
Ախալքալաքի մունիցիպալիտետի Վաչիան գյուղում դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ գյուղական համույթի հաշվետու համերգը։ Համագյուղացիների համար համույթն ամանորյա անակնկալ մատուցեց:
Վաչիանի գյուղական մշակութային կենտրոնում պարային համույթը՝ հիմնադիր տնօրեն Նասլեթ Քեյանի ղեկավարությամբ, համերգ էր կազմակերպել «Մենք աշխատում ենք 2009 թվականից» խորագրով:
Դահլիճը լեփ-լեցուն էր, համերգին ներկա էին Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, Տեր-Թադևոս քահանա Մկրտչյանը, սակրեբուլոյի պատգամավորներ և մի շարք այլ հյուրեր։
Համերգային ծրագրին մասնակցում էին «Վաչիան» պարային համույթի սաները, «Հայկանուշ» մանկապարտեզի սաները, համերգին ընթացքում Դամալա «Կարին» համույթի և «Իվերիա» պարային խմբի սաները եկել էին ողջունելու մասնակիցներին։
«2009 թվականից Վաչիանում սկիզբ դրվեց մի մշակույթի, որը փոխեց Ջավախքի ընդհանուր տեսքը: Մենք ծանոթացանք ավանդական պարերին, որոնք օգնեցին մեզ բացահայտել ինքներս մեզ», – ասաց «Վաչիան» համույթի հիմնադիր Նասլեթ Քեյանը:
Մանկապարտեզի սաները ամանորյա նվերներ ստացան նաև բարերար Մանուկյան եղբայրներից։