Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 հազար մարդ 8 ամիս գտնվելով շրջափակման մեջ, կանգնած է ծանր սոցիալ-տնտեսական մարտահրավերների և հումանիտար ճգնաժամի առջև, իրավիճակը օրեցօր բարդանում է: Ինչպիսի՞ն է հայ հասարակության և հայկական համայնքների արձագանքն այս ամենին, որպես հարևան պետություն ինչպիսի՞ քայլեր է արվում Վրաստանում՝ ինչպես հայկական, այնպես էլ վրացական հասարակական կազմակերպությունների կողմից և արդյոք այս պահին միասնականությունը կարո՞ղ է որոշիչ լինել:
Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին անդրադարձել էր Սոցիալական արդարության կենտրոնը, հուլիսի 28-ին տարածած նյութում, որը կրում էր հետևյալ վերնագիրը՝ «Վրաստանի քաղաքացիական հասարակությունը արձագանքում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին», որում քաղհասարակությունն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում հակամարտության բոլոր կողմերին և հակամարտությունից տուժած բնակչությանը:
«Կողմերը պետք է զերծ մնան հետագա էսկալացիայից, ձեռնպահ մնան գործողություններից, որոնք ավելի կվնասեն առանց այն էլ փխրուն բանակցային միջավայրին և պաշտպանեն հակամարտություններից տուժածների արժանապատվությունը, իրավունքներն ու անվտանգությունը։
Մենք կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում Ադրբեջանի իշխանությունները հատուկ պատասխանատվություն են կրում պաշտպանելու Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։ Այն, թե ինչպես է Ադրբեջանը հաղթահարում այս մարտահրավերը, կազդի ընդհանուր տարածաշրջանի ժողովուրդների խաղաղության և հարաբերությունների վրա», — նշվում է տարածված հայտարարության մեջ:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը ստորագրող կազմակերպությունները.
- Սոցիալական արդարության կենտրոն
- Կովկասյան տուն
- Մարդու իրավունքների կենտրոն
- Խաղաղության և քաղաքացիական զարգացման կենտրոն
- Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտ
- Հասարակություն՝ հանուն դրական փոփոխության
Արցախյան խնդրին ակտիվ հետևում է «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը, ով բաց նամակ էր հղել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և շտապ օգնության համակարգող Մարտին Գրիֆիթսին, իսկ մինչ այդ՝ USAID-ի ադմինիստրատոր Սամանթա Փաուերին։ Թումասյանն իր նամակում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը և կոչով դիմել, որ հրատապ մարդասիրական օգնություն հասցնեն Լեռնային Ղարաբաղ։
«Իրավիճակը հատկապես ծանր է առավել խոցելի խմբերի համար, այդ թվում՝ երեխաների, ծերերի, հղիների և հիվանդների։ Բազմաթիվ մարդիկ այժմ հայտնվել են սովի շեմին, և գրանցվում են մահվան դեպքեր հիմնական բժշկական օգնության և սննդի բացակայության պատճառով, ինչպես նաև սննդի պակասի պատճառով գրանցվել է վիժումների թվի աճ», — նշված է նամակում:
Մեր այն հարցին, թե արդյոք ստացել է որևէ արձագանք բաց նամակներին Գիորգին պատասխանեց, որ անձնական պատասխան չի ակնկալում, այլ սպասում է նրանց արձագանքն այս թեմաների շուրջ։
«Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունների ակտիվությունները կապված Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետ գնահատում եմ խիստ բացասական, որովհետև այդ կազմակերպությունների մեծ մասը որևէ գործողություն չի տանում և սոցիալական էջերով նույնիսկ չեն անդրադառնում այդ թեմային, ինչը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ այդ կազմակերպությունների օրակարգը հայկական չէ: Կան մի քանի կազմակերպություններ, որոնք ակտիվ աշխատում են այդ հարցի շուրջ և լավ կլիներ, որ մնացած այն կազմակերպությունները, որոնք իրենց հայկական են կոչում գործեն միասնական: Բացի այդ բոլոր այն կազմակերպությունները, որոնք ունեն պետական ֆինանսավորում ընդհանրապես չեն անդրադառնում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին», — իր խոսքում նշում է Գիորգին:
Ինչ վերաբերվում է վրացական հասարակական կազմակերպություններին, նա նկատում է, որ դրանցից մի քանիսը հանդես է եկել հայտարարությամբ, սակայն ընդհանուր առմամբ դա բավարար չէ:
«Չնայած իշխանությունների այն հայտարարություններին, որ ուզում են միջնորդի դեր ստանձնել և նպաստել հարցի լուծմանը, նրանց քայլերը հակառակն են ապացուցում, նրանց չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամը և նույնիսկ հայ պատգամավորները չեն մասնակցում այդ գործընթացին: Իշխանական մեդիան որևէ ձևաչափով չի անդրադառնում հումանիտար ճգնաժամին, հայտարարություններով հանդես են գալիս միայն ընդդիմադիր հասարակական կազմակերպությունները, բայց ընդդիմական հեռուստաընկերությունները նույնպես որևէ լուր այդ թեմայի հետ կապված չեն լուսաբանում»:
Գիորգին հաշվի առնելով Վրաստանում տիրող իրավիճակը և պասիվությունը, որոշում է կայացրել անձամբ բաց նամակներ հղել, որովհետև ինչպես ինքն է ասում՝ տեսնում էր, որ այսպես կոչված հայկական կառույցներն այլևս հետաքրքրված չեն Լեռնային Ղարաբաղի թեմայով:
Jnews-ը զրուցել է քաղաքագետ, տնտեսագետ Կովկասի Ինստիտուտի ավագ գիտաշխատող Հրանտ Միքայելյանի հետ:
Լեռնային Ղարաբաղի շրջափակման և հումանիտար աղետի մասին բարձրաձայնելու կամ որևէ քայլ ձեռնարկելու գործում ինչպիսի՞ն է տարբեր երկրներում հայկական հասարակության ակտիվությունը:
Մի կողմից մենք տեսնում ենք լայնածավալ անհանգստություն սփյուռքում և ինչ-որ բան անելու ցանկություն, բայց մյուս կողմից մենք չենք տեսնում բավականաչափ թվով և աստիճանով արդյունավետ քայլեր, որոնք ինչ-որ բան կփոխեն: Սփյուռքն իր պոտենցիալն այս հարցում չի իրացնում, սրան երկու պատճառ կա․ առաջին՝ սփյուռքը վերջին տարիների ընթացքում կորցնում է իր կարողությունները և չի կարողանում ձևակերպել նոր քաղաքական խնդիրներ ու թիրախներ, երկրորդ՝ ՀՀ-ի կողմից որևէ ուղղորդում չկա այս առումով, այլ նույնիսկ հակառակը՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները սփյուռքում մտցնում են ապակառուցողական շարժումներ, այսինքն՝ ստեղծում են իրենց նախընտրած սփյուռքը և հակադրում են դա հին կամ եղած սփյուռքի հետ, և այսպիսով սփյուռքը դառնում է ոչ գործունակ, որն իհարկե Թուրքիային շատ է ուրախացնում:
Ինչպիսի՞ն է ՀՀ-ում ապրող հայերի վերաբերմունքը, մոտեցումն ու պահվածքը այդ հարցի շուրջ:
Հայաստանցիների վերաբերմունքը տեսականորեն կարելի է բաժանել 2 մասի, ներկայիս իշխանությունների աջակիցների և նրանց ընդդիմախոսների և այդ վերաբերմունքը պետք է այս գծով տարանջատվի, որովհետև այս իշխանությունների դիրքորոշումն ակնհայտ հակաարցախյան է, և ընդդիմախոսները տարբեր պատճառներ ունեն ընդդիմանալու, բայց գլխավոր պատճառն ամեն դեպքում Արցախն է: Բայց զարմանալիորեն այդպես չի, վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ ներկայիս իշխանությունների աջակիցների կտրուկ մեծամասնությունը դեմ են Արցախի ադրբեջանականացմանը և իրենց դիրքորոշումն այդպիսին է, որ Արցախը պետք է Ադրբեջանից դուրս լինի, ցանկալի է Հայաստանում, բայց շատերի համար չի բացառվում նաև Ռուսաստանում, շատերի համար ընդունելի է անկախ կարգավիճակ, ամեն դեպքում հարաբերական մեծամասնությունը կողմ է Հայաստանի հետ միավորմանը: Բայց մարդկանց վերաբերմունքը բավարար չէ որևէ գործողություն իրականացնելու համար, իսկ այստեղ թերանում է ընդդիմությունը, որ այս տրամադրությունները չի կարողանում վերածել քաղաքական գործողության:
Ցավոք սրտի, հայաստանցիների կոնսենսուսն այս հարցի շուրջ չի վերածվում որևէ գործողության, որովհետև ներկայիս իշխանությունները շատ արհեստաբար շեղում են մարդկանց ուշադրությունը տարբեր խնդիրների ուղղությամբ: Այսինքն՝ խնդիրը հետևյալում է, թեև մարդիկ ունեն կարծիք, բայց դա գործողություն չի դառնում, որովհետև ներկայիս իշխանությունները հանրային կարծիքի և քաղաքական գործողությունների ուղղորդման շատ արհեստավարժ մասնագետներ են:
Աշխարհով մեկ հայկական լոբբին, օրինակ՝ ցեղասպանության ճանաչման հարցով բավականին ակտիվ է ու ազդեցիկ, հիմա կարծես չի զգացվում նույնը Լեռնային Ղարաբաղի հարցում: Ինչ եք մտածում, կա՞ն արդյոք նախադրյալներ, որ կլինի ընդհանուր մոտեցում ու պահվածք այս հարցի շուրջ:
— Նախ այստեղ կարևոր է հասկանալ ինչ է հայկական լոբբին, այն հիմնականում ազդեցություն ուներ ԱՄՆ-ում և սա շատ կարևոր է։ Օրինակ՝ Ռուսաստանում հայերն ավելի քիչ ազդեցություն ունեն, ֆինանսապես և մշակույթում ավելի շատ ունեն, իհարկե քան Ամերիկայում, բայց քաղաքականապես ավելի քիչ, ինչու՞, որովհետև Ռուսաստանում ավտորիտար համակարգ է, և ներքևից ինչ-որ բան փոխելն առանց իշխանությունների համաձայնության անհնար է, և Ռուսաստանում գտնվող ամենամեծ սփյուռքը քաղաքականապես այդքան էլ կարող չէ:
Ֆրանսիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի սփյուռքում ներկայիս իշխանությունները մտցրեցին բաժանարար գծեր, իրար նկատմամբ ատելություն, պառակտում և սա էականորեն նվազեցնում է գործողությունների կարողությունը: Հայկական Սփյուռքին այդ գործողություններին միշտ միացել է հունական, ասորական սփյուռքը և մասամբ նաև, ոչ միշտ հրեական սփյուռքը, առանց իրենց հայկական սփյուռքն օբյեկտիվորեն չի կարող որևէ բան անել, պետք է գիտակցենք հայկական սփյուռքի փոքր լինելը և ֆինանսական մեծ աջակցություններ չունենալը, այո՛ Հայաստանի համեմատ կարողությունները զգալիորեն ավելի են, բայց օրինակ ԱՄՆ-ում այն ոչ ամենաունևորն է, ոչ էլ ամենաազդեցիկն ու մարդաշատը, այսինքն՝ պետք է չգերագնահատենք կարողությունները:
Ինչ վերաբերվում է Արցախյան խնդրին, դեռ պետք է նշենք, որ ցավոք սրտի, ցեղասպանության օրակարգն էլ մարվեց, էլի ներկայիս իշխանությունների շնորհիվ կամ պատճառով և սփյուռքը դրա դեմը չի կարող առնել։ Պետք է գիտակցենք, որ եթե ինչ որ մի հարց չի բխում երկրի շահերից, ապա լոբբին այդտեղ չի աշխատելու, մյուս կողմից գործողություններ կլինեն, եթե հայկական սփյուռքը կարողանար սյուբեկտիվորեն ադեկվատ գործել, բայց ցեղասպանության օրակարգի հետևից ընկնելով, հայկական սփյուռքը տարիների ընթացքում նոր օրակարգ չձևավորեց, կարծում եմ դա էլի Հայաստանից է գալիս: Օրինակ․ երբ մի շարք երկրներ ճանաչում էին Հայոց ցեղասպանությունը, կարելի էր նոր օրակարգ ձևավորել՝ Արցախի հարցը և հայրենադարձությունը դեպի Հայաստան, այս հարցերը սփյուռքի ուշադրության թիրախում այնքան չէր, ինչքան որ պետք էր և հիմա հաշվի առնելով պառակտումը, այդ կարողությունը չկա, որպեսզի այս հարցերը դարձնեն թիրախային, թեև Հայաստանը, եթե կազմակերպչական առումով աջակցեր, սփյուռքն իր ներուժը կդներ արդյունավետ գործողություններ իրականացնելուն:
Շատ հասարակական կազմակերպություններ նախընտրում են լռել և չխոսել տիրող իրավիճակի մասին։ Ըստ ձեզ ինչպիսի՞ մոտեցում է անհրաժեշտ, ի՞նչ կարող են անել Հայաստանի սահմաններից դուրս գործող հայկական հասարակական կազմակերպությունները, արդյոք նրանց միասնական աշխատանքը կարո՞ղ է ինչ որ բան փոխել:
Այստեղ երկու գլխավոր խնդիր կա, առաջին՝ ժամանակակից օրակարգ ձևավորել, ռազմավարություններ, պլաններ մշակել հայկական կազմակերպությունները կարծես թե չեն կարողանում, սա շատ լուրջ խնդիր է և դա վերաբերվում է՝ և Հայաստանին, և Սփյուռքին, և երկրորդ կողմից միավորումը ևս շատ լուրջ խնդիր է, որովհետև անվստահութուն կա բոլորի նկատմամբ, որն ունի բազում օբյեկտիվ և սյուբեկտիվ պատճառներ։ Միասնական աշխատանքի անկարողությունը բերում է նրան, որ ամեն մեկն այդ հարցերին բախվում է միայնակ: Այս պահի դրությամբ այդ իրավիճակում է հայտնվել Արցախը, բայց մենք բազմաթիվ ուրիշ դեպքեր ունենք, օրինակ՝ կարող ենք ասել, որ վերջին 100 տարվա ընթացքում ճնշումների և բռնաճնշումների է ենթարկվել Վրաստանի հայկական համայնքը, և այդ խնդիրը շարունակվել է վերջին 30 տարվա ընթացքում, տուժել են մասնավորապես՝ Ջավախքը, Ծալկան, Թիֆլիսը ու էլի ոչ մի բան չարվեց Հայաստանի և Սփյուռքի կողմից:
Նույն խնդիրն ունենք Արցախի դեպքում, որը նաև քաղաքական է։
Այստեղ գլխավոր խնդիրն այն է, որ հայկական աշխարհն ադեկվատ միասնական ճիշտ օրակարգով գործել չի սովորել և դրա արդյունքն է այս իրավիաճկը նաև Արցախում, որն արտահայտվում է՝ թե կազմակերպությունների մակարդակով, թե անհատների, թե մարդկանց հասարակական միավորման հիմունքների պարագայում: