն ակտիվ բնույթ էին կրում:

Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանն ասաց, որ իրենց մոտ գալիս են Օլավերդ գյուղից, որը գտնվում է Ախալքալաք քաղաքից 30 կմ հեռավորության վրա, և որ երեխաներ էլ ունեն, ովքեր ապրում են 60 կմ հեռավորության վրա և ինչպես վարվել նրանց հետ:

«Մանկապարտեզներում տեղեր ունենք, անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք երեխաներին բերել, 12 կմ-ն այնքան էլ շատ չէ: Ես հասկանում եմ, որ մի քիչ դժվար է, բայց դա ավելի լավ է, քան ընդհանրապես մանկապարտեզ չհաճախելը»,- ասաց Անահիտ Ասատուրյանը։

Պատգամավոր Գայոզ Լոմսաձեն ասաց, որ մանկապարտեզների կառուցումը լավ է, բայց տեղական բյուջեն չի կարող բոլոր գյուղերում մանկապարտեզ կառուցել։

Պատգամավոր Սեդա Մելքումյանն առաջարկեց հարցը ուղարկել քաղաքապետարան քննարկման։

«Իմ տեսանկյունից այդպես ճիշտ կլինի: Թող նրանք հետագայում համապատասխան ծառայությունների հետ պրոֆեսիոնալ որոշումներ կայացնեն»,- ասաց Սեդա Մելքումյանը։

Նաիրի Իրիցյանն ասաց, որ իրենք երկու տարբերակ ունեն՝ կա՛մ կաշխատի Սակրեբուլոյին կից հանձնաժողովը, կա՛մ փոխանցեն քաղաքապետարանին, որպեսզի վերջիններս լուծեն այս հարցը:

«Մենք ուզում ենք, որ բոլոր 64 գյուղերն էլ մանկապարտեզ ունենան: Հարկավոր է, որ ցանկությունները համընկնեն հնարավորությունների հետ: Խորենիա գյուղը միջին գյուղ է, բայց եթե քաղաքապետարանն անհրաժեշտ համարի ու միջոցներ գտնի, ես դեմ չեմ, պետք է քննարկել»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով ծառայության պետ Վալերի Ստելմաշովը։

Քննարկումների վերջում պատգամավորները որոշեցին խնդրագիրն ուղարկել քաղաքապետարան։

Ի՞նչ է խնդրագիրը: «Տեղական ինքնակառավարման օրենսգիրք» Վրաստանի օրգանական օրենքի 86-րդ հոդված