Հասարակություն 10 Հունվարի, 2022 • Հայտնի չէ կան արդյոք «օմիկրոն» շտամով վարակակիրներ Ախալքալաքում

Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնը (ՀԱԿ) չի կարող կորոնավիրուսով վարակվածներին թեստավորել «Omicron» շտամի հայտնաբերման նպատակով, քանի որ նրանք չունեն համապատասխան թեստ։ Ընդհանուր առմամբ, Ախալքալաքում համաճարակային իրավիճակը հանգիստ է, թեև դժվար է որոշել դա արտացոլում է իրականությունը, թե գալիս է ամանորյա տոների կապակցությամբ բնակչության պասիվությունից։

«Մենք չենք կարող ասել, կա մեզ մոտ «օմիկրոն», թե ոչ, մենք չունենք այդ հետազոտությունը։ Տոներ էին, թեստ հանձնողները քիչ են եղել, օրական 2-3 դեպք է հայտնաբերվել, օրեր են եղել, որ կորոնավիրուսի դեպք ընդհանրապես չի գրանցվել։ Երկու օրից հնարավոր կլինի ասել, թե կորոնավիրուսի հետ կապված ինչ վիճակ է մեր մոտ»,- ասաց ՀԱԿ տնօրենի պաշտոնակատար Սիրուշիկ Տոնականյանը:

Այսօր՝ հունվարի 10-ին, Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում (ՀԱԿ) կատարվել է 104 թեստ, որից 90-ը՝ հակագենի, 14-ը՝ ՊՇՌ մետոթով, արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 6 դեպք։

Ախալքալաքի բազմաթիվ բնակիչներ ամանորյա տոները նշել են Թբիլիսիում, որտեղ արդեն տարածված է «օմիկրոն» շտամը։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (ՀՎԱԿ) հանրապետությունում կանխատեսում է հիվանդության աճ, հորդորում է զգույշ լինել և պատվաստվել։

Վերատպման կանոն