Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքային և գյուղական փողոցների վերանորոգման մրցույթը արդեն երկրորդ անգամ չի կայացել՝ նախահաշվային փաստաթղթերում անճշտությունների պատճառով, ինչպես գրված է մրցութային հանձնաժողով նիստի արձանագրության մեջ:
Ինչպես Jnews-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի ճարտարապետության, շինարարության և ենթակառուցվածքների ծառայության պետը՝ Արա Մովսիսյանը, մրցույթում փոփոխություններ կկատարվեն ու այն վաղը նորից կհայտարարվի:
«Նախահաշիվում տեխնիկական սխալներ են եղել, մրցույթը դադարեցրել ենք, վաղը կվերահայտարարենք: Մենք գնացուցակը նայեցինք, այնտեղ ծառայություններ կային, որոնք մեզ համար ոչ անհրաժեշտ էին, ինչպես նաև՝ գները։ Այժմ աշխատանքի գումարն ըստ գնացուցակի էլ ավելի կպակասի»,- մեկնաբանեց նա։
Ինչպես պարզաբանեց Արա Մովսիսյանը, գնացուցակում նշված է յուրաքանչյուր քառակուսի մետրի, խորանարդ մետրի, տոննաժի և աշխատանքի այլ միավորների գինը և այլն: Հետո քաղաքապետարանը կապալառուին վճարում է գումարն ըստ նրա, թե քանի միավոր աշխատանք է արվել:
Թե՛ առաջին, թե՛ երկրորդ մրցույթի աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է 350 000 լարի, նոր մրցույթում այն կմնա անփոփոխ։ Թեև աշխատանքի գումարն ըստ գնացուցակի փոխվել է՝ առաջին անգամ 70,705 լարի է եղել, երկրորդ անգամ՝ 52,990 լարի, իսկ նոր մրցույթում, ինչպես ասաց Մովսիսյանը, էլ ավելի կկրճատվի։
Նշենք, որ այս տարի փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվել մունիցիպալիտետում, որոնք իրականացվել են խնայողություններով՝ անցած տարվա մրցութային միջոցներով։ Ճանապարհներն Ախալքալաք քաղաքում և շատ ուղղություններում խիստ վնասված են և վերանորոգման կարիք ունեն, սակայն երկրորդ անգամ մրցույթը չի կայացնում:
Հիշեցնենք, որ Ախալքալաք քաղաքի և գյուղերի ճանապարհների վերանորոգման համար առաջին անգամ մրցույթը հայտարարվել է ապրիլի 4-ին՝ 350 000 լարիի չափով, հայտդիմումներն ընդունվում են ապրիլի 20-ից 29-ը։ Այն հայտարարված է գնացուցակի համաձայն, որում նշված են կատարված աշխատանքի միավորի համար գները: Երկրորդ անգամ մրցույթը հայտարարվել էր մայիսի 13-ին։ Առաջարկներն ընդունվել են մայիսի 21-ից 24-ը։
Գնացուցակը պարունակում է բնական աղետների հետևանքներով աշխատանքների գները, ճանապարհի երթևեկելի մասի վրայի աշխատանքների, արհեստական կառույցների աշխատանքների, ճանապարհային երթևեկությունը կարգավորելու տեխնիկական աշխատանքների գները և այլն:
Լուսանկարը՝ արխիվից