Հասարակություն 25 Փետրվարի, 2022 • Մարտի 1-ից Վրաստանում դեղորայքը կսկսեն տրամադրել էլեկտրոնային դեղատոմսով

Մարտի 1-ից Վրաստանում բժիշկներին կպարտադրվի երկրորդ խմբի դեղամիջոցները նշանակել միայն էլեկտրոնային դեղատոմսով։ Այս մասին հայտնում է Վրաստանի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«2022 թվականի մարտի 1-ից Վրաստանի ողջ տարածքում բժշկական ծառայություններ մատուցող բոլոր բուժհաստատություններն ու բժիշկները պարտավոր են երկրորդ խմբին պատկանող դեղագործական արտադրանքը նշանակել միայն №3 էլեկտրոնային դեղատոմսով», — հայտնում են գերատեսչությունից։

Դրա հետ մեկտեղ, էլեկտրոնային դեղատոմսերը պետք է ձևակերպվեն բոլոր այն քաղաքացիներին, որոնց դուրս են գրում հիվանդանոցից։

Նորամուծությունները վերաբերում են նաև ատամնաբուժական կլինիկաներին՝ ատամնաբույժի կողմից նշանակված դեղատոմսի դեպքում։ Բացառություն են կազմում միայն գյուղաբնակ բժիշկները, նրանց թույլատրվում է դեղատոմսերը տրամադրել թղթի տեսքով։

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ նախատեսվող փոփոխությունների կապակցությամբ բոլոր դեղատները պետք է ունենան անհրաժեշտ նյութատեխնիկական հնարավորություններ։

Երկրորդ խմբին է պատկանում այն դեղագործական արտադրանքը, որի չարաշահումը կարող է զգալի վնաս հասցնել մարդու առողջությանը կամ կյանքին, ինչպես նաև դեղորայքը, որի ցուցումներում ասվում է, որ խորհուրդ չի տրվում օգտագործել առանց բժշկի նշանակման։ Դրանք հակաբիոտիկներն են, հորմոնալ դեղամիջոցները, հակադեպրեսանտները:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝