Սահմանադրության խախտման հանցագործության հատկանիշների առկայության հիմքով, Վրաստանի Նախագահին, Կառավարության անդամին, Գերագույն դատարանի դատավորին, Գլխավոր դատախազին, Գլխավոր հաշվեստուգողին և Ազգային բանկի խորհրդի անդամին իմփիչմենթի կարգով պաշտոնից ազատելու հարց հարուցելու իրավունք ունի Խորհրդարանի ընդհանուր կազմի առնվազն մեկ երրորդը:
Իմփիչմենթի ընթացակարգը մանրամասն ներկայացված է Սահմանադրության 48-րդ հոդվածում։ Ըստ Սահմանադրության վերը նշված հոդվածի՝հարցը փոխանցվում է Սահմանադրական դատարան, որը քննարկում է այն և Խորհրդարանին մեկամսյա ժամկետում ներկայացնում եզրակացություն։
Եթե Սահմանադրական դատարանն իր եզրակացությամբ հաստատի պաշտոնատար անձի կողմից Սահմանադրության խախտումը կամ նրա արարքում հանցագործության հատկանիշների առկայությունը, ապա Խորհրդարանը եզրակացությունը ներկայացնելուց հետո 2-շաբաթյա ժամկետում քննարկում և քվեարկության է դնում իմփիչմենթի կարգով նրան պաշտոնից ազատելու հարցը:
Վրաստանի Նախագահը իմփիչմենթի կարգով պաշտոնից ազատված կհամարվի, եթե սույն որոշմանն աջակցի Խորհրդարանի ընդհանուր կազմի առնվազն երկու երրորդը:
Ըստ Սահամանադրության, եթե Խորհրդարանը 2-շաբաթյա ժամկետում չընդունեց որոշում պաշտոնատար անձին իմփիչմենթի կարգով պաշտոնից ազատման մասին, թույլ չի տրվում նույն հիմքով իմփիչմենթի ընթացակարգ սկսել:
Վրաստանի նախագահի իմփիչմենթի կարգը՝ ըստ Սահմանադրության, քայլ առ քայլ.
• Իմփիչմենթի ընթացակարգ սկսելու համար անհրաժեշտ է Խորհրդարանի ընդհանուր կազմի առնվազն մեկ երրորդը՝ առնվազն 50 պատգամավոր։
• Իմփիչմենթի նախաձեռնողների ստորագրություններով հարցումը ներկայացվում է Սահմանադրական դատարան:
• Եթե Սահմանադրական դատարանը հաստատի, որ նախագահը խախտել է Սահմանադրությունը, ապա Խորհրդարանն իրավունք կունենա քվեարկելու իմփիչմենթի օգտին։ Սահմանադրական դատարանը որոշում կայացնելու համար ունի առավելագույնը մեկ ամիս:
• Խորհրդարանը Սահմանադրական դատարանի որոշումից հետո երկու շաբաթ ժամանակ ունի քվեարկության հանելու իմփիչմենթի հարցը։
• Նախագահը պաշտոնանկ կհամարվի իմփիչմենթի մեխանիզմով, եթե դրա օգտին քվեարկի խորհրդարանի ընդհանուր կազմի առնվազն երկու երրորդը, այն է՝ 100 պատգամավոր։
Ուժերի բաշխումը Վրաստանի Խորհրդարանում
Խորհրդարանական մեծամասնությունը (իշխող կուսակցությունը) և նրան սատարող պատգամավորները, այժմ ունեն 82 մանդատ։
«Վրացական երազանքը» կարող է հոկտեմբերի 1-ին ևս երկու ձայն հավաքել ազատված տեղերի հաշվին միջանկյալ ընտրություններում, և ստացվում է 84 մանդատ։
Խորհրդարանական մեծամասնությունը կարող է «Եվրոպական սոցիալիստների» աջակցության հույսն ունենալ, այն է՝ գումարած ևս չորս մանդատ։
Առավելագույնը 88 է ստացվում, սակայն անհրաժեշտ է 100 ձայն։
Հարցն այն է, արդյո՞ք իշխող կուսակցությունը կստանա ևս 12 պատգամավորի աջակցությունը, իսկ նրանց հարկավոր է փնտրել ընդդիմության շարքերում։ Ոչ վաղ անցյալում եղել է նախադեպ, երբ ընդդիմության չորս պատգամավոր մեծամասնության հետ միասին քվեարկել է Արդարադատության խորհրդի անդամների օգտին։
Պատրվակ կոնֆլիկտի համար
Իշխող կուսակցության և Վրաստանի նախագահի հարաբերությունները վաղուց լարված են, Սալոմե Զուրաբիշվիլին բացահայտ քննադատում է իշխող կուսակցությանը, այդ թվում՝ այն բանի համար, որ բավարար գործողոթւոյններ չի արվել ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումն առաջացնում է բազում հարցեր:
Հակառակվածության նոր պտույտը սկսվեց այն բանից հետո, երբ Զուրաբիշվիլին մեկնեց եվրոպական շրջագայության՝ առանց Կառավարությունից հաստատում ստանալու, ինչը պահանջում է Սահմանադրությունը և դա պարտադիր բնույթ է կրում։
Վրաստանի Կառավարությունն արգելել է Նախագահին Եվրոպայում հանդիպումներ անցկացնել և քննադատության համար նրան մեղադրում է «երկրի եվրաինտեգրման շահերին հակառակ գործելու մեջ»։
Զուրաբիշվիլին Գերմանիայում հանդիպել է իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, իսկ ուրբաթ օրը նախատեսված է հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահի հետ։
Նախագահի վարչակազմը հայտնում է, որ Զուրաբիշվիլին մի շարք հանդիպումներ է անցկացնում եվրոպացի առաջնորդների հետ՝ լոբբինգ իրականացնելու նպատակով Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում նրանց աջակցության համար: