Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Ախալքալաքի կենտրոնում, Մաշտոցի հրապարակում, տեղի ունեցավ ամենագնաց մեքենաների գրանցումը, որոնք վաղը՝ նոյեմբերի 21-ին, կպայքարեն լավագույնի կոչման համար։ Կազմակերպիչը «Off-Road Club Javakheti»-ն է։
Մրցմանը կմասնակցեն Վրաստանի և Հայաստանի Off-Road ակումբները։
Հայաստանից մասնակցում են 7 ամենագնաց մեքենա՝ «4 × 4» և «Armenian expedition Off road» ակումբներից։ Քութայիսից կժամանեն 11 ամենագնաց, Բաթումիից եկել են երկուսը, սակայն կազմակերպիչների խոսքով, ևս 5-ը կգան։ Թբիլիսիից ևս մեքենաներ են եկել։
Ամենագնացները մրցելու են 3 կմ խորդուբորդ, քարքարոտ ճանապարհի վրա: Մրցումները կանցկացվեն երեք անվանակարգերում՝ թույլ, միջին և ուժեղ։ Այս երեք անվանակարգերում խաղարկվում է մեդալների երեք հավաքածու։
Մրցումը կսկսվի վաղը՝ նոյեմբերի 21-ին, ժամը 11:00-ին, քաղաքի հարավ-արևմտյան ծայրամասում՝ «Եվրոսթար» ռեստորանի հարևանությամբ գտնվող ավազահանքի տարածքում։