Հասարակություն 6 Մայիսի, 2022 • Երգն ու պարը անձրևի տակ՝ Խանդոյում նշեցին ծռատոնը

Ծռատոնի օրը, ինչպես ամեն տարի, այս տարի էլ սկսվեց անձրևով, բայց դա խոչընդոտ չհանդիսացավ խանդոցիներին խնդությամբ նշել այս տոնը։

Ծռատոնը խանդոցիների համար յուրահատուկ նշանակություն ունի: Ամեն տարի այս օրը գյուղի բնակիչները անկախ տարիքից հավաքվում են Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ, որն անվանում են «Ծռատոնի վանք»: Երգով, պարով և բարձր տրամադրությամբ տոնախմբությունը ապահովում են գյուղի ավարտական դասարանի աշակերտները։
tsraton6
tsraton1

Տոնին մասնակցելու են գալիս նաև շրջանի տարբեր գյուղերից երիտասարդներ, «աղջիկ տեսնելու են գալիս», — ծիծաղում են մեծահասակները։

tsraton2

Ըստ լեգենդի, Ծռատոնին 7 անգամ անձրև է գալիս, տեղացիները ասում են, որ այս օրը յուրահատուկ է, պետք է որևէ գործողություն կատարելիս շատ զգույշ լինել, առանձնապես ուշադիր պետք է լինեն նրանք, ում տանը հղի կին կա։

«Մեզ մեր մեծերից փոխանցվել է ավանդույթ, որի համաձայն, հղի կինը այս օրը գործ չպիտի անի, որովհետև երեխան կարող է արատով ծնվել, կամ նշան ունենալ մարմնի վրա, օրինակ, տարիներ առաջ իմ բարեկամը հղի վիճակում շորը քամել և գցել էր ուսին, երեխան ուսին խաչի նշանով ծնվեց», — Jnews-ին պատմում է Խանդո գյուղից տիկին Գոհարը։

tsraton3

Լեգենդին այստեղ շատերն են հավատում։

«Այսօր Ալվարդ տատին էր պատմում, ասում է հղի էր եղել, հատուկ այս օրը եկեղեցում տերևը դրել էր թևի տակ, տղան՝ Սասունը ծնվել է նույն տերևի նշանը թևի տակ», — պատմում է գյուղի կանանցից մեկը։

Մյուսն էլ կիսվում է իր սեփական փորձով.
«Ես այս օրը իմ հղի բարեկամի վզից տերև եմ գցել, հատուկ արեցի, երեխան ծնվեց մեջքին տերևի նշանով»։

Կանանց խոսքով, ծռատոնի օրենքները խախտելուց, հավանական հետևանքներից խուսափել կարելի է պատի կողմը շրջված դեպի հետ գարին նետելով, ընթացքում պետք է ասել՝ «ինչ ծուռ գործ եմ արել շիտկիր»։

Հասարակության շրջանում տարածված այս տոնը, չնայած ոչ մի կապ չունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցի և տոների հետ, իր մեջ մեծ հավատ է պարունակում։
tsraton7
tsraton4
tsraton5

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝