Տնտեսություն 6 Օգոստոսի, 2016 • Տուժածները պայքարում են իրենց իրավունքների համար

Նինոծմինդայի շրջանի գյուղերի բնակիչները, ովքեր տուժել են կարտոֆիլի սերմի մշակման դեղամիջոցից, չեն ստորագրել դեղամիջոցը մատակարարող ընկերության կողմից իրենց ներկայացված պայմանագիրը, նրանք վարձել են փաստաբանի, ով զբաղվում է իրենց իրավունքների պաշտպանությամբ, ծայրահեղ դեպքում նրանք կդիմեն դատարան:

Մոտ 20 օր առաջ ՍՊԸ «Մակրիոլի» ներկայացուցիչները, որը հանդիսանում է «Սելեստ Տոփ» կարտոֆիլի սերմի մշակման պաշտպանիչ դեղամիջոցի մատակարարը, եղել են Նինոծմինդայի Փոքր Խանչալի գյուղում: Նրանք առաջարկել են հողագործներին, որոնց կարտոֆիլի դաշտերը փչացել է «Սելեստ Տոփ» դեղամիջոցից, կնքել պայմանագիր, որպեսզի պայմանագրի համաձայն նրանց վճարեն փոխհատուցում: Սակայն, Փոքր Խանչալիի բնակիչներից ոչ-ոք չի ստորագրել պայմանագիրը, հաշվի առնելով անընդունելի պայմանները: Ըստ բնակիչների, պայմանագիրը ստորագրել են միայն Մեծ Խանչալի գյուղից երկու հոգի, այն էլ չհասկանալով:

Գյուղացիները, ովքեր մշակել են կարտոֆիլի սերմերը գարնանը, «Սելեստ Տոփ» դեղամիջոցով տուժել են, քանի որ կարտոֆիլը չի աճել, և նրանք քիչ հավանական է, որ ստանան բերք: Այս մասին jnews.ge գրել էր նյութ անցած ամիս:

Սարո Մահտեսյանը կարծում է, որ իրենց ուզում են խաբել, նա ասում է, որ, ըստ «Մակրիոլ»-ի ներկայացուցիչների ներկայացրած պայմանագրի, մեղավոր է երրորդ, բնակիչների համար անհայտ մի ընկերություն, որը ինչպես երևում է, պետք է ապահովի փոխհատուցումը:

«Նրանք ներգրավում են երրորդ կողմին: Այս համաձայնագրում կար մի կետ, որ մենք չունենք պահանջ նրանցից(ՍՊԸ «Մակրիոլի»), մենք համաձայն չենք այս կետի հետ, և չստորագրեցինք, ինչպես թե մենք նրանց դեմ պահանջ չունենք, եթե մենք նրանցից ենք գնել, իսկ այդ երրորդներին մենք չգիտենք: Մենք նույնիսկ կարծում ենք, որ այդ երրորդ ընկերությունը չկա: Պայմանագրի վերջում կար մի կետ, որ այդ պայմանագիրը ստորագրելու դեպքում, մենք չենք կարողանա դատական ​​հայց ներկայացնել», — ասում է Սարո Մահտեսյանը:

Բացի այս ամենից, բնակիչներին անհանգստացնում է նաև այն, որ պայմանագրի ձևաթղթիկը չի ունեցել ոչ կնիք, ոչ ստորագրություն:

«Նրանք առաջարկել են մեզ վճարել միայն ծախսերը, այն էլ վճարելու են հաջորդ տարվա մեջ: Բայց մենք ուզում ենք, որ վճարեն նաև չվաստակած եկամտի գումարը, բայց նրանք չեն համաձայնում: Իսկ միայն ծախսերը շատ քիչ է: Ես ունեմ 2 հեկտար 20 ար, ամբողջը վնասվել է: Ես միայն սերմերի և պարարտանյութի վրա ծախսել եմ 10 000 լարի: Իսկ նրանք երևի վճարեն 3000-4000 լարի և վերջ: Եվ չեն ասում, թե որքան կվճարեն: Իսկ, թե որքան շահույթ կարող էի ես ստանալ 2 հա 20 ար-ից, պետք է նաև սա հաշվի առնել», — ասում է Հարություն Նազարյանը:

Հարություն Նազարյանը շատ ուրախ է, որ չի ստորագրել պայմանագիրը, քանի որ կարծում է, որ նման հարցերը պետք է լուծեն իրավաբանները, որպեսզի տուժածները չխաբվեն: Բնակիչները դժգոհում են, որ իրենք երկու անգամ նամակ են գրել Գյուղատնտեսության նախարարությանը, սակայն պատասխան չեն ստացել, և նրանց ասածի համաձայն, տեղի իշխանությունները նույնպես չեն գնացել, և չեն հետաքրքրվել այս դեպքով:

«Ագրոջավախեթի»-ի հիմնադիր Սոսո Ամիրխանյանը, ում խանութից որ գնել են “Սելեստ Թոփ”-ը, մեզ ասաց, որ այդ հարցերով պետք է դիմել «Մակրիոլիին»:

«Որքանով ես գիտեմ, դեռ ընթանում է բանակցային գործընթացը: Ես նույնպես, որպես տուժող դեռ չեմ ստորագրել պայմանագիրը: Եթե ծախսերը ծածկեն, ես երջանիկ կլինեմ: Հնարավոր եկամուտների մասին էլ, ես առնվազն 200 տոննա կարտոֆիլ կստանայի, որքանով իրական է պահանջել դա», — ասում է Սոսո Ամիրխանյանը:

Մոտ 40 հոգի, ովքեր տուժել են դեղամիջոցից միացել են և վարձել փաստաբան, որպեսզի նա պաշտպանի իրենց իրավունքները, որպեսզի մտցնի փոփոխություններ պայմանագրում ի շահ հողագործների, իսկ պատասխանատու ընկերության բնակիչների պայմաններին չհամաձայնելու դեպքում, նրանք մտադիր են դիմել դատարան:

Մենք կապվեցինք փաստաբան Իրակլի Գվարամաձեի հետ, ով զբաղվում է հողագործների գործով, նա ասաց, որ այժմ ընթանում է վնասի չափի ճշգրտման գործընթացը:

«Երբ մենք հավաքենք բոլոր կոնկրետ տվյալները, մենք կսկսենք կոնկրետ բանակցությունները: Այս պահին, “Մակրիոլի”-ի կողմից կա պատրաստակամություն հանդիպելու, հետո ինչ կարող է պատահել բանակցությունների ընթացքում, ես չեմ կարող ասել: Նրանք ուղարկել են պայմանագիրը, և մենք ցանկանում ենք փոփոխություններ մտցնել դրանում, ապահովելու համար ավելի շատ երաշխիքներ հողագործներին», — ասաց Իրակլի Գվարամաձեն:

Նա նաև նշեց, որ մի քանի ընկերություններ կմասնակցեն բանակցություններին:

«Մենք դեռ չենք պայմանավորվել, ով է պատասխանատու լինելու վնասի համար: Դա կբացատրի մանրամասները, մենք դեռ չունենք կոնկրետ արդյունք: Կան մի քանի ընկերություններ, որոնք ներգրավված են վնասի հարցում», — ասաց Իրակլի Գվարամաձեն jnews.ge-ի հետ հեռախոսազրույցում:

Հիմա ընթանում է պարզաբանման գործընթացը և հայտնի չէ, թե որքանով վնասները կփոխհատուցվեն հողագործներին, սակայն այն փաստը, որ նրանք պնդում են պաշտպանելու իրենց իրավունքները և պայքարում են դրա համար ոգևորիչ է, և դարձնում է նման իրավիճակների հնարավոր կրկնությունը շատ ավելի բարդ:

Շուշան Շիրինյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝