Հասարակություն 20 Մայիսի, 2022 • Վրաց  թեմին կից գործող  թանգարանը չի կարող ցուցադրել բոլոր ցուցանմուշները

Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումուրդայի թեմի թանգարանը բարեկարգվել է Եվրոպական միության դրամաշնորհով, Ախալքալաքի Տեղական զարգացման խմբի կողմից իրականացվող ENPARD-2 ծրագրի շրջանակներում, սակայն ամբողջական բարեկարգումը դեռ ավարտված չէ։

muzey1

Դրամաշնորհը օգտագործվել է թանգարանային ցուցանմուշների համար նախատեսված ցուցասրահ կառուցելու համար։ Ծրագրի 150 000 լարիից 120 000 լարին դրամաշնորհն է, իսկ 30 000 լարին՝ ինքնաֆինանսավորումը։

muzey2

Ծրագրի նպատակն էր թեմին կից բացել թանգարան, որպեսզի ցուցադրվեն թեմում առկա նկարները, և ցանկացողները կարողանան տեսնել դրանք: Թանգարանի մուտքն անվճար է։ Այսօր թանգարանում ցուցադրված է մոտ 60 նկար, սակայն, տնօրեն Նինո Մուրցխվալաձեի խոսքով, նկարներն ու ցուցանմուշները շատ-շատ են։

Դրամաշնորհի գումարով կառուցվել է շենքը, սակայն հետո թանգարանում անցկացվել է ջեռուցում և ավելացվել է աստիճան, որն արվել է թեմի միջոցների հաշվին։

Ախալքալաքի և Կումուրդոյի թեմին կից թանգարանի տնօրեն Նինո Մուրցխվալաձեի խոսքով, իրենք հովանավորներ են փնտրում այլ աշխատանքների համար, որպեսզի դրանք ավարտին հասցնեն։ Նրանք ցանկանում են սենյակներում ավելացնել միջնապատեր:

«Քանի որ բոլոր նկարները պատերին չեն տեղավորվում: Միջնապատերը շարժական ենք սարքելու, որպեսզի համերգներ կամ ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպելիս դրանք շարժենք ու տեղ ազատենք»,- ասում է թանգարանի տնօրենը։

muzey4

Այժմ թանգարանն այցելուների համար բաց չէ մշտապես, ինչպես դա ծրագրված էր, այնտեղ խմբերով են գնում՝ նախնական պայմանավորվածությամբ, նաև կազմակերպում են միջոցառումներ։

«Հիմա մենք այնպես չենք աշխատում, որ մարդիկ ամեն օր գան նկարներ նայելու, ինչպես դա նախատեսել էինք, բայց մենք միշտ հրավիրում ենք նկարիչների, երաժիշտների, կազմակերպում ցուցահանդեսներ, համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, ռեժիսորների ենք հրավիրում»,- ասում է Նինո Մուրցխվալաձեն։

2021 թվականի հունիսին տեղի ունեցավ դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայայի համերգը, 2020 թվականին տեղի ունեցավ հայ վավերագրող ռեժիսորի «Մենք» ֆիլմի ցուցադրությունը, հայ նկարիչ Ներսես Մելիքյանի ցուցահանդեսը և այլն։

muzey3

Նինո Մուրցխվալաձեն կարծում է, որ իրենք հասել են նախագծի առավելագույն նպատակին։

«Ես հենց այդպես էլ պատկերացնում էի, հիմա եթե ֆինանսավորում գտնենք, թանգարանն ամբողջությամբ կբարեկարգենք»,- ասում է Նինոն։

Զբոսաշրջիկների հոսք, ինչպես դա ակնկալվում էր, չհետևեց, քանի որ համավարակը ամբողջությամբ կասեցրեց զբոսաշրջության զարգացումը, սակայն թանգարանում հույս ունեն, որ այն կհասցնեն մինչև վերջ բարեկարգել, և զբոսաշրջիկներն արդեն աստիճանաբար կձգտեն դեպի թանգարան։

Վերատպման կանոն