Վարդագույն հոկտեմբերի շրջանակներում, որը նշվում է որպես կրծքագեղձի դեմ պայքարի միամսյակ, Թբիլիսիի ավագանու նախաձեռնությամբ և «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ անցկացվում է տեղեկատվական արշավ՝ ուղղված հայալեզու հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելուն:
Ակցիայի շրջանակներում տեղեկատվական բուկլետներ են բաժանվում մարդկանց ինչպես վրացերեն, այնպես էլ հայերեն լեզվով:
Jnews-ի հետ զրույցում Թբիլիսիի ավագանու անդամ Թինաթին Նիբլոշվիլին նշեց.
«Ազգային փոքրամասնությունների խորհրդի հետ միասին «Քո կյանքը՝ քո ձեռքերում է» արշավ ենք իրականացնում, որն իրենից ենթադրում է կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում։ Հայալեզու հասարակությանը բաժանում ենք քաղցկեղի սքրինինգի մասին բուկլետներ, որպեսզի Վրաստանի ցանկացած քաղաքացի իրազեկված լինի և օգտվի անվճար հետազոտության հնարավորությունից»:
Քաղցկեղի սքրինինգի ծրագիրն անվճար է Վրաստանի քաղաքացիների հետևյալ տարիքային խմբերի համար’
- 40-ից 70 տարի ներառյալ՝ կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգ
- 25-ից 60 տարի ներառյալ՝ արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգ
- 50-ից 70 տարի ներառյալ՝ հաստ աղիքի քաղցկեղի սքրինինգ
- 25-ից 70 տարի ներառյալ՝ վահանաձև գեղձի քաղցկեղի կառավարում (միայն Թբիլիսիում գրանցվածների համար, այդ թվում՝ Թբիլիսիում գրանցված հարկադիր վերաբնակների համար):
Ազգային սքրինինգ կենտրոնի հասցեներն են՝
- Սաբուրթալո՝ Մերաբ Ալեքսիձեի փողոց թիվ 1
- Դիդուբե՝ Ակակի Ծերեթելիի պողոտա թիվ 69 Վարկեթիլի
- Կալուբանի փողոց թիվ 12
- Գլդանի՝ Գլդանի IV մ/ր. 113 ա
Շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին՝ «Վիրահայերի միություն» կազմակերպության հիմնադիր Մարի Առաքելովան իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Վարդագույն հոկտեմբերը նվիրվում է կրծքագեղձի ուռուցքի դեմ պայքարին, որի շրջանակներում անվարձահատույց թարգմանեցինք հայերենով տեղեկատվական նյութեր և ավագանու անդամների հետ կազմակերպեցինք տեղեկատվական արշավ։ Հատուկ շնոդհակալություն նաև կամավոր երիտասարդներին աջակցության համար»։