Հասարակություն 21 Նոյեմբերի, 2021 • Պատվաստումը  խրախուսող միջոցառում Ախալքալաքում. Մարդիկ հերթ էին կանգնել

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում տեղի ունեցավ «Կորոնավիրուսային կանոնակարգերի պահպանում» միջոցառումը։ Միջոցառումը կազմակերպվել էր պատվաստումը շրջանում խթանելու նպատակով։ Միջոցառման շրջանակներում պատվաստվեց մոտ 120 մարդ, մարդիկ հերթ էին կանգնել պատվաստվելու համար։

Միջոցառմանը ներկ էին Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն, կենտրոնի գլխավոր համաճարակաբան Խաթունա Զախաշվիլին, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին։ Միջոցառմանը ներկա էր նաև, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից, Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր, Սամվել Մանուկյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հյուրեր։

Կենտրոնական զբոսայգին մարդաշատ էր։ Միջոցառումը սկսվեց ժամը 14:00-ին, սակայն մարդիկ պատվաստման համար վրանի մոտ սկսել էին հերթ կանգնել դեռ մեկնարկից առաջ։ Զբոսայգում կազմակերպվել էր շարժական պատվաստակետ, որտեղ Թբիլիսիից ժամանած բուժանձնակազմը պատվաստում էր բոլորին։ Պատվաստակետի վրանի մոտ կազմակերպել էին հանգստի կենտրոն, որտեղ պատվաստվածները բժիշկների հսկողության ներքո հանգստանում էին 30 րոպե։ Շարժական կետերը ջեռուցվում էին։

vakcina3

Պատվաստումից հետո բոլորին հենց տեղում հանձնվում էին նվերներ։ Մոտակայքում տեղադրված էր շարժական սրճարան, որտեղ պատվաստվածները ստանում էին անձրեւանոցներ, պայուսակներ, 3-ական ժետոն (սննդի, աղանդերի, խմիչքի համար), ինչպես նաեւ «Elit Electronics» խանութի զեղչի կտրոն։ Բացի այդ, զբոսայգում կանգնած էր նաև Արդարադատության տան շարժական մեքենան, որտեղ պատվաստված անձինք կարող էին ստանալ մեկանգամյա անվճար ծառայություն։

vakcinacya

Ախալքալաքում պատվաստվել ցանկացողները շատ էին: Ընդհանուր առմամբ այսօր պատվաստվեց մոտ 120 մարդ։ Օտարերկրյա քաղաքացիները նույնպես կարող էին պատվաստվել։ Ախալքալաքում պատվաստումների համար Թբիլիսիի բժիշկները բերել էին Վրաստանում հասանելի բոլոր 3 պատվաստանյութերը( Sinopharm, Sinovac և Pfizer): Ամենից շատ ախալքալաքցիները պատվաստվեցին Pfizer-ով, երկրորդ ամենատարածվածը Sinopharm-ն էր, և միայն 2 մարդ պատվաստվեց Sinovac-ով։

vakcina4

Ալիսա Սոկուրովան Ռուսաստանի քաղաքացի է։ Նա պետք է գնար Թբիլիսի՝ պատվաստվելու, սակայն այսօր նա այս առիթից օգտվեց։

«Ես ուզում էի պատվաստվել, բայց քանի որ օտարերկրյա քաղաքացի եմ, կարող էի պատվաստվել միայն Թբիլիսիում, այսօր օգտվեցի այս միջոցառումից և պատվաստվեցի առանց Թբիլիսի գնալու», — ասաց Ալիսա Սոկուրովան։

Ղազարյան Կարինեն էլ էր ցանկանում պատվաստվել, բայց ինչ-ինչ պատճառներով չէր կողմնորոշվում։ Այսօր նա որոշում կայացրեց և պատվաստվեց։

vakcina5

Միջոցառման բացմանը ելույթ ունեցավ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, ով բոլորին կոչ արեց պատվաստվել։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն ողջունեց ախալքալաքցիներին, նաև կոչ արեց բոլորին պաշտպանել վարակից իրենց և իրենց ընտանիքներին։

vakcina

«Խաս բախչա» զբոսայգում կազմակերպվել էր ժամանց նաև երեխաների համար։ Վերջիններս խաղում էին բատուտի վրա, նկարում էին ցուցատախտակի վրա ու զվարճանում։

vakcina6

Այգում տեղադրված բեմում ելույթ ունեցան Ախալքալաքի Աշուղական դպրոցի սաները, «Մուրջի» համույթը, ինչպես նաև «Ռեզոն և երեխաները» բենդը և Գիորգի Խուցիշվիլին։

vakcin

Միջոցառումը վարեցին Էկա Փանգանին և Արամ Ջավահիրջյանը։ Ախալքալաքի զբոսայգում Էկա Փանգանին ընդունեց պատվաստանյութի երրորդ՝ բուստերային դեղաչափը:

vakcina2

Վերատպման կանոն