Սփյուռքահայ պատանիների և երիտասարդների շրջանում ազգային ինքնության պահպանման և զարգացման նպատակով ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստանում իրականացնում է «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրը:
Ծրագիրը ներառում է՝
- 13-օրյա ճամբարային ծրագիր,
- հայոց լեզվի դասընթացներ (արևելահայերեն, արևմտահայերեն),
- հայրենագիտության դասընթացներ,
- ազգային երգ ու պարի դասընթացներ,
- ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ,
- հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ,
- մարզական և մշակութային միջոցառումներ:
Ծրագրի 13-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:
Մասնակցել կարող են՝ 13-18 տարեկան ՀՀ քաղաքացի չհանդիսացող (բացառությամբ՝ երկքաղաքացիություն ունեցողների) սփյուռքահայ այն պատանիները և աղջիկները, որոնք՝
- նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին,
- իրենց հաշվին հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը,
- իրենց հաշվին ձեռք են բերելու երկշաբաթյա տուրիստական ապահովագրություն:
Այս տարվա ծրագիրը նախատեսված է 600 սփյուռքահայ պատանիների համար:
Ինչ վերաբերվում է հայտադիմումներին, ապա՝
«Քայլ դեպի տուն» 2024-ի հայտադիմումներն արդեն ընդունվում են, իսկ վերջնաժամկետն է ապրիլի 1-ը:
Դիմելու համար սեղմեք՝ այստեղ:
Նախքան ձեր հայտի լրացման գործընթացը սկսելը, խորհուրդ է տրվում ձեռքի տակ ունենալ հետևյալ ֆայլերը՝
- անձնագրի և լուսանկարի պատճեն,
- մոտիվացիոն տեսանյութ (1. Ինչու՞ եք ուզում մասնակցել ծրագրին: 2. Ի՞նչ ակնկալիքներ ունեք: 3. Ի՞նչ կուզեիք բացահայտել ծրագրի միջոցով),
- տեղեկանք ուսումնական հաստատությունից,
- տեղեկանք բնակության վայրից, եթե ՀՀ քաղաքացի եք,
- հաստատման նամակ ծնողի կողմից, այն ներբեռնելու համար սեղմեք՝ այստեղ:
Հաշվի առնելով տեղերի սահմանափակ քանակը մասնակիցների ընտրությունը կատարվելու է «Առաջինը դիմեցիր, առաջինը ընդունվեցիր» սկզբունքով:
Ծրագրի մասնակցության կամ մերժման ծանուցումը մասնակիցը կստանա հայտն ուղարկելուց 15 օր հետո:
Հիշեցնենք, որ ծրագիրը կիրականացվի 6 փուլով՝ հունիսի 3-ից օգոստոսի 24-ը՝
- հունիսի 3 – հունիսի 15,
- հունիսի 17 – հունիսի 29,
- հուլիսի 1 – հուլիսի 13,
- հուլիսի 15 – հուլիսի 27,
- հուլիսի 29 – օգոստոսի 10,
- օգոստոսի 12 – օգոստոսի 24։
Մասնակիցներին սպասվում է անմոռանալի օրեր, որոնց ընթացքում կսովորեն հայերեն, ազգային երգ ու պար, ինչպես նաև կճամփորդեն Հայաստանով մեկ: