
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով, Բոդբեի եպիսկոպոս Յակոբին Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցի ղեկավար նշանակելուց հետո, Առողջապահության նախարարությունը կշարունակի ապինստիտուցիոնալացման գործընթացը:
Նախարարի խոսքով` երեխաներին ընտանիքներ կամ այլընտրանքային հաստատություններ տեղակայելու գործընթացը շարունակվում է:
«Ինչպես արդեն նշվեց, Առողջապահության նախարարությունը և Պատրիարքարանը, միջազգային գործընկերների մասնակցությամբ և աջակցությամբ, կգնահատեն և կհանձնեն երեխաներին իրենց ընտանիքներին կամ այլընտրանքային ծառայություններին: Յուրաքանչյուր երեխայի վերաբերյալ որոշում կկայացվի անհատապես` հիմնված սոցիալական աշխատողների և հոգեբանների գնահատման վրա: Առողջապահության նախարարությունը կշարունակի ապինստիտուցիոնալացման գործընթացը` համագործակցելով Գերաշնորհ Յակոբի հետ», – ասել է Տիկարաձեն:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին հայտնի էր դարձել, որ մանկատան նախկին ղեկավարն ինքնակամ հեռացել էր իր պաշտոնից և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի որոշմամբ նրա փոխարեն նշանակվել էր սրբազան Յակոբը:
Վերջին տվյալների համաձայն՝ 22 երեխա մնում է մանկատանը, որի շուրջ սկանդալ էր եղել: Հաստատությունից անչափահասներին անհապաղ տեղափոխելու մասին դատարանի որոշման ժամանակ այնտեղ ապրում էր շուրջ 150 երեխա: