Վրաստանի օրենսդրությունը չի սահմանում էթնիկ փոքրամասնությունների պարտադիր ներկայացվածությունը խորհրդարանում հատուկ քվոտաների կամ երաշխիքների միջոցով: Ընտրական գործընթացի համակարգը և քաղաքական ակտիվությունը պետք է հնարավորություններ ստեղծեն այս խմբերի (հայեր, ադրբեջանցիներ) ներկայացվածության համար ընտրությունների և քաղաքական կուսակցություններում մասնակցության միջոցով, սակայն էթնիկ խմբերի ներկայացվածության հետ կապված իրավիճակը փոխվում է յուրաքանչյուր ընտրության հետ միասին։

Այս տարվանից վերացվել է մեծամասնական ընտրակարգը, որը խորհրդարանում մեկական տեղ էր ապահովում Վրաստանի հայերի և ադրբեջանցիների համար։ Վրաստանը բարեփոխումներ է իրականացրել իր ընտրական համակարգում՝ միջազգային դիտորդների և կազմակերպությունների առաջարկություններին համապատասխան։ Այս բարեփոխումներն ուղղված էին ժողովրդավարության զարգացմանը և ընտրական ավելի թափանցիկ և արդար գործընթացի ապահովմանը։ 2020 թվականի ընտրություններից հետո Վրաստանն անցավ համամասնական ընտրակարգի։ Սա նշանակում է, որ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական սկզբունքով, որտեղ մանդատները բաշխվում են կուսակցությունների ընտրացուցակների և կուսակցությունների կողմից ստացած ձայների ընդհանուր թվի հիման վրա։

Համամասնական համակարգը պետք է ձգտի ապահովել քաղաքական ուժերի առավել ճշգրիտ ներկայացվածությունը խորհրդարանում և ստեղծել քաղաքացիների շահերի ավելի հավասարակշռված և արդարացի ներկայացում: Բարեփոխումը նաև փոփոխություններ մտցրեց ընտրատարածքներում և ընտրատեղամասերի սահմանման մոտեցման մեջ, ինչը պետք է նպաստի խորհրդարանում հասարակության բոլոր շերտերի ավելի արդար ներկայացվածությանը: Սակայն, թե արդյո՞ք ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը արդար կլինի այս ընտրություններում, դեռևս առանձնապես պարզ չէ։

Օրերս իշխող կուսակցությունը համամասնական ցուցակով ներկայացրել է շրջաններից իր ներկայացուցիչներին՝ շրջաններում իր պատվիրակներին։ «Համաքաղաքացիական շարժում-Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի նախագահ Առնոլդ Ստեփանյանի խոսքով, այս ցուցակում ընդգրկված էին մարդիկ, ովքեր մեծամասնական ընտրակարգի առկայության դեպքում կարող էին մեծամասնականի թեկնածուներ լինել։

«Նրանք դեռ ցուցակը չեն հրապարակել, հրապարակել են շրջանների համակարգողների ցուցակը, այսինքն՝ սա ամբողջ ցուցակը չէ։ Կոպիտ ասած՝ այս մարդիկ, եթե մեծամասնական ընտրակարգ լիներ, մաժորիտար կլինեին։ Բայց բուն համամասնական ցուցակը դեռ չի հրապարակվել։ Սակայն կարծում եմ, ամեն դեպքում, եթե ավելացնեն, կլինի միայն մեկ հայ և մեկ ադրբեջանցի, ոչ ավելին, քանի որ վերջին 20 տարում ընտրացուցակներում հայերի և ադրբեջանցիների ներկայացուցիչների մասնակցության առումով առաջընթաց չկա: Այսինքն՝ ամեն ինչ գնալով քչանում է։ Չեմ բացառում, որ մեկական ներկայացուցիչ լինի»,- ասում է նա։

Դեռ հայտնի չէ նա&, թե ընտրություններից 2 ամիս առաջ ինչպիսին են լինելու ընդդիմադիր կուսակցությունների համամասնական ցուցակները։

«Անշուշտ, ընդդիմությունը կզբաղվի ազգային փոքրամասնություններով, այնքանով, որքանով…: Ոմանք ավելի ակտիվ են։ Այն պայմաններում, երբ փոքրամասնությունների շրջաններում հիմնականում ամբողջ տարին ոչինչ չես անում և ընտրություններից առաջ գնում ես այնտեղ ու խոսում ծրագրերից, անհնար է, որ ընտրողների մի ստվար զանգված ընտրի նրանց, ում չի ճանաչում։ Եվ նաև այն պայմաններում, երբ տեղական իշխանությունների կողմից ակտիվ աշխատանք է տարվում (խմբ. հօգուտ իշխող կուսակցության) և գումարած դրան որոշակի ճնշում կա ընտրությունների վրա։ Այնպես որ, իհարկե, դժվար կլինի»,- ասում է Առնոլդ Ստեփանյանը։

Կուսակցությունների հետաքրքրությունը ազգային փոքրամասնությունների նկատմամբ գործնականում թուլանում է, այսպես է կարծում դիտորդական գործունեություն իրականացնող կազմակերպության նախագահը։

«Դրա համար շատ պատճառներ կան։ Բայց բոլորին միավորող պատճառներից մեկն այն է, որ նրանք չունեն բավարար ռեսուրսներ ամենուր աշխատելու համար: Իսկ էթնիկ փոքրամասնությունների շրջաններում աշխատելը շատ ավելի թանկ է, քան մեծ քաղաքներում և Արևմտյան Վրաստանում, որտեղ ընտրողը հեռուստացույց է դիտում վրացերենով, ճանաչում են քաղաքական կուսակցություններին։ Այսինքն՝ նրանք շատ բան բացատրելու կարիք չունեն։ Իսկ էթնիկ փոքրամասնությունների շրջաններում անհրաժեշտ է անընդհատ ագրեսիվ գովազդային արշավ իրականացնել տեղական լրատվամիջոցներում դա անելը դժվար է և ծախսատար։ Նրանց անհրաժեշտ են ազգային փոքրամասնությունների լեզվով խոսող կադրեր և մշտական գրասենյակային աշխատանք: Բայց հատույցը նույնը չէ, ինչ ստանում են մյուս շրջաններում։ Այսինքն՝ այս ամբողջ տնտեսական պատճառը բոլորի համար նույնն է»,- ասում է Առնոլդ Ստեփանյանը։