Խոսպիո և Մարտունի գյուղերի բնակիչները դժգոհում են, որ երթուղային տաքսիները, որոնք պետք է այս գյուղերի բնակիչներին տեղափոխեն քաղաք և հակառակը, չեն աշխատում։ Երթուղային տաքսիների վարորդներն ասում են, որ ուղեւորները քիչ են, իսկ վառելիքը թանկացել է, և իրենք ի վնաս իրենց չեն աշխատի։
Խոսպիոյի և Մարտունու շատ բնակիչներ աշխատում են Ախալքալաքում և ստիպված են ամեն օր գնալ քաղաք, սակայն երթուղայինը չի աշխատում, իսկ ամեն օր տաքսի ծառայություններից օգտվելու հնարավորություն չունեն։
Բնակիչների խոսքով, երբ բացվել էր Ախալքալաք-Խոսպիո երթուղին, այն աշխատում էր մինչև ժամը 18:00-ն, իսկ հետո վարորդները սկսեցին երթևեկել մինչև ժամը 15:00-ն՝ պատճառաբանելով, որ ուղևորները քիչ են, և դա իրենց ձեռնտու չէ։ Վերջին ամիսներին երթուղայիններն ընդհանրապես չեն աշխատում:
«Ես ամեն օր աշխատանքի եմ գնում, տաքսիստներն ինձանից 10 լարի են վերցնում, ուրիշները նույնիսկ ավելի շատ են վճարում։ Այլևս չեմ կարող ամեն օր 10 լարի վճարել գնալ գալու համար։ Ես փոքր աշխատավարձ ունեմ: Ես երթուղայինի վարորդին հարցրի, ուզում էի իմանալ, թե ինչու կանոնավոր կերպով չեն աշխատում, ասաց՝ մարդիկ չկան, եթե լինեն, ապա կգամ։ Բայց իրենք չեն աշխատում, դե մարդիկ էլ չեն գալիս, եթե մարդիկ վստահ լինեն, որ երթուղայինն աշխատում է, տաքսիով չեն գնա»,- ասում է Խոսպիոյի բնակիչներից մեկը։
Երթուղայինը պետք է աշխատի ժամը 9:00-ից 15:00-ն, սակայն բնակիչները դժգոհում են, որ դրանք ընդհանրապես չեն երեւում։
«Վաղուց երթուղայիններ չկան, ուղեվճարը 50 թեթրիից դարձել է 1 լարի, բայց միևնույն է չեն գալիս, տաքսին շատ թանկ է։ Եթե չեն ուզում աշխատել, թող գնան, ուրիշները կգան»,- ասում է Ղռմաջյանը։
Ախալքալաք-Խոսպիո գծում աշխատում է 3 վարորդ: Նրանք նաև աշակերտներին են տանում-բերում քաղաք՝ պետությունից ստացվող վճարով։ Աշակերտների հետ նրանք տեղափոխում են բնակիչներին։
Վարորդներից մեկը Ռուդիկ Երեմյանն է: Նա 18 տարի է աշխատում է այս գծում։ Jnews-ի հետ հեռախոսազրույցում նա ասաց, որ ճանապարհավարձն իսկապես 50 թեթրիից դարձել է 1 լարի, սակայն այս ուղղությամբ իրենց երթևեկելը միևնույն է ձեռնտու չէ։
«Վառելիքը թանկացել է, աշխատանքը դարձել է անշահավետ: Առավոտյան ժամը 8:30-ին դուրս ենք գալիս, հետո, եթե մարդիկ լինում են, աշխատում ենք, եթե ոչ՝ չենք աշխատում։ Գնում ենք, և այնտեղ ընդամենը 2-3 ուղևոր է լինում, ապա բենզինի ծախսը չի ծածկվում։ Խոսպիոյի համար ես լիցքավորում եմ 4-5 լարիի դիզվառելիք ու ստանում 2 լարի։ Ոչ ոք չի աշխատի, ոչ ոքի ձեռնտու չէ, եթե վառելիքի ծախսերը չծածկվեն: Եթե մարդ շատ լիներ, ես գիշերն էլ կաշխատեի։ Նախկինում դիզվառելիքը, բենզինը ավելի էժան էին, ձեռնտու էր»,- ասում է Ռուդիկ Երեմյանը։
Մեկ այլ վարորդ՝ Վաչագան Բաբայանն ասում է, որ մարդիկ քչացել են, դիզվառելիքը՝ թանկացել, իրենց համար անշահավետ է դարձել։
«Կարծում եմ պետք է մարդկանց ու մնացած վարորդների հետ պայմանավորվել, գրաֆիկ կազմել, որ բոլորին միասին տանենք, որ մարդիկ շատ լինեն, թե չէ գնում ենք և պարզվում է իրենք արդեն տաքսիով են գնացել, մնացել է 1-2 հոգի։ Ես նաև առավոտյան ժամը 8:30-ին Մուրջախեթից աշակերտներին նույնպես տանում եմ դպրոց և հետո հետ եմ տանում»,- մեկնաբանեց նա:
Ստացվում է, որ պահանջարկ կա, կա նաև առաջարկ, բայց դրանք տարբերվում են, քանի որ հասարակական տրանսպորտի աշխատանքը չի կանոնակարգվում։