Հասարակություն 4 Նոյեմբերի, 2021 • Վրաստանի դեպի Թուրքիա տանող դարպասները

Ջավախքի հայաբնակ Կարզախ գյուղը գտնվում է Վրաստանի Թուրքիայի հետ սահմանին: Այստեղ առաջ գիշերը չէին փակում դռները: Սկսեցին փակել 2015 թվականից, երբ անմիջապես այնտեղ բացվեց Թուրքիայի հետ սահմանը: Անցավ ժամանակ, Կարզախի բնակիչները դադարեցին վախենալ բաց սահմանից և սահմանի մյուս կողմում ապրող մարդկանցից: Ղարաբաղյան պատերազմն իր հետ կրկին Կարզախի կյանք բերեց որոշակի լարվածություն:

Գառնիկ Վարդերեսյանը վերջին 5-6 տարիների ընթացքում գիշերը միայն մեկ անգամ չի փակել իր տան դները:

«Գիշերը ես արթնացա, մտա միջանցք, ոտքերիս տակ ինչ-որ փափուկ բան զգացի, վառեցի լույսը, և վեց հոգի՝ ազգությամբ հնդիկներ՝ մեկ կին և հինգ տղամարդ, քնած էին հատակին: Երբ ես վառեցի լույսը, նրանք արթնացան։ Բոլորը միմյանց շատ նման էին: Ես նրանց դուրս հանեցի, տեսնում եմ չեն կարողանում քայլել, սառել են։ Գլուխները սրբիչով փաթաթված, հողաթափերով են, բայց բաճկոն են հագած։ Ես խղճացի նրանց, հրավիրեցի տուն, թեյ առաջարկեցի, զանգահարեցի զինվորականներին: Նրանց լեզուն չէի հասկանում: Նրանցից մեկը նայեց ինձ ու ասաց «սի», ես չհասկանալով կրկնեցի՝ «սի-սի»,- պատմում է Գառնիկ Վարդերեսյանը։

hndkaci

Հնդկաստանից եկած ուսանողները, ովքեր պատահաբար հայտնվել էին Կարզախում 2019 թվականի նոյեմբերին

Այդ ժամանակ զինվորները ստուգեցին, պարզվեց սահմանը չեն հատել, հետո եկան ոստիկանները։ Պարզվեց, ուսանողներ էին, Ախալցիխեից ուզեցել էին Թբիլիսի գնալ։ Տաքսու վարորդը նրանցից վերցրել էր 100 դոլար և Թբիլիսիի փոխարեն բերել ու թողել էր Կարզախ գյուղում։

Դեպքը տեղի էր ունեցել երկու տարի առաջ։ Բայց մինչև հիմա այս դեպքը բերվում է որպես օրինակ, երբ ասում են, որ Թուրքիայի սահմանին մոտ ապրելն անվտանգ չէ։

«Մենք առաջ քնում էինք և չէինք էլ մտածում, դուռը բաց է թե փակ, իսկ հիմա երեկոյան, մինչև ինքս չստուգեմ բոլոր կողպեքներն ու դռները, չեմ գնում քնելու: Գիշերը շները հաչում են, ես դուրս եմ թռչում անկողնուց, նախկինում եղած հանգիստն այլևս չկա»,- ասում է Ատոմ Հողմրցյանը։

Կարզախ սահմանամերձ գյուղն ունի սակավաթիվ բնակչություն։ Գյուղում ապրում է 220 ընտանիք՝ մոտ 1000 բնակիչ։ Գյուղն ունի դպրոց, մանկապարտեզ, Աշուղ Ջիվանու տուն թանգարանը։ Չկա բնական գազ, խմելու և ոռոգման ջուր։ Երիտասարդները հնարավորության դեպքում լքում են գյուղը և հաստատվում կա՛մ Երևանում, կա՛մ Ռուսաստանում։ Կարզախը գտնվում է Ախալքալաքից 35 կմ հեռավորության վրա։

karcax

Ախալքալաքի կողմից Կարզախի մուտքը

Վրաստանն ու Թուրքիան ունեն 273 կմ ընդհանուր սահման, 3 անցակետ՝ Սարփի, Վալե, Կարզախ։ 2015 թվականի հոկտեմբերի 18-ին Կարզախում բացվեց «Կարզախ» նոր մաքսակետը, ինչի արդյունքում գործարկվեց վրաց-թուրքական ևս մեկ սահմանակետ։ Մաքսակետը նախկինում էլ կար, սակայն այն չէր գործում ենթակառուցվածքների բացակայության պատճառով։ 2015 թվականին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությանը զուգահեռ վերականգնվեց նաեւ Ախալքալաք-Կարզախ ավտոճանապարհը։ Կարզախի մաքսակետի կառուցման և կազմակերպման վրա պետությունը ծախսել է 11 532 940 լարի։ «Կարզախ» մաքսակետով անցնում են ծանր բեռնատարներ, որոնք տարանցիկ ճանապարհով գնում են դեպի Հայաստան, Ռուսաստան կամ այլ երկրներ, ինչպես նաև այստեղից տարբեր բեռներ են ժամանում Վրաստան։

«Կարզախ» անցակետի հանդիսավոր բացմանը գյուղի բնակիչներին չէին հրավիրել: Գյուղում դա մինչև հիմա հիշում են և ասում, որ ցանկանում էին լսել Վրաստանի և Թուրքիայի պետական պաշտոնյաների ելույթները։ Կարզախի բնակչությունն ի սկզբանե բացասաբար ու մտավախությամբ էր վերաբերվում սահմանի բացմանը։ Նրանք վախենում էին: Իսկ տնտեսական զարգացմանը չէին հավատում։

Անցակետի բացմանը ներկա էին Վրաստանի այն ժամանակվա ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, Թուրքիայի առևտրի և մաքսային նախարար Ջենափ Աշչին և այլ պաշտոնյաներ Վրաստանից ու Թուրքիայից։ Կարզախ գյուղից մոտ 50 հոգի գնացել էին մասնակցելու հանդիսավոր միջոցառմանը, սակայն չէին կարողացել, թույլ էին տվել պատգամավորին, գյուղի լիազոր ներկայացուցչին ու պետանվտանգության աշխատակցին։ Ասել էին, որ հյուրերի թվաքանակը խիստ սահմանափակ է։

karcax3

Գյուղում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, սակայն այս տարի խոտի թանկության պատճառով շատերը վաճառել են իրենց անասունները:

Կարզախի մաքսատան բացումից առաջ՝ 2015 թվականի սեպտեմբերի 13-ին, գյուղից գողացել էին 34 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, ինչպես պատմում է խոշոր եղջերավոր անասունների սեփականատեր Ատոմ Հողմրցյանը, կովերի հետքերը տանում էին դեպի թուրքական սահման։ Այս փաստը նույնպես բնակիչների վախի պատճառ դարձավ, նրանք ասում էին, որ եթե գողություն են անում ու տանում Թուրքիա փակ սահմանների դեպքում, ապա ինչ կլինի բացվելուց հետո։ Գողության դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ (Jnews-ը փորձեց դեպքի մանրամասները ճշտել Վրաստանի ՆԳՆ-ից, և դեռ սպասում է պատասխանի)։

Ատոմ Հողմրցյանը Կարզախ գյուղում խոշոր ֆերմեր է, ունի մոտ 100 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Նրա խոսքով, ինքը վախենում է անասուններին հեռավոր արոտավայրեր տանել, իրենից 3 անգամ կովերը գողացել են, վերջին գողությունը եղել է երկու տարի առաջ։ Ճիշտ է, երեքից երկուսի դեպքում գտել ու վերադարձրել են, բայց այն, որ գյուղում չիմացան, թե ով էր տանում անասուններին, և նրանք պատասխանատվության արդյոք ենթարկվել են, ստեղծել է մշտական սպառնալիքի զգացում։

«Երեւի իմ գոմը գողերի համար հարմար տեղում էր, գյուղի ծայրամասում, դաշտի մեջ: Բայց հիմա ես տեղը փոխել եմ, նոր գոմ եմ սարքել: Հովվիս ծեծել էին, 3-4 հոգի են եղել ու անասուններին ուզել են տանել սարերի միջով: Արդեն տեղադրվել են տեսախցիկներ, որոնք տեսագրում են 7 կմ հեռավորության վրա, ես ինքս անասնագոմում նույնպես տեղադրել եմ տեսախցիկներ և ազդանշանիչ: Ես չեմ հասկանում, անասուններին այդ ժամանակ կանգնեցրին, բայց տեսախցիկը չբացեցին, որ տեսնեինք գողերին, մարդկանց ովքեր գողացել էին: Իհարկե ոչ մի երաշխիք չկա, որ դու ապահովության մեջ ես»,- ասում է Ատոմ Հողմրցյանը։

karcax4

Սուրբ Կարապետ եկեղեցին

Տնային տնտեսուհին, ում հետ մենք զրուցեցինք, Կարզախի բնակչուհի է, ով Ղարաբաղյան պատերազմից մոտ 4 տարի առաջ մի քանի անգամ եղել է Թուրքիայում: Նա ասում է, որ շփվել է թուրքերի հետ, ամեն ինչ լավ է եղել.

«Բայց պատերազմից հետո վախը նորից իմ մեջ մտավ, երևի այլևս չգնամ»,- ասում է նա, ինքն էլ չհասկանալով, թե կոնկրետ ինչից է վախենում։

«Կարզախ» մաքսակետը համավարակի պայմաններում փակ է մնում քաղաքացիների տեղաշարժի համար, այս սահմանը կարող են հատել միայն մեծ բեռնատար մեքենաները։ Քաղաքացիների տեղաշարժը հնարավոր է միայն «Վալե» անցակետով, որը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալցիխեի մունիցիպալիտետում։

Ջավախքում վախերը հիմնված էին Հայոց ցեղասպանության, այսպես կոչված, գենետիկ հիշողության վրա: Կարզախում սահմանի բացումից հետո Ախալքալաքի բերդի պատերի վրա թուրքերենով գրություն էր հայտնվել՝ «Մենք կվերադառնանք», որն էլ ավելի էր վախեցրել բնակչությանը։ Թեեւ մինչ այժմ պարզ չէ, թե ով էր դա գրել, Թուրքիայից եկած թուրքը, թե կատակելու նպատակով տեղացի հայ էր գրել։ Սակայն թուրքերի հետ շփումը որոշ չափով հաղթահարեց այն մտավախություններն ու լարվածությունը, որ կար նախքան սահմանի բացումը, իսկ Ղարաբաղի պատերազմից հետո կրկին լարվածությունն արթնացավ։

Սահմանը փակվելուց առաջ թուրքերը գալիս էին գյուղ, բնակիչներից միս գնում, խանութում առևտուր անում։
«Մինչ համավարակը թուրքերը հինգ հոգով գալիս էին, ոչխար գնում, մորթում, իրար մեջ բաժանում և տանում Թուրքիա: Սահմանով թույլատրվում է տեղափոխել մինչև 5 կգ միս, հաճախ էին գալիս մսի համար։ Ախալքալաքի շուկայում, գյուղի խանութում առևտուր էին անում, ամիսը երկու անգամ գալիս էին, գնումներ էին անում, այնտեղ գներն ավելի թանկ են, քան այստեղ»,- բացատրում է Կարզախի բնակիչներից մեկը։

Լեզվական պատնեշը չի խանգարում նրանց շփմանը։

«Մեր բարբառում թուրքերեն շատ բառեր կան, հետո ձեռքերով, ժեստերով, գրելով, մի կերպ հասկացնում էինք իրար: Հիմա բեռնատարներն են տանում, հեռախոսով են պայմանավորվում: Թուրքերը նույնիսկ շատ հյուրասեր են, ես մի քանի անգամ եղել եմ այնտեղ: Մենք չենք վախենում, վախ չկա, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մի քիչ խառնվեցին, բայց հիմա ամեն ինչ նորմալ է»։

Հիմնականում կարծախցիները դժկամությամբ էին պատասխանում մեր հարցերին, խոսում էին միայն անունները չբարձրաձայնելու պայմանով։

turk shofer karcax
Բեռնատարի վարորդ Ասլան Աբդուլան

Արմեն Նազարեթյանը Կարզախ գյուղից է, աշխատում է սահմանամերձ գյուղական բենզալցակայանում։ Նրա խոսքով, բնակիչների վերաբերմունքը փոխվել է սահմանի բացումից հետո, երբ սկսել են շփվել.

«Մինչև սահմանի բացումը մտածում էինք, որ նրանք վատն են, բայց հետո տեսանք, որ լավ կարծիք ունեն մեր մասին և մեր կարծիքն էլ փոխվեց: Իրենք էլ են դեմ պատերազմին, և ասում են, որ ուղղակի այս ամենը քաղաքականություն է»,- ասում է նա։

2020 թվականի մարտին՝ համավարակի ժամանակ, Վրաստանը փակեց իր սահմաններն ելումուտի համար, բացառությամբ բեռնափոխադրումների, որոնք մեկ ժամով անգամ չեն դադարել։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, սակայն, Թուրքիայից բեռնափոխադրողներին խորհուրդ է տրվել Վրաստան մուտք գործել ոչ թե Կարզախով, այլ Վալեով։ Որոշ վարորդներ իրենք էին վախենում շրջել հայկական գյուղերով, ոմանք լսեցին խորհուրդներին, իսկ ոմանք էլ, ինչպես տեղաշարժվում էին Կարծախով, այդպես էլ շարունակում էին։ Արդյունքում մի քանի ամիս Կարզախում ավելի քիչ բեռնատարներ կային, քան մինչ Ղարաբաղյան պատերազմը։ Այսօր արդեն աստիճանաբար վերականգնվել է մայրուղով բեռնափոխադրումների ակտիվությունը։ Ցերեկը ժամ չի լինում, որ բեռնատարներ չանցնեն։

Բեռնատարի վարորդ, ազգությամբ թուրք Ասլան Աբդուլան, արդեն մեկ տարի է, ինչ տեղաշարժվում է Կարզախ-Թուրքիա մայրուղով, այս ընթացքում հայերի կողմից ագրեսիա չի տեսել և ոչնչից չի վախենում, գիտի, որ անցնում է հայկական գյուղերով։

Բնակիչները շփվում են նաև մառնեուլցի ադրբեջանցիների հետ, վաճառում կարտոֆիլ ու միս, գնում տարբեր ապրանքներ ու մթերք։ Գյուղում սովորական է դարձել շփումը թե՛ թուրքերի, թե՛ ադրբեջանցիների հետ։

«Ամռանը գալիս են, միրգ, բանջարեղեն են վաճառում, իրենցից ենք գնում, ինչ անենք, հո չենք գնալու Ախալքալաք»,- ասում է տարեց կինը՝ Անահիտ Ասլանյանը։

karcax2
Անահիտ Ասլանյան

Ատոմ Հողմրցյանի հովիվը Մառնեուլից է:

«Համեստ ընտանիք է, ամուսիններն ու երկու երեխաները, ամբողջ ամառ նրանք այստեղ էին, շփվում էին, երեխաները խաղում էին մեր երեխաների հետ: Երբ դասերը սկսվեցին, ընտանիքը մեկնեց Մառնեուլ: Ես նայում էի ու մտածում, թե ինչպես կարելի է երեխաներին ծուռ նայել, ու կարծում եմ յուրաքանչյուր ազգում կան թե՛ վատ, թե՛ լավ մարդիկ»,- ասում է Ատոմ Հողմրցյանը։

Կարզախում շարունակում են ապրել իրենց սովորական կյանքով։ Երբ խոտը թանկանում է, վաճառում են անասուններին։ Հետո շատացնում են անասունների գլխաքանակը, երբ խոտը շատ է լինում։ Խոտը հավաքում են դեզի տեսքով: Թրիքից պատեր են կառուցում, որը ձմռանը վառում են վառարաններում, քանի որ գազ չկա, և չեն մոռանում կողպեքով փակել դռները…

Վերատպման կանոն