Այսօր՝ օգոստոսի 1-ին, Մեծահասակների կրթության կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակության հնարավորությունների ընդլայնում սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության» ծրագրի շրջանակներում երկրորդ հանդիպումը։

Հանդիպումն անցկացվեց կլոր սեղանի ձևաչափով։ Սամցխե-Ջավախքի էթնիկ փոքրամասնությունների զբաղվածության խնդրի քննարկմանը ներկա էին Զբաղվածության աջակցության պետական գործակալության, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ջավախքի երիտասարդությունը: Հանդիպմանը հրավիրված էին ենթակառուցվածքային խոշոր նախագծերի ներկայացուցիչներ, որոնք գործում են Ջավախքում՝ «Ախալքալաքի» հիդրոէլեկտրակայանից և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուց, ինչպես նաև շրջանային և մունիցիպալ իշխանությունների ներկայացուցիչներ, բացակայում էին նաև Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակի ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները.

1. Արտերկրում գումար վաստակելու հետևանքով առաջացած խնդիրների տեսլականի օպտիմալացում։

2. Կրթական համակարգում առկա խնդիրների դիտարկում, որոնց պատճառով աշխատաշուկայում առաջարկն ու պահանջարկը չեն համապատասխանում միմյանց։

3. Սամցխե-Ջավախքի տնտեսական զարգացման խոչընդոտների դիտարկում տեղական խոշոր ենթակառուցվածքային նախագծերի և զբոսաշրջության զարգացման համատեքստում։

«Ախալքալաքի մունիցիպալիտետի կարևոր խնդիրներից է զբաղվածությունը։ Ախալքալաքի մունիցիպալիտետում ապրող ընտանիքների 57%-ն ապահովվում է արտերկրում աշխատելու շնորհիվ»,- այսպես սկսեց «Բաց սահմաններ» ՀԿ-ի տնօրեն Ռիմա Ղարիբյանը աշխատանքային միգրացիայի խնդրին նվիրված շնորհանդեսը:

Ներկաներին ներկայացվեց զբաղվածության խնդիրը, որից բխում են մյուսները, օրինակ՝ գենդերային խնդիրներ, ընտանեկան խնդիրներ, փաստաթղթերի հետ կապված խնդիրներ, բնակչության ինտեգրման խոչընդոտները, քաղաքացիական պասիվություն, տնտեսական կախվածություն, քարոզչության տրվելը, երիտասարդների ցածր հետաքրքրությունը։

Երկրորդ խնդիրը, որը ներկայացրեց «Ախալքալաքի բիզնես կենտրոնի»  տնօրեն Մախարե Մացուկատովը, ավելի շատ վերաբերում էր միջպետական ԲԹԿ երկաթուղու նախագծին և մասնավորապես երկաթուղու վրացական հատվածում տեղացիների աշխատանքին: Տվյալ մասի ընթացքում բանախոսները հիշեցին, որ 2019 թվականին, երբ երկաթուղային քոլեջը ներկայացրել էր ծրագիրն Ախալքալաքում, ասվել էր, որ քոլեջը համագործակցության հուշագիր է ստորագրել «Մարաբդա-Կարծախ երկաթուղի» ՍՊԸ-ի հետ, որպեսզի քոլեջի ուսանողներն ուսման հետ մեկտեղ աշխատեն ԲԹԿ-ում: Սակայն այս համագործակցության արդյունքները տեղում ոչ ոք չզգաց։ Նաև անհասկանալի է մնում՝ կա՞ արդյոք պահանջարկ ունեցող պոտենցիալ աշխատատեղերի ցանկ և կոնկրետ ո՞ր մասնագիտություններն են անհրաժեշտ։ Արդյո՞ք Ախալքալաքի կայարանում կբացվի տերմինալ, որտեղ բեռները կբեռնվեն/կբեռնաթափվեն: Եթե դա նախատեսված է, ապա ե՞րբ կբացվի այս տերմինալը։ Որո՞նք են խոշոր բիզնեսի ներդրումների խոչընդոտները և ի՞նչ է անհրաժեշտ վերամշակող և/կամ արտադրական բիզնեսին աջակցելու համար:

Վերջին շնորհանդեսը, որը ներկայացրեց Մեծահասակների կրթության կենտրոնի տնօրեն Շորենա Թեթվաձեն, վերաբերում էր կրթության ոլորտում առկա խնդիրներին։ Խոսվեց, որ նախադպրոցական հաստատություններում մասնագետների պակաս կա։ Ուսուցիչների մեծ մասը չունի համապատասխան կրթություն։ Խոսվեց դպրոցներում ուսուցիչների պակասի մասին՝ հիմնականում բնագիտական առարկաներից՝ քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն, պատմություն, քաղաքացիական կրթություն… Խնդիրը ընդգծվեց նրանով, որ դիմորդների մեծ մասը դեռ նախապատվությունը տալիս է այսպես կոչված «հեղինակավոր» ֆակուլտետներին։ Իսկ տեխնիկական/արհեստագործական կրթության ոլորտում կա իրազեկվածության ցածր մակարդակ, ցածր հետաքրքրություն։

Քննարկման ընթացքում յուրաքանչյուր ներկայացուցիչ կիսվեց, թե ինչ է անում իրենց կազմակերպությունը, ինչպես նաև իրենց տեսլականը տվյալ խնդրի վերաբերյալ: Ներկաներն ամենաշատ հարցերն ունեին Զբաղվածության գործակալության ներկայացուցչի նկատմամբ։ Եվ շատ բաների մասին, որը ներկայացուցիչը պատմեց կլոր սեղանի մասնակիցներին, վերջիններս լսում էին առաջին անգամ:

Հիշեցնենք, որ սա այս ծրագրի շրջանակներում երկրորդ վորքշոփն էր, որն իրականացվում է երեք ՀԿ-ների՝ «Բաց սահմաններ», «Մեծահասակների կրթության կենտրոն», «Ախալքալաքի բիզնես կենտրոն» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ։ Հանդիպումներն անցկացվում են «Քաղաքացիական հասարակության հնարավորությունների ընդլայնում սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է HEKS EPER կազմակերպության կողմից Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Պլատֆորմը հանդիպումների և քննարկումների միջոցով վերլուծում է քննարկումների ընթացքում հնչած առաջարկություններն ու գաղափարները՝ Սամցխե-Ջավախքում էթնիկ հայերի զբաղվածության խնդրի հնարավոր լուծման համար առաջարկություններ մշակելու նպատակով: