նորություններ 10 Օգոստոսի, 2023 • «Թե իմ, թե գյուղի համար ճիշտ էր հետ վերադառնալս». Նինա Մարիկյան

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղից Նինա Մարիկյանն առաջինն էր, ով բուհ է ընդունվել «1+4» նախագծով, և այն ավարտելով վերադարձել է հայրենի գյուղ։ Հիմա աշխատում է Հեշտիայի թիվ 1 հանրային դպրոցում, վրացերեն լեզվի ուսուցչուհի է և ներգրավված է բիլինգվալ կրթության մեջ։ Ասում է, ամենաճիշտ որոշումը հետ գալն էր։ Գիտակցում է, որ հենց երիտասարդները պետք է շրջանը զարգացնեն։

Նինան 2010 թվականին ավարտելով Հեշտիայի թիվ 1 հանրային դպրոցն ընդունվում է Իլիայի պետական համալասարան։ Առաջիններից է, ով «1+4» նախագծի հենց առաջին իսկ տարում է ընդունվել։

«Դժվար էր այն, որ չգիտեինք մեզ ինչ էր սպասվում, հնարավոր էր արդյո՞ք մեկ տարվա ընթացքում սովորել լեզուն, այնուհետև շարունակել բարձրագույն կրթություն ստանալ։ Հիմնականում սպասումներն էին ու անորոշությունը, նմանատիպ օրինակ չունեինք, որ խորհուրդ տային»։

Մասնագիտության ընտրության հարցում Նինային իր խորհրդով օգնել է ուսուցչուհին։

«Մասնագիտության ընտրության հարցում խորհուրդ է տվել իմ վրացերենի ուսուցչուհին, հիմա արդեն մեր դպրոցի տնօրենը։ Ինքն ասաց, որ ավելի լավ է վրացերենի ուսուցչուհի դառնամ, ասեմ, որ երազանք է եղել ինձ համար՝ ոչ, բայց կարծում եմ, որ շատ ճիշտ ժամանակին է խորհուրդ տվել»։

Ուսումնառության ընթացքում միակ դժվարությունը նրա համար եղել է լեզվական խոչընդոտը։

«Պետք էր շատ աշխատասիրություն և կամքի ուժ։ Հիմա, որ մտածում եմ, չեմ կարող ասել ինչը ինձ ստիպեց մնալ»։

9

Նինա Մարիկյանն ուսանողության տարիներին Թբիլիսիում մնալու մասին մտածել է, երազել է նույնիսկ աշխատել մայրաքաղաքում, սակայն ժամանակի հետ հասկացել է, որ ավելի լավ կլինի վերադառնա հայրենի գյուղ։

Վերջինս նշում է, թե իր համար, թե գյուղի համար ավելի ճիշտ էր հետ վերադառնալը։

«Հետ վերադառնալուց հետո աշխատանքի տեղավորվելու խնդիր չեմ ունեցել, միանգամից ընդունվել եմ թիվ 1 հանրային դպրոց, որպես վրաց լեզվի ուսուցչուհի, հետո աշխատել եմ որպես օգնական ուսուցչուհի։ Հիմա էլ բիլինգվալ կրթության մեջ եմ»։

Ասում է, չկա մի պահ, որ իր աշակերտների մասին չմտածի։

«Կարող եմ տանը հարթուկ անելիս մտածել նրանց մասին, նոր ծրագիր կազմել դասաժամը ավելի հետաքրքիր և առույգ դարձնելու համար»։

88

Նինան գոհ է իր աշխատանքից, նաև գոհ է ստացած արդյունքներից։ Ինչպես ինքն է նշում, իրենց դպրոցում արդեն բավականին բարձրացել է վրացերենի ուսուցման մակարդակը, և դասավանդում են ուսուցիչներ, ովքեր գնացել են Թբիլիսիում սովորելու եւ հետ են վերադարձել, հրավիրված ուսուցիչներ չունեն։

Մեր հերոսուհին ուրախությամբ է նշում, որ կամաց-կամաց հասնում են այն մակարդակին, որ հնարավոր լինի առանց «1+4»-ի ծրագրի ընդուվել համալսարաններ։ Իրենց դպրոցից արդեն մի աղջիկ ընդունվել է առաջին կուրս, միայն դպրոցում սովորած վրացերենով։

«1+4» ծրագիրը հիանալի է, մեծ հնարավորություն է մեր երիտասարդներին, որպեսզի բարձրագույն կրթություն ստանան հենց իրենց երկրում»։

Նինան սկզբնական շրջանում նաև գրադարանավարուհի է աշխատել և ընթացքում մասնկացել տարբեր մրցույթների, հարստացրել է դպրոցի գրադարանը, ինչպես նաև ունեցել է ընթերցանության խմբակներ։

22

Նինա Մարիկյանը գյուղից հեռանալու մտքեր դեռ չունի։

«Մեր շրջանը երիտասարդների կարիքը շատ ունի, ովքեր գնում սովորում են, նրանց տեղն ու բացակայությունը զգացվում է, լավ երիտասարդներրի կարիք մենք շատ ունենք, մեզ պետք են։ Թող իրենք զգան, որ մենք իրենց կարիքն ունենք, բայց եթե իրենք կարծում են, որ այլ տեղերում ավելի լավ է, ուրեմն իրնեց որոշումն է վերադառնալ, թե՞ մնալ»։

Մեր հերոսուհու առօրյան հագեցած է։ Մայր, ուսուցիչ, հարս, կին՝ կատարում է բոլոր պարտականությունները։

Նինան երկու երեխայի մայր է։

Պետական լեզվի իմացությունն առաջնային է համարում ինտեգրման համար։ Նշելով, որ սովորելու տեղ միշտ կա, դատարկ տեղ, որը միշտ պետք է լրացնել։

«Եվ առհասարակ, օրինակ բանկում անդորրագիր են տալիս, ինչքանով է ճիշտ, որ չհասկանաք թե ինչ է գրված վրան, մեզ ինչ են տալիս»։

Այդ իսկ պատճառով իր երեխաների հետ շատ է զբաղվում, փորձում է խաղերի միջոցով ծանոթացնել վրաց լեզվին, որպեսզի մեծանալուց հետո լեզվի խնդիր չունենան։

Վերատպման կանոն