Վաղը՝ օգոստոսի 12-ին, Ախալքալաքում նախատեսվում էր Երիտասարդների օրվան նվիրված տոնակատարություն անցկացնել։ Բայց կապված օգոստոսի 3-ին Վրաստանի Շովի հանգստավայրում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ այն չեղարկվում է։
Ախալքալաքի քաղաքապետարանի գենդերային խորհրդի անդամ, սակրեբուլոյի պատգամավոր Սեդա Մելքումյանը JNEWS-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ երիտասարդների օրվան նվիրված տոնական միջոցառման մի մասը կնշվի Ախալքալաք քաղաքի օրվա տոնակատարության ժամանակ, որը նախատեսվում է տոնել սեպտեմբերի առաջի կեսերին։
«Երիտասարդների օրը չի անցկացվի, քանի որ մենք հարգում ենք Շովիում տեղի ունեցած աղետի հետևանքով զոհվածների և անհետ կորածների ընտանիքների վիշտը», — ասաց Սեդա Մելքումյանը։
Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում զոհերի թիվը հասել է 21-ի, դեռևս 12 մարդ որոնվում է: Այս պահի դրությամբ 4 զոհի ինքնությունը պարզվում է։ Զոհվածներից 14-ի ինքնությունը հայտնի է։ Վրաստանում օգոստոսի 7-ը սգո օր էր հայտարարվել:
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել: