Հասարակություն 27 Հունիսի, 2016 • Նրանք պայքարում են, որ չմնան շրջափակման մեջ

Մեծ Խորենիա գյուղի բնակիչները դեմ են, որ իրենց գյուղի կամուրջի վրայով երթևեկեն ավազով բեռնված բեռնատարները, քանի որ վախենում են, որ գյուղը շրջանին կապող կամուրջը կփլվի: Մոտակայքում գտնվող ավազահանքի ժամանակավոր սեփականատերը պայքարում է, որ այդտեղով դուրս բերի ավազը:

Մեկ շաբաթից ավելի է ինչ Խորենիա գյուղի բնակիչները քուն ու դադար չունեն: Նրանք յուրաքանչյուր լուսաբաց դիմավորում են՝ «այսօր ի՞նչ է լինելու, ու՞մ են վախեցնելու» խոսքերով: Բնակիչների մտահոգությունն իր բացադրությունն ունի: Բանն այն է, որ Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղում գտնվող ավազահանքից ավազ տանող բեռնատար մեքենաները սկսել են անցնել գյուղամիջյան ճանապարհով: Իսկ խորենեցիները վախենում են, որ գյուղի միակ կամուրջը (կառուցված դեռևս 1962 թվականին) կփլվի և գյուղը կհայտնվի շրջափակման մեջ: Բնակիչները կանգնում են բեռնատարների առջև, չթողնելով նրանց անցնել, իսկ ոստիկանները, տուգանքների և այլ միջոցներով վախեցնում են բնակիչներին, որպեսզի նրանք չխոչընդոտեն բեռնատարների երթևեկությունը:

«Այս պատմությունը նոր չի ստեղծվել, արդեն 7-8 տարի է գյուղը պայքարում է կամազների դեմ: Ավազահանքը գտնվում է Թորիա գյուղում, իրենք չկարողացան ճանապարհ գտնել, Թորիայի միջով չթողին, Ղաուրմայի միջով չթողին, Կարտիկամի՝ բավրացիները չթողին, մարտունեցիները չթողին, այսօրվա դրությամբ ուզում են մեր գյուղով տանեն»,- ասաց Մեծ Խորենիա գյուղի բնակիչը:
6
Գյուղի տարեց բնակչի խոսքով, 23 լույս 24-ի գիշերը ոստիկանները տուգանքի կտրոն են բաժանել այն 5 խորենեցիների, ովքեր տեղական հեռուստատեսությանը հարցազրույց են տվել և իրենց խոսքում նշել են, որ փակել են բեռնատարների ճանապարհը (այդ իսկ պատճառով մենք չենք հրապարակում մեր զրուցակիցների անունները):

Տուգանված երիտասարդներից մեկի մայրը ոստիկաններին տեսնելով վատացել է, ճնշումը բարձրացել է և նա սկսել է դողալ:
«Ոստիկանները եկան, եղբորս դուրս կանչեցին, մայրս վատացավ, շտապօգնություն զանգեցինք, որն էլ 2 ժամ ուշ եկավ: Ոստիկանները մի թուղթ տվեցին վրացերենով, ասացինք չենք հասկանում թարգմանեք, որ ստորագրենք: Չթարգմանեցին, մենք էլ չվերցրեցինք, ինչ գիտենանք ինչ թուղթ է»,- ասաց այն երիտասարդի քույրը, ում անունով տուգանք են գրել:

Գյուղի բնակիչները ոստիկանության կողմից նման քայլերը ընկալում են, որպես իրենց դեմ դավադրություն:
«Այսօր ոստիկանապետի տեղակալն էր եկել, ասի արի տես էդ կնոջ վիճակն ինչ է, եթե մի բան պատահի, ո՞վ է պատասխան տալու»,- ասաց գյուղի տարեց բնակիչը:

Հունիսի 26-ին հերթական անգամ խորենեցիները հավաքվեցին, որպեսզի չթողնեն բեռնատարներին անցնել գյուղի միջով: Գյուղի կանայք տղամարդկանց կողքին կանգնած պայքարում էին: Արդյունքում գործը հասավ լեզվակռվի և վիրավորանքների:

Առանց մեկնաբանության ներկայացնում ենք որոշ կադրեր հունիսի 26-ի Խորենիայի իրադարձություններից:

«Կամազներին չենք թողնում անցնեն, իսկ ոստիկանները գալիս վախեցնում են, ասում են, չես թողնում, մեքենան վրայիցդ կանցնի: 2 հոգի փող են վաստակում, իսկ 800 հոգի տուժում», — ասաց մի կին:

Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի մոտ գտնվող ավազահանքը Վրաստանի կառավարությունը ժամանակավոր սեփականության է հանձնել Հարություն Խաչատրյանին: Վերջինս մինչև սեպտեմբեր ամիս հանքը շահագործելու իրավունք ունի: Արդեն 7 տարի է Հարություն Խաչատրյանը շահագործում է ավազահանքը: Սկզբից հինգ տարով է իրավունք ստացել հանքը շահագործելու, այնուհետև՝ երկու:

«6 տարի է նույն պատմությունն է, չեն թողնում աշխատել: Տարեկան 15-20 օր եմ աշխատել, միշտ այսպես են անում: Գյուղից էլ, սարով էլ ճանապարհ կա: Սարի ճանապարհն անանցանելի է, մասնագետները գնահատեցին, որ ճանապարհը պիտանի չէ երթևեկության համար: Հենց անձրև է գալիս անհնար է անցնել, մեքենան խրվում է: Լսեցեք, եթե հնարավոր լիներ այլ ճանապարհով տանել, ինձ հաճելի չէ այսքան վիրավորանքները լսել: Ինչքան ավազ կա ծախեմ, չեմ կարող այդ ճանապարհը սարքել», — ասաց Հարություն Խաչատրյանը:
1
Մեծ Խորենիայի գյուղամիջյան ճանապարհի երկարությունը ավազահանքից մինչև Ախալքալաք 15 կմ, իսկ գյուղը շրջանցող հողային ճանապարհով՝ 10 կմ, սակայն վերջինս այսօրվա դրությամբ անանցանելի է դարձել:

Բեռնատարի դեմ կանգնած կանայք ասում են, որ մի ճանապարհ տվել են, իսկ գյուղի միակ ճանապարհը չեն թույլ տա շարքից հանելու:
«Կամուրջը ի սկզբանե կառուցել են սայլի և մարդատար մեքենաների համար, հիմքերը արդեն քանդվել է, եթե մի ամիս էլ մեքենաները բեռնված անցեն՝ կփլվի և գյուղը կհայտնվի շրջափակման մեջ: Հին ճանապարհը տվինք իրենց, քանդեցին: Հիմա ուզում են կամուրջը քանդեն», — ասաց մի կին:

Բնակիչները դիմել են տարբեր ատյաններ. տեղական իշխանության, ՆԳՆ, նահանգապետարան: Նահանգապետը խոստացել է օգնել հարցը կարգավորել, և այսօր խորենեցիները սպասում են նրա գործողություններին:
2

7
Ախալքալաքի շրջանի Մեծ Խորենիա գյուղը վերջին մարդահամարի տվյալներով 611 բնակիչ ունի: Այս գյուղը կարելի է ասել շրջանի եզակի գյուղերից մեկն է, որ արտագաղթը չի դատարկել: Չնայած գյուղում ապրելը բարդ է, այնուամենայնիվ մարդիկ կառչած են սեփական հողին:

Անցյալ տարի գյուղացիք փող են հավաքել գյուղամիջյան ճանապարհները հարթեցնելու համար, քանի որ ճանապարհների պատճառով նույնիսկ շտապօգնույթան մեքենաները և տաքսիները խուսափել են գյուղ գալ:

Իսկ մինչ այդ գյուղում տիրում է լարված մթնոլորտ: Յուրաքանչուր անծանոթ մեքենայի գյուղի բնակիչները մանրակրկիտ ուսումնասիրում են: Նրանք սեփական անվտանգության համար, ամեն ինչ ու բոլորին տեսանկարահանում են, որպեսզի կարողանան պաշտպանել սեփական իրավունքները: Մեր խոսակցությունը ևս ձայնագրվում էր:

Աղունիկ Այվազյան

Վերատպման կանոն