Ախալքալաքի մունիցիպալիտետի երեք գյուղեր փոխել են «Օգնություն գյուղին ծրագրի» (ՕԳԾ) շրջանակներում իրենց առաջնահերթ աշխատանքները: Դրանք Ղադոլար, Սիրկվա և Բալխո գյուղերն են։ Մունիցիպալիտետում ՕԳԾ-ի աշխատանքները դեռ չեն սկսվել:
Երեկ՝ հունիսի 29-ին, Սակրեբուլոյի նիստում պատգամավորները հաստատեցին տվյալ փոփոխությունները։
Փոփոխությունները հետևյալն են.
- Ղադոլար գյուղում ՕԳԾ-ով գյուղացիները սկզբում նախընտրել էին մաքրել ոռոգման համակարգը, սակայն մտափոխվել են և դա փոխել են խաղահրապարակի կառուցմամբ։ Ղադոլար գյուղի ՕԳԾ-ի գումարը կազմում է 16 000 լարի։
- Սիրկվա գյուղում կայացած հանդիպման ժամանակ որոշվել էր ծիսակատարությունների տան համար աթոռներ գնել, սակայն այժմ նրանք որոշել են այդ միջոցներն օգտագործել ճանապարհի հարթեցման համար: Սիրկվա գյուղին ՕԳԾ-ով հատկացված գումարը կազմում է 10 000 լարի։
- Բալխո գյուղում ի սկզբանե որոշված ջրի խողովակներ ձեռք բերելու փոխարեն գյուղացիները որոշել են վերականգնել խմելու ջրի մատակարարման գիծը։ Բալխոյին ՕԳԾ-ով հատկացված գումարը կազմում է 16 000 լարի:
Ախալքալաքի մունիցիպալիտետում ՕԳԾ-ի աշխատանքները դեռ չեն սկսվել։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Մագդա Ամիրշադյանի խոսքով, իրենք, նախագծողների հետ պայմանագրեր կնքելու հրամանը ստացել են հունիսի 10-ին։
«Մենք արդեն պայմանագրեր ենք կնքել նախագծողների հետ, մի քանի գյուղերի համար արդեն նախագծեր են կազմվել, աշխատում ենք, ժամանակին կհասցնենք աշխատանքներն իրենց ավարտին հասցնել»,- ասաց Մագդա Ամիրշադյանը։
ՕԳԾ-ով այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետին հատկացվել է 922 հազար լարի։ Նույնքան գումար էր հատկացվել նաև նախորդ տարի։