Ծագումով Ախալքալաքից Վարվառա Բիչախչյանը երկար տարիներ ընտանիքի հետ ապրում է Մոսկվայում։ Մեծ քաղաքի եռուզեռում նա իր համար գողտրիկ անկյուն է գտել Գավիթ թատրոնում։ Ունենալով հիմնական աշխատանք՝ նա չի թողնում իր թատերական գործունեությունը, համարելով, որ դա օգնում է իրեն չկորցնել ինքնությունը։
Ուր էլ որ հայեր ապրեն, այդ վայրերում միշտ հայտնվում են եկեղեցիներ, դպրոցներ, թատրոններ։ Այս երեք հենասյուները թույլ են տալիս հային պահպանել իր ինքնությունը, ազգային ինքնագիտակցությունը և թույլ չեն տալիս նրան ձուլվելով առնմանվել այն երկրի հասարակությանը, որտեղ նա ճակատագրի բերումով կամ սեփական կամքով հայտնվել է։ Մոսկվայի հայ համայնքն ունի բոլոր երեք հենասյուները՝ եկեղեցին, որը թույլ է տալիս պահպանել հավատը, կիրակնօրյա դպրոցը՝ պահպանել լեզուն, «Գավիթ» թատրոնը։ Հաճախ կիրակնօրյա դպրոց են գնում հայերեն ընդհանրապես չտիրապետող երեխաները, և հիմնականում այս երեք սյուները միասին են աշխատում։
Գավիթ (ցանկապատված տեղ տահճարի դիմաց, բակ)՝ այսպես անվանեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Համլետ Ղալեչյանը 2010 թվականին։ Վարվառան այստեղ հայտնվեց 2012 թվականին, կիրակնօրյա դպրոցի միջոցով: Այս փոքրիկ, հարմարավետ կամերային 8-9 շարքանի թատրոնն առաջին իսկ ակնթարթից տեղ գտավ աղջնակի սրտում, ով Ախալքալաքում միայն կարող էր երազել թատրոնի մասին:
«Ես սկսեցի հաճախել ստուդիա, և սկզբում պարզապես նստած դիտում էի փորձերը: Մոտ մեկ տարի, նույնիսկ, ավելին: Հետո ես բազմամարդ տեսարաններին էի մասնակցում, առանց բառերի: Հետո ներկայացմանը՝ տեքստով: Ես ուղղակի սիրահարվեցի այդ ամենին, Համլետի մատուցման ձևին, թե ինչպես էր նա մեզ սովորեցնում: Սա էլ թատերական մոգություն է, այնպես է անում, որ քեզ երջանիկ ես զգում։ Ի՞նչ է տալիս Գավիթը՝ տալիս է այն, որ հսկայական Մոսկվայում քեզ զգում ես քո հայրենիքի մի մասը։ Մենք ուսումնասիրում ենք հայոց լեզու, հայ գրականություն, դրամատուրգիա, սա շատ կարևոր է»,- ասում է Վարվառա Բիչախչյանը։
Լինելով գավառական փոքր քաղաքից և բավականին պահպանողական ընտանիքից՝ Վարյան (ինչպես նրան անվանում են հարազատները) շարունակում էր փորձերի գնալ, չնայած ուշ ժամին: Նա տուն էր հասնում կեսգիշերին։
«Ուսումից հետո՝ փորձերը սկսվում էին մոտ 6-7-ի կողմերը: Եթե մենք ներկայացումներ էինք բեմադրում, փորձերը կարող էին լինել ամեն օր, իսկ եթե ուղղակի փորձեր էին, ապա՝ օրընդմեջ: Պարզ է, որ տանը խոսակցություններ եղել են, նույնիսկ խոսքը խստության, պահպանողականության մասին չէ, այլ ավելի շատ, որ ծնողներս անհանգստանում էին, որովհետև Մոսկվան մեծ է, բայց, ինչևէ, մեր ծնողները մեզ հեշտությամբ բաց թողեցին ծնողական գրկից»,- պատմում է նա։
Գավիթը հայտնի է նաև մոսկովյան ջավախքահայության շրջանում, դերասանների թվում կան ծագումով 4 ջավախքցիներ։
«Բոլորը եկել են հայկական դպրոց: Նրանք բոլորն էլ ինձնից առաջ էին եկել: Իրար մեջ մեր բարբառով էլ ենք խոսում, բայց փորձում ենք գրական հայերենով էլ խոսել: Գավիթը ես սիրողական թատրոն չեմ անվանի, քանի որ այնտեղ սովորել ենք, ինչպես համալսարանում, սովորել ենք 4 տարի»,- պատմում է Վարյան։
Վարվառա Բիչախչյանի խոսքով, ընտանեկան մտածելակերպն է տարբերում հայերին ռուսներից, և հենց այս ընտանեկանի զգացումն է ի հայտ գալիս Գավիթ թատրոնում:
«Այն ամենը, ինչ կատարվում է հայրենիքում, անմիջականորեն բարձրացվում են այդ թեմաները։ (…) Նույն հայրենիքի թեման, ասիմիլյացիան, հայրենադարձությունը, կարմիր թելի պես անցնում է բոլոր ներկայացումներում, նույնիսկ «Փախի՛ր Գայանե, փախի՛ր» կատակերգության մեջ է դա արտացոլվում։ Մի ռուս ռեժիսոր էր եկել, և նա ամեն ինչ հասկացավ՝ չիմանալով հայերենը հասկացավ, թե ինչի մասին է ներկայացումը»,- ասում է նա։
Ունենալով իր հիմնական աշխատանքը՝ Վարյան չի պատկերացնում իր կյանքն առանց Գավիթի։ Թատրոնում անցկացրած ժամանակաշրջանում նա խաղացել է այնպիսի ներկայացումներում, ինչպիսիք են՝ «Հիշի՛ր, ապրի՛ր»՝ Հայոց ցեղասպանության մասին, «Մեղուների մարգագետին»-ում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո արտագաղթի մասին, «Վերջին արքան» և այլն։ Նա նաև խաղում է Թումանյանի հեքիաթների հիման վրա բեմադրություններում։
«Չէի ուզենա կորցնել, գնալ ինչ-որ ուրիշ թատրոն: Ինձ պահում է ներկայացումների թեման: Ես մշտապես խաղում եմ մանկական ներկայացումներում: Կան Թումանյանի հայկական հեքիաթները, որոնք մենք միշտ դնում ենք կիրակի օրը՝ պատարագից հետո, 40 րոպե երեխաների համար՝ նրանց մեջ սերմանել հայկականը, լեզուն լսելի դարձնել: Միշտ էլ շատ մարդիկ են գալիս այս ներկայացումներին»,- ասում է Վարյան։
Նրա խոսքով, «Գավիթ» փոքր թատրոնը երբեք դատարկ չի լինում, քանի որ Ռուսաստանում կա հայկական հսկայական համայնք։