Մեծ քանակությամբ տվյալներ են արտահոսել հեռահաղորդակցության Silknet ընկերությունից, հայտնում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը։
Խոսքը 33 հազար նույնականացման քարտերի մասին է, որոնք անօրինական կերպով տարածվել են համացանցում։
Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունից հայտնում են, որ ուսումնասիրում են խնդիրը։
Silknet-ը հաստատում է, որ օգտատերերի տեղեկատվության արտահոսքը եղել է, սակայն չի պատասխանում արտահոսքի չափի կամ այլ մանրամասների վերաբերյալ հարցերին։ Ընկերությունը նախատեսում է հայտարարություն անել։
Պայմանագիրը ստորագրելիս ընկերությունը պահանջում է անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Մարտի 19-ի դրությամբ տվյալները ջնջվել էին այն հարթակում, որտեղ այն վերբեռնվել էր։ Հայտնի չէ, թե արդյոք կան օրինակներ, որոնք ապագայում կարող են անօրինական կերպով հասանելի դառնալ։
Silknet-ը Վրաստանի հեռահաղորդակցության շուկայում ամենամեծ խաղացողն է։ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ ընկերության կողմից իր կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Silknet-ն ունի.
- 1 859 784 բջջային կապի բաժանորդ,
- 154 555 ֆիքսված ցանցի բաժանորդ,
- 339 452 ֆիքսված լայնաշերտ կապի բաժանորդ,
- 259 673 վճարովի հեռուստատեսության օգտատեր: