Հայտերի գրանցումը բաց է Վրաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են 2024/2025 ուսումնական տարում սովորել իտալական համալսարաններում՝ Իտալիայի կառավարության կրթաթոշակային ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է Վրաստանում Իտալիայի դեսպանությունը։
2024-2025 ուսումնական տարվա համար Վրաստանի քաղաքացիներին տրամադրվում է ընդհանուր առմամբ 63 ամիս կրթաթոշակ։ Ամսական՝ 1000 եվրո։
Մագիստրոսական ծրագրերի, AFAM դասընթացների, դոկտորանտուրայի և համատեղ նախագծերի համար առաջարկվում է 9-ամսյա կրթաթոշակ: Այն կարող է օգտագործվել 2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը։
Իտալերենի և մշակույթի դասընթացների համար տրամադրվում է 3 ամսյա կրթաթոշակ: Այն կարող է օգտագործվել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը։
Ուսման համար կրթաթոշակը շնորհվում է ընտրության չափանիշներին համապատասխանության հիման վրա՝ թեկնածուների հետ հարցազրույցների արդյունքների և նրանց ներկայացրած փաստաթղթերի համեմատական գնահատման հիման վրա:
Թեկնածուները պետք է իրենց հայտերը ներկայացնեն միայն Study in Italy պորտալի միջոցով մինչև 2024 թվականի հունիսի 14-ը ժամը 16:00-ն:
Մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել Իտալիայի դեսպանության կայքում: