Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը Ախալքալաքում կատարած այցի շրջանակներում հանդիպում ունեցավ շրջանի ղեկավարության հետ, այցելեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի և Թիվ 4-րդ հայկական դպրոց:
Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը երկօրյա, առաջին և ճանաչողական այցի շրջանակներում ժամը 18:00-ին Ախալցխայից ժամանեց Ախալքալաք: Առաջինը դեսպանն Ախալքալաքում այցելեց Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ նրան դիմավորեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Նշան վրդ. Հմայակյանը և Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը: Տեղում ծանոթացավ եկեղեցու պատմությանն ու վիճակին, զրուցեց տեղի հոգևորականների հետ, այնուհետև շարժվեց դեպի Դերենիկ Դեմիրճյանի անվան հայկական դպրոց:
Նորանշանակ դեսպանին դպրոցի աշակերտները աղ ու հացով դիմավորեցին: Աշակերտները միջոցառում էին կազմակերպել հատուկ դեսպանի այցելության առթիվ, որտեղ երեխաները խոսում էին երկու հարևան և բարեկամ երկրների բարիդրացիական և դարավոր հարաբերությունների մասին: Դեսպան Սմբատյանը շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրինությանն ու աշակերտներին նման ընդունելության համար և հորդորեց երեխաներին լավ սովորել: Այնուհետև Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանի, ինչպես նաև Դերենիկ Դեմիրճյանի անվան դպրոցի տնօրեն Գայանե Երեմյանի ուղեկցությամբ դեսպանը շրջայց կատարեց դպրոցում:
Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Քաղաքապետարանի նիստերի դահլիճում Աշոտ Սմբատյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, խոսեց հայ-վրացական բարեկամության դարավոր պատմության կարևորության մասին և պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:
Նշենք, որ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Ջավախք դեռ շարունակվում է: Վաղը դեսպանը հանդիպումներ կունենա Նինոծմինդայում, իսկ Ախալքալաքում ներկա կգտնվի Ֆրունզիկ Մկրտչյանի մասին պատմող ֆիլմի ցուցադրությանը:
Քաղաքականություն • Ջավախք
Ճանաչողական այցով Ջավախքում է Վրաստանում Հայաստանի դեսպանը
13 Դեկտեմբերի, 2022 • Agunik Ayvazyan
Կարդացեք նաև՝
Ո՞ր կրթական ծրագրերն են փակվել, իսկ որոնք են վերսկսվել Ջավախքում
06 Մայիսի, 2025
Կրթություն Հայաստանում․ ի՞նչ է սպասվում Ջավախքում
02 Մայիսի, 2025
Ջավախքի գազաբաշխիչ ընկերության սեփականատերերը փոխվել են
03 Մարտի, 2025
Խոհարար-բլոգեր․ Ալեքս Բադոյան
24 Փետրվարի, 2025