Հասարակություն 6 Ապրիլի, 2022 • Վրացական բիզնեսը շարունակում է կախված մնալ ռուսական շուկայից

Դեպի Ռուսաստան արտահանումից կախվածությունը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ վրացական բիզնեսի համար՝ վրաց արտադրողների մեծ մասը, չնայած բարձր ռիսկերին և անկայունությանը, դեռ շարունակում է հուսալ, որ ռուսական շուկան շուտով կվերաբացվի: Այս մասին գրում է bizzone.info-ն։

Ըստ Արտահանման խթանման ասոցիացիայի ղեկավար Գիորգի Գուդաբիձեի, դրան նպաստում են մի քանի պատճառներ, մասնավորապես՝ պարզ լոգիստիկան, գները և վճարման եղանակները, որոնք նախընտրելի են արտահանողների համար, քան այլ շուկաներում:

«Շատ քիչ ընկերություններ կան, որոնց վերջին շրջանում հաջողվել է դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները: Խնդիրն այն է, որ բիզնեսի մի զգալի մասին չի հաջողվել վերահարմարվել, ուստի Ռուսաստանը դեռ առաջատար դիրքեր է զբաղեցնում վաճառաշուկաներում։ Այս առումով չօգնեց նաև բացասական փորձը՝ 2006 թվականի էմբարգոն, երբ արտահանման 90%-ը Ռուսաստանինն էր, և այս իրավիճակում շուկան ամբողջությամբ փակված է»,- հայտարարել է նա։

Գուդաբիձեի խոսքով՝ ռուսական շուկան հիմա էլ է խնդրահարույց դարձել՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, որին ոչ ոք պատրաստ չէր։ Կարճաժամկետ հեռանկարում այս խնդրի լուծումը հնարավոր չէ, ուստի արտահանողներին այլ ելք չի մնա, քան դիվերսիֆիկացումը։

«Մենք դեռ ակնկալիքներ չունենք, որ առաջիկայում, գոնե մոտակա ամիսներին, իրավիճակը դեպի լավը կփոխվի։ Մենք դեռ մեծապես կախված ենք ռուսական շուկայից՝ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման առումով։ Իհարկե, բիզնեսն ընտրում է բիզնեսով զբաղվել Ռուսաստանի հետ, քանի որ այնտեղ դա անելն ավելի հեշտ է, չկա լեզվական խոչընդոտ, կանխավճար, այսինքն՝ այն ամենը, ինչ Եվրոպայում չկա։ Կառավարությունը պետք է երկխոսություն վարի բիզնեսի հետ՝ մշակելու բիզնես ռազմավարություն, որը թույլ կտա նրան մուտք գործել այլ շուկաներ: Հակառակ դեպքում, շատ ձեռնարկատերեր դեռ սպասում են, որ Ռուսաստանում իրավիճակը կայունանա, որպեսզի նորից սկսեն արտահանումն այնտեղ։ Սա շատ վատ է և ամոթ»,- ասել է Գիորգի Գուդաբիձեն։

«Միջազգային թափանցիկություն» կազմակերպության տվյալներով՝ 2021 թվականին Ռուսաստանի հետ Վրաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 1,3 մլրդ դոլար, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 6,7%-ը։ 2021 թվականին Վրաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 610 մլն դոլար, որը ֆորմալ առումով երկրորդն է Չինաստանից հետո, սակայն իրականում Չինաստան արտահանման 95%-ը Հայաստանից պղնձի խտանյութերի վերաարտահանումն է կազմում։

Ավելիին կարող եք ծանոթանալ bizzone.info կայքում:

Վերատպման կանոն