Ում համար են բարեփոխումները կատարվում Վրաստանում, որոնք պայման են Եվրամիությանն անդամակցելու, ինչպիսին է Վրաստանում ստեղծված իրավիճակը և «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումն ազդում է եվրաինտեգրման գործընթացի վրա և շատ ավելիի մասին Jnews-ը խոսել է ԶԼՄ-ների պաշտպանության վրացական կոալիցիայի ղեկավար Մամուկա Անդղուլաձեի հետ։

– Ի՞նչ է մեզ համար նշանակում Եվրամիությանն ինտեգրվելը։

Եվրաինտեգրումը մեզ համար լոկ ռազմավարական ընտրություն չէ, դա մեր պատմական ճանապարհն է։ Վրաստանը ձգտում է կենսապայմանների, անվտանգության, բազմակարծության և կրթության եվրոպական չափանիշներին: Սա համապատասխանում է մեր բնակչության ցանկություններին, և մենք հավատում ենք, որ եվրոպական արժեքները, ինչպիսիք են հանդուրժողականությունը, մարդու իրավունքների և փոքրամասնությունների նկատմամբ հարգանքը, հիմք կդառնան Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը բարելավելու համար։ Եվրոպական ինտեգրման գործընթացը երկար ճանապարհ է՝ սկսած անհրաժեշտ բարեփոխումներից։ Այդ բարեփոխումները միտված են քաղաքացիների կյանքի բարելավմանը և եվրոպական չափանիշներին համապատասխան պայմաններ ստեղծելուն։

– «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը ինչպե՞ս կանդրադառնա Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա, որը կարծես թե թափ է հավաքել։

Նախ ուզում եմ ասել, որ այս օրենքը, ինչպես մենք անվանում ենք Վրաստանում, «ռուսական օրենքը», ելնելով այս օրենսդրության դինամիկայից, ժամանակին ընդունվել է Ռուսաստանում և մինչ օրս գործում է այնտեղ։ Երբ որևէ օրենք ընդունվում է, առաջին հերթին պետք է իմանանք, թե ո՞րն է նպատակը, ինչո՞ւ է այն ընդունվում եւ կա՞ արդյոք նման օրենքի ընդունման անհրաժեշտություն։

Այս օրենքի հստակ նպատակն է լռեցնել Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր ինքնակազմակերպվում են, օգնում են միմյանց, ազատ են մտածում և հրապարակավ արտահայտում են իրենց կարծիքը։ Սա ավտորիտար պետությունների արդյունավետ լծակներից մեկն է։ Հատկապես այն ժամանակ, երբ Վրաստանը եվրաինտեգրման ճանապարհին է, այս պատմական պահը եկավ 2022 թվականից հետո՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Եվրամիությունը վերանայում էր իր քաղաքականությունը և այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, հնարավորություն տվեց ավելի արագ դառնալ Եվրամիության անդամ:

Սա միայն մեր՝ որպես տեղական սթեյքհոլդերների կարծիքը չէ, որ այս օրենքը չի համապատասխանում Վրաստանի բնակչության ցանկություններին և սահմանադրական սկզբունքներին։ Այդ մասին ուղղակիորեն հայտարարում են եվրաինտեգրման վերաբերյալ որոշումներ կայացնող պետական և միջազգային ներկայացուցիչները։ Վրաստանում ԵՄ դեսպանը բազմիցս հայտարարել է, որ այս օրենքը չի համապատասխանում եվրոպական սկզբունքներին։

– Եվրամիությունը հնարավորություն է տվել անդամ դառնալ միայն կոնկրետ պայմաններով, ինչո՞ւ են դրվում այդ պայմանները։

Եվրոպական ինտեգրումը պատկերացնում է ինչ-որ ճանապարհորդություն, որտեղ յուրաքանչյուր փուլում պետք է անցնել որոշակի կետեր, քանի որ Եվրամիությունը միջազգային կազմակերպություն է, որը բաղկացած է ավելի քան 20 երկրներից, և այն օրինական կազմակերպություն է: Այն հիմնված է կարևոր սկզբունքների վրա, և այն երկրները, որոնք ցանկանում են անդամ դառնալ, պետք է համապատասխանեն այդ պահանջներին: Բարեփոխումներն իրականացվում են փուլերով, և դա կախված է մեզանից։ Եվրամիությունը պատրաստ է մեզ օգնել ցանկացած պահի։ Մենք պետք է ցույց տանք, որ ցանկանում ենք ունենալ այնպիսի կյանքի ստանդարտներ, ինչպիսին Եվրամիությանն է, այլ ոչ թե սպասենք բարեփոխումներ իրականացնելու հրահանգների։

Հարցազրույցի հեղինակներ՝ Բորիս Ղարսլյան և Անահիտ Զալալյան