Եվրախորհրդարանի 30-ից ավելի պատգամավորներ դիմել են Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ կապված Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։
Ինչպես ասվում է բաց նամակում, օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենք մտցնելով և խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման փորձերով հատել են սահմանը։ Եվրոպացի խորհրդարանականները Բորելին կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել և պահանջել կասեցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը և վերանայել ֆինանսավորումը։
Հայտարարության մեջ ասվում է, որ ժողովրդավարության չափանիշները նույնն են ԵՄ թեկնածու բոլոր երկրների համար և դրանք պետք է պահպանվեն։
«Վրացական իշխանությունների շարունակական ոչ ժողովրդավարական պահվածքը, հատկապես նրանց ագրեսիվ փորձերը՝ ներմուծելու ռուսաստանյան օրինակով օտարերկրյա գործակալների մասին օրենքը և խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը, հատել են սահմանը։ Այս պահվածքն էլ ավելի է մեծացրել լարվածությունը և բևեռացումը վրացական քաղաքականության և հասարակության շրջանում՝ հակասելով ինը քայլերին, որոնք Վրաստանի կառավարությունը պարտավորվել էր իրականացնել, երբ երկրին տրվեց ԵՄ թեկնածուի կարգավիճակ:
Կոչ ենք անում Ձեզ կոշտ դիրքորոշում զբաղեցնել և ձեռնարկել հետևյալ միջոցառումները, որոնք հստակ ազդակ կտան Վրաստանի իշխանություններին:
- Նախ, Վրաստանի կառավարության և առաջատար «Վրացական երազանք» կուսակցության պահվածքը հակասում է ԵՄ թեկնածու երկրի պարտավորություններին, հետևաբար Վրաստանի թեկնածուի կարգավիճակը պետք է կասեցվի առանց անդամակցության գործընթացում հետագա առաջընթացի:
- Երկրորդ՝ պետք է վերանայել Եվրամիությունից Վրաստանի պետական բյուջեի և կառավարության ծրագրերի ֆինանսավորումը։
- Երրորդ՝ 2023 թվականի նոյեմբերի 8-ի Հանձնաժողովի հանձնարարականում պարունակվող ինը քայլերի իրականացման հարցում Վրաստանի առաջընթացի միջնաժամկետ գնահատումը պետք է իրականացվի անհապաղ: Այս միջոցառումը ներառվել է 2024 թվականի ապրիլի 25-ի խորհրդարանի Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը վերականգնելու փորձերի և քաղաքացիական հասարակության սահմանափակումների մասին որոշման մեջ։
Վերջին տարիներին մենք անդադար աշխատել ենք աջակցելու վրաց ժողովրդին և Եվրամիությանն անդամակցելու նրա ձգտումներին: Մենք հաստատակամորեն մնում ենք այս ճանապարհին, սակայն ԵՄ բոլոր թեկնածու երկրների համար ժողովրդավարական չափանիշները նույնն են և դրանք պետք է հարգել»,- ասված է հայտարարության մեջ։