Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն ընդունելություն է հայտարարում Ջավախքի դիմորդներին՝ առանց որևէ ընդունելության քննության։ Ցանացողները կարող են դիմել մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ։ Համալսարանում սովորելու և ավելի մանրամասն տեղեկությունների համար շրջանավարտները կարող են Ախալքալաքում մասնակցել հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 28-ին, ժամը՝ 14։00-ին, Միմինո սրճարանում։
«Հեե՜յ Ջավախքու մանչեր, գիդե՞ք որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ընդունելության հնարավորություն ունես (առկա/հեռակա բակալավրիատ և առկա մագիստրատուրա) առանց ընդունելության քննությունների՝ գիտելիքների ստուգման միջոցով, որին կարող ես դիմել մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ բակալավրիատի դեպքում, իսկ մագիստրատուրայի դեպքում՝ մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ:
Ձե՛ռք բեր ժամանակին համահունչ գիտելիքներ, դարձի´ր որակյալ մասնագետ աշխատաշուկայում»,- կարդում ենք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տարածած հաղորդագրությունում:
Գյումրու մասնաճյուղը Ջավախքի շրջանավարտների սովորելու է հրավիրում հետևյալ մասնագիտություններով․
բակալավրիատ՝
- ֆինանսներ,
- մարքեթինգ,
- հաշվ․հաշվառում և հարկում,
- կառավարում։
մագիստրատուրա՝
- գործարար վարչարարություն
- մաքսային վարչարարություն
- բանկային գործունեության կազմակերպում։
Գործում է ճկուն զեղչային համակարգ 30%, 50%, 70%:
Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն առաջին երեք դիմորդներին մեկ տարի կապահովի կացարանով։