նորություններ 10 Օգոստոսի, 2023 • Մոդեգամում միգրացիայի պատճառներից մեկը ճանապարհների անբարեկարգ վիճակն է

Մոդեգամում տարիներ շարունակ բնակիչները երազում են բարեկարգ ճանապարհ ունենալու մասին։ Այս տարի հարթեցման աշխատանքներ դեռ չեն իրականացվել, բայց խոստացել են, որ կանեն։

Տարիների ընթացքում գյուղը դատարկվել է, այնտեղ մնացել են միայն տարեցները։ Երիտասարդները, ովքեր տարբեր պատճառներով լքում են գյուղը, այլևս հետ չեն վերադառնում։ Գյուղում որ տաքսի են տեսնում, զարմանում են, բայց գիտեն, վստահ են, որ այդ տաքսու վարորդը երկրորդ անգամ իրենց գյուղ չի գա

7

Գյուղի ճանապարհը քանդված է, քարքարոտ ու խորդուբորդ։ Մոդեգամ տանող ճանապարհը մինչև Ղադո ասֆալտապատ է, այդտեղից հետո սկսվում է գյուղացիների համար դժոխային ուղին։ Մեծ ու փոքր քարեր, փոսեր, բարձրունք…

Գյուղն Ախալքալաքից հեռու է մոտ 26 կմ։ Բնակիչները քաղաք հասնելու համար հատում են դժվարին ճանապարհ, մինչև Ղադո գյուղ նրանցից պահանջվում է 20 րոպե, Ղադոյից արդեն 15 րոպե է պահանջվում քաղաք հասնելու համար։

Գյուղացիների խնդրանքը մեկն է՝ բարեկարգել իրենց գյուղի ճանապարհը, որպեսզի մնացած բնակիչներն էլ չլքեն գյուղը։

«Դեռ հարթեցման աշխատանքներ չեն իրականացվել, ձմռանը էլի ոչինչ, ձյունը հարթեցնում է, ամռանը ահավոր է վիճակը», — ասաց գյուղի բնակիչ Չախալյան Գարիկը։

9

Գյուղի մասնագետ Արամայիս Չախալյանն ասում է, որ ներկայացրել են իրենց գյուղի խնդիրը ղեկավարությանը, ասել են կվերանորոգեն, թե ե՞րբ չգիտեն։

«Սպասում ենք, որ պետք է վերանորոգեն։ Ճանապարհի ամենավատ հատվածը պատկանում է ճանապարհային վարչությանը, շրջանը պետք է դիմի նրանց, քանի որ այդ խաչմերուկը Բակուրիան գնացող ճանապարհն է։ Ճանապարհների հարթեցման էլեկտրոնային մրցույթն ուշացավ, երկու անգամ հայտարարեցինք, սակայն մասնակցող չեղավ, հիմա արդեն նորից պետք է հայտարարենք, սակայն դեռ ասֆալտի մասին խոսք չկա», — ասաց գյուղի մասնագետ Արամայիս Չախալյանը։

Ճանապարհի պատճառով առևտրականեր չեն գնում Մոդեգամ, անգամ կաթը չեն տանում, ամեն ինչ կապված է ճանապարհի հետ։ Անցած տարի նույն մարդը կաթը գյուղից տարել է, քանի որ հարթեցման աշխատանքներ են կատարվել և քիչ թե շատ լավ էր ճանապարհի վիճակը։ Այս տարի կարկուտի պատճառով ճանապարհը կրկին քարքարոտ է, ավելի վատ վիճակում, քան անցած տարի, դրանից հետո նույն առևտրականը հրաժարվել է գյուղ գնալ։

«Մեր համար առաջին խնդիրը դա ճանապարհների վիճակն է։ Շրջանի ղեկավարությունը պետք է գա, տեսնի ու միջոցներ ձեռնարկի։ Գյուղում ոչ մի առևտրական չի գալիս, ինչն է պատճառը՝ ճանապարհ չկա։ Շատ անգամ ենք դիմել, գյուղապետն էլ է դիմում, ժողովուրդն էլ է դիմել, պատգամավոր էլ ունենք։ Գալիս են ընտրությունից ընտրություն, մենք ուզում ենք իջնել շրջան բողոքի, ու պետք է ավարտենք գյուղական գործերը հետո գնանք», — ասաց գյուղի բնակիչ Չախալյան Մարտինը։

6

Խոստացել են բետոնե ճանապարհ կառուցել, սակայն մարդիկ արդեն հույսները կորցրել են, որ երբևէ նորմալ ճանապարհ կունենան։

Գյուղացիներն իրենց միջոցներով են ճանապարհը որոշ չափով հարթեցրել, բայց դա ընդհանուր պատկերն առանձնապես չի փոխել։

«Մեքենաս վերանորոգել եմ գարնանը, որ անցնի տեխզննում, բայց մեկ տարին չլրացած էլի պետք է նորոգեմ, որ կարողանամ հաջորդ տեխզննումն անցնել», — ասաց Նահատակյան Մեխակը։

Ախալքալաքի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանն ասաց, որ Մոդեգամ գյուղի ճանապարհի ասֆալտապատում դեռ նախատեսված չէ։

«Ղադոյից մինչև Մոդեգամ մոտ 12 կմ է, որից 3 կմ-ն է մերը, ճանապարհի մյուս հատվածը պատկանում է. ճանապարհային վարչությանը։ Մենք չենք կարող հարթեցնել այն մասը, որը պատկանում է նրանց, որ մասը, որ մերն է կհարթեցնենք, մյուս մասի համար կգրենք վարչություն։ Ինչ վերաբերվում է ասֆալտապատմանը, ապա ասեմ, որ նախագծում դեռեւս չկա», — եզրափակեց Մովսիսյանը։

Վերատպման կանոն