Այսօր խորհրդարանական մեծամասնությունը նախաձեռնում է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքների փաթեթը, որը բաղկացած է մեկ հիմնական օրենքից և դրանից բխող 18 օրինագծերից, որոնք փոփոխություններ են կատարում տարբեր օրենքներում՝ Քաղաքացիական օրենսգիրք, Աշխատանքային օրենսգիրք, կրթության մասին օրենսդրություն, և այլն»,- այս մասին ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Նրա պարզաբանմամբ՝ այս օրենսդրական փաթեթը կարգավորելու է 8 հարց՝ կապված ամուսնության, որդեգրման, սեռափոխության ընթացակարգերի, ԼԳԲՏ քարոզչության, սեռական փոքրամասնությունների միության հետ։
«Ես կներկայացնեմ հիմնական ասպեկտները, թե ի՞նչն է կարգավորվելու այս օրենքներով։ Սա 19 օրենքներից բաղկացած փաթեթ է, այդ թվում՝ մեկ հիմնական և 18 դրանից բխող օրենքներ։
Առաջինն ամուսնության խնդիրն է։ Ինչպես գիտեք, դեռ 2017 թվականին Սահմանադրությունը կարգավորել է ամուսնության հարցը՝ որպես տղամարդու և կնոջ միություն՝ ընտանիք ստեղծելու նպատակով։ Սակայն տարբեր խոսակցություններ ենք լսում այն մասին, որ Վրաստանում պետք է մտցվեն ամուսնության այլընտրանքային ձևեր, հետևաբար օրենքը կկարգավորի այլընտրանքային ամուսնական միության գրանցման անթույլատրելիությունը, ինչը հակասում է Վրաստանի օրենսդրությամբ ամուսնության համար սահմանված պայմանին, այսինքն՝ չի համարվում տղամարդու և կնոջ միություն:
Երկրորդ հարցը վերաբերում է որդեգրման խնդիրներին, և այստեղ անընդունելի կլինի անչափահասի որդեգրումն այն անձանց կողմից, ովքեր իրենց նույնականացնում են որպես իրենց սեռից տարբերվող սեռի ներկայացուցիչ, կամ ովքեր հետերոսեքսուալ մարդիկ չեն, այդ թվում՝ միայնակ անձինք, ովքեր ցանկանում են երեխա որդեգրել։
Երրորդ հարցը վերաբերում է, մասնավորապես, սեռափոխության վիրահատությանը, արգելվելու է վիրահատական միջամտություններ կատարել կամ օգտագործել այլ տեսակի բժշկական պրոցեդուրաներ՝ անձի սեռը փոխելու համար:
Չորրորդ՝ պետության կողմից տրված փաստաթղթերում սեռը նշելու խնդիրն է։ Արգելվելու է, որ անձը հաստատող փաստաթուղթը կամ պետության կողմից տրված այլ փաստաթղթում նշվի անձի սեռը, որը տարբերվում է կենսաբանական սեռից:
Հինգերորդ՝ կրթական ոլորտում քարոզչությունն արգելելու հարցերը՝ անընդունելի կլինի ԼԳԲՏ քարոզչություն իրականացնել ուսումնական հաստատությունում։ Մասնավորապես՝ նպաստել տեղեկատվության տարածմանը, որոնք ուղղված են անձին որևէ սեռին դասակարգման հանրահռչակմանը, որն իր սեռից տարբերվում է, նույն սեռի ներկայացուցիչների միջև հարաբերություններին կամ ինցեստին:
Բացի այդ, վեցերորդ հարցը տեղեկատվության տարածումն է, այդ թվում՝ դա վերաբերում է հեռարձակողներին, և հեռարձակողին չի թույլատրվի իրենց եթերում տարածել այնպիսի տեղեկատվություն, որն ուղղված է անձի՝ որպես իր սեռից տարբերվող սեռի դասակարգմանը, հարաբերություններին նույն սեռի ներկայացուցիչների միջև կամ ինցեստին։
Այստեղ կարևոր է համաձայնել, որ այս արգելքը կիրառվում է միայն այն շրջանակում, որ չի թույլատրվում հեռարձակողի եթերում հեռարձակել նույն սեռի ներկայացուցիչների միջև ինտիմ հարաբերություններ կամ ինցեստի տեսարաններ պատկերող տեսարանները։ Արգելվելու է նաև նույն բովանդակությամբ գովազդը, ինչը հեռարձակողի դեպքում ենթադրում է, որ այդ տեսարանները չեն թույլատրվելու հեռարձակել հեռարձակողի եթերում։
Յոթերորդ հարցը վերաբերում է հավաքների և մանիֆեստացիայի հարցերին՝ այստեղ անընդունելի են լինելու հանրային հավաքները կամ մանիֆեստացիաները՝ ուղղված անձի դասակարգմանը սեփական սեռից տարբերվող սեռին, միասեռական հարաբերություններին կամ ինցեստի հանրահռչակմանը։
Վերջին, ութերորդ հարցը վերաբերում է աշխատանքային հարաբերություններին, ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հաստատություններում, որ աշխատանքային հարաբերությունների շրջանակներում դրված նման պարտականությունը, որն ուղղված է կենսաբանական սեռի անտեսմանը, անվավեր կլինի:
Սրանք ութ հարցերն են, որոնք կկարգավորվեն 19 օրենքների միջոցով։ Բացի այդ, հիմնական օրենքում, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքում մայիսի 17-ը կսահմանվի որպես ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օր և կհայտարարվի հանգստյան օր»,- հայտարարել է Պապուաշվիլին։