նորություններ 30 Հուլիսի, 2024 • Արդարադատության նախարարը հիշեցրել է, որ գոստոսի 1-ից ուժի մեջ կմտնի «գործակալների մասին» օրենքը

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտարարել է, որ իրենք արդեն պատրաստել են տեխնիկական բազան, որն անհրաժեշտ էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հիման վրա հասարակական և լրատվական կազմակերպությունների գրանցման համար։

«Օգոստոսի 1-ից այս չափանիշներին համապատասխանող կազմակերպություններն արդեն կարող են դիմել գրանցվելու համար։ Ամեն ինչ պատրաստ է։ Եթե կազմակերպությունը չի կատարում օրենքով նախատեսված պահանջները, չի ենթարկվում Վրաստանի օրենսդրությանը, գիտեք, որ ենթարկվում է համապատասխան պատասխանատվության` 25 հազար լարի տուգանքի չափով»,- զգուշացրել է նախարարը։

Ռատի Բրեգաձեին հարց է ուղղել «Ֆորմուլա»-ի լրագրողը։ Վերջինս օրենքն անվանել է «Գործակալների մասին օրենք», Բրեգաձեն հակադարձել է, որ հարցին չի պատասխանի, քանի որ լրագրողն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի փոխարեն ասել է «Գործակալների մասին օրենք»։

Օրենքի ընդունումից հետո Եվրամիությունը դադարեցրեց Վրաստանին տրամադրվող օգնության մի մասը, իսկ ԱՄՆ-ն անորոշ ժամկետով հետաձգեց զորավարժությունները։

Վերատպման կանոն